ՀՀ ՊՆ Ռազմական ինստիտուտը նշում է իր 15-ամյակը. Հանրապետության հրապարակում շքերթ է

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 30, 2009 13:24

mhm43092-copyԱյսօր առավոտյան Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտի ստեղծման 15-ամյակին նվիրված շքերթը:

ՀՀ զինված ուժերի կրտսեր հրամանատարական կազմն արհեստավարժ սպայական կադրերով համալրելու նպատակով ՀՀ կառավարության 1994 թ. հունիսի 24-ի թիվ 279 որոշմամբ կազմավորվեց ՀՀ ՊՆ բարձրագույն զինվորական բազմաբնույթ հրամանատարական ուսումնարանը /ԲԶԲՀՈՒ/: 1998թ. հունվարի 16-ին  ՀՀ ՊՆ ԲԶԲՀՈՒ-ն վերակազմավորվեց ռազմական ինստիտուտի, իսկ 1999թ. այն վերանվանվեց ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ:

2001թ. մայիսից ռազմական ինստիտուտում ուսուցումն իրականացվում է 2 հիմնական մասնագիտություններով` մոտոհրաձիգներ և հրետանավորներ:

Ռազմական ինստիտուտի կառուցվածքում գործում են 10 գիտական ամբիոններ, որոնցից 6-ը` ռազմամասնագիտական, 4-ը` հասարակագիտական: Կրթությունը տևում է 4 տարի, որի ընթացքում  կուրսանտներն ապահովվում են սննդով, հանդերձանքով, կացարաններով, ստանում կրթաթոշակ:

Ռազմական ինստիտուտի շրջանավարտներն ստանում են քաղաքացիական բարձրագույն կրթություն` ձեռք բերելով բակալավրի աստիճան և ռազմական մասնագիտական կրթություն` ստանալով «լեյտենանտ» առաջին զինվորական կոչում, որից հետո վիճակահանությամբ ծառայության են նշանակվում ՀՀ զինված ուժերում:

Այսօր ռազմական շքերթի ժամանակ Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է ինստիտուտի հիմնադրման 15-ամյակի և ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական արարողության կապակցությամբ:

«Այսօր մենք վկան ենք նշանակալի իրադարձության` Հայաստանի ռազմաուսումնական հաստատությունների այս տարվա ավարտական արարողությանը: Մի քանի օր հետո այսօրվա շրջանավարտներն սկսելու են սպայի դժվարին, բայց անչափ պատվաբեր իրենց կենսագրության առաջին էջը, համալրելու են նրանց կուռ շարքերը, ովքեր աներեր և պատվախնդրորեն կանգնած են ազգային-պետական գերակա խնդրի` ՀՀ սահմանների պաշտպանության և անվտանգության ապահովման առաջին գծում»,-ելույթում ասել է ՀՀ նախագահը:

Սարգսյանը շեշտել է, որ «մեզ պատերազմով սպառնացողներին մենք հիշեցնում ենք աստվածաշնչյան խոսքը` սուր բարձրացնողը սրից կընկնի: Այս բառերի անհերքելի ճշմարտացիությունն իրենց կյանքով ու մաքառումով վերահաստատել են մեր ժողովրդի լավագույն զավակները` մեր հայրերի սերունդը, մեր սերունդը, իմ սերունդը: Թող ոչ ոք չկասկածի` հարկ եղած դեպքում նույնը կլինի նաև այսօր»:

Նախագահը ևս մեկ անգամ ընգծել է. «Վստահ եղեք, որ նախորդ տարիների նման այսուհետ ևս բանակի կատարելագործման, բարձրակարգ սպայական կադրերով համալրման, սպաների, նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանվածության խնդիրները շարունակելու են մնալ ՀՀ կառավարության և անձամբ իմ գործունեության գերակայություններից մեկը: Այլ կերպ չի էլ կարող լինել»:

Կեսօրից հետո  Ռազմական ինստիտուտում տեղի կունենա նաև ռազմաուսումնական հաստատությունների 2009թ. շրջանավարտների հետագա ծառայության վայրի որոշման վիճակահանությունը:

Դիտվել է 2135 անգամ:
Print Friendly

Leave a Reply