Երևանի քաղաքապետն ընդունեց Ուկրաինայի դեսպանին

Պաշտոնական, Օրվա լուր | | January 12, 2011 19:54
Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հունվարի 12-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Ուխտային:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Երևանի և ուկրաինական քաղաքների միջև համագործակցության ծրագրերին առնչվող խնդիրներ:
Երևանի քաղաքապետը նշեց, որ երկու պետությունների քաղաքների, մասնավորապես Երևանի և Կիևի, Օդեսայի միջև գործնական կապեր հաստատելու պայմանագրեր կան կնքված և, հաշվի առնելով առկա համագործակցության ներուժը, պետք է առաջիկայում էլ ավելի զարգացնել ու ընդլայնել գործակցությունը երկու պետությունների քաղաքների միջև:
Իվան Ուխտայի խոսքով` Ուկրաինայում շուրջ 350 հազար հայ է բնակվում, ովքեր լուրջ ներդրում ունեն երկրի ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական կյանքում:

Ըստ դեսպանի` երկու երկրների քաղաքների միջև գործընկերային կապերի էլ ավելի ամրապնդումն ուղղակի անհրաժեշտություն է:
Ուկրաինայի դեսպանը Երևանի քաղաքապետին ներկայացրեց ուկրաինական <<Բոգդան>>ընկերության նոր արտադրանքի նմուշները` նշելով, որ ընկերությունը  Երևանի քաղաքապետի հետ հանդիպման ցանկություն է հայտնել` քննարկելու իրենց արտադրած  ավտոբուսներն ու տրոլեյբուսները Երևանին տրամադրելու հետ կապված խնդիրներ:
Կարեն Կարապետյանը նշեց, որ քաղաքապետարանն առաջիկայում նախատեսում է տրանսպորտի կառավարման նոր մոդելի մշակման ուղղությամբ լուրջ ծրագրեր իրականացնել և պատրաստ է ընդառաջել մայրաքաղաքի զարգացմանն առնչվող բոլոր առաջարկներին և նախաձեռնություններին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Դիտվել է 990 անգամ:
Print Friendly

Leave a Reply