Դեկորատիվ ջրավազաններում լողացողները կարող են վարակվել աղիքային և մաշկային հիվանդություններով

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | July 31, 2009 15:54

Սկսվել են հանրապետության բաց ջրամբարների և բնակավայրերում տեղակայված դեկորատիվ ջրավազանների ջրի որակի հետազոտությունները:

«Ստուգումներն իրականացվում են բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման, այդ թվում` ջրային գործոնով պայմանավորված մանրէածին հիվանդությունների առաջացումը կանխելու նպատակով»,-ասում է Սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային տեսչության շրջակա միջավայրի և կոմունալ հիգիենայի բաժնի պետ Աիդա Պետիկյանը:

Ըստ նրա՝ դեկորատիվ ջրավազանները նախատեսված չեն լողալու համար, սակայն հատկապես երեխաները հաճախ են լողում դրանցում. ջրավազանների ջուրը չի քլորացվում,  չկան համապատասխան մաքրման և վարակազերծման համակարգեր, որն անհրաժեշտ է լողալու համար:

Պետիկյանն ասում է, որ այդ լողավազաններում լողում են նաև շները, կատուները և հնարավոր չէ երաշխավորել ջրի անվտանգությունը:

Եթե տեսչությունը հայտնաբերում է ջրի որակի շեղումներ դեկորատիվ ջրավազաններում, ապա առաջարկում է Երևանի քաղաքապետարանին փակցնել լողալն արգելող վահանակներ, իսկ ոստիկանությանը` վերահսկում իրականացնել:

Երևանի քաղաքապետարանից «Արմենպրես»-ին տեղեկացրել են, որ բոլոր վայրերում, որտեղ լողալն արգելված է, համապատասխան ցուցանակներ են փակցվել:

Պարբերաբար, ըստ Պետիկյանի, քարոզչական աշխատանքներ են իրականացվում` տեղեկացնելով, որ երեխաներին չթույլատրեն լողալ դեկորատիվ ջրավազաններում:

«Դրանցում կարող են լինել կոտրված շշերի մնացորդներ: Երեխաները ոչ միայն կարող են վնասվել, այլև աղիքային, մաշկային հիվանդություններով վարակվել, աչքի բորբոքումներ ստանալ»,- ասում է Պետիկյանը:

Ըստ Պետիկյանի՝ դեկորատիվ ջրավազաններից հիվանդությունների զանգվածային բռնկումներ այս տարի չեն արձանագրվել, սակայն չի բացառվում, որ առանձին դեպքեր եղել են:

Դիտվել է 1808 անգամ:
Print Friendly

Leave a Reply