Երևանի քաղաքապետը ներկայացրեց Արաբկիր վարչական շրջանի նոր ղեկավարին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 11, 2011 20:26

Հունվարի 11-ին Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմին ներկայացրեց վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Էդուարդ Մուշեղյանին։
Քաղաքապետը շնորհակալություն հայտնեց Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Համլետ Մարգարյանին աշխատանքի համար` միաժամանակ նշելով, որ վարչական շրջանի նոր ղեկավարից ու աշխատակազմից ակնկալում է համակարգված, արդյունավետ, կարգապահ և սրտացավ աշխատանք։
Կարեն Կարապետյանը վարչական շրջանի համար որպես կարևոր անելիք մատնանշեց գույքագրումը, որը ներառում է բնակչության սոցիալական խնդիրների, բազմաբնակարան շենքերի, համատիրությունների, կրթամշակութային կենտրոնների, այգիների, պուրակների, փողոցների, բակային տարածքների առկա վիճակի գնահատում։

<<Եթե մենք կարողանանք վարչական շրջանի անձնագիրն ու ախտորոշումը ճշգրիտ կազմել, կկարողանանք նաև արդյունավետ կառավարել։ Վարչական շրջանի գործառույթը բնակչության և այդ տարածքում գտնվող իրավաբանական անձանց համար առավել հարմարավետ պայմանների ստեղծումն է>>,- նշեց Կարեն Կարապետյանը` հավելելով« որ վարչական շրջանը պետք է բաց լինի և հստակ իմանա, թե բնակիչն ինչի կարիք ունի։ Վարչական շրջանը պետք է կարողանա նաև կանխատեսել, թե մոտ ապագայում ինչպիսի խնդիրներ կարող են ծագել։

Քաղաքապետը նշեց, որ, վարչական շրջանների ղեկավարներից ամենամսյա հաշվետվություններ է պահանջելու` ընդգծելով, որ քաղաքային կառավարման համակարգի բարելավումը քաղաքապետարան, վարչական շրջան և համատիրություն մակարդակներում անհրաժեշտություն է։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 2885 անգամ:
Print Friendly

Leave a Reply