Պարեցին բոլորը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 31, 2010 10:10

Մարզասերներին արդեն տեղյակ ենք պահել, որ երեկ «Օջախ» ռեստորանում կայացած Հայաստանի հավաքական թիմերի մարզիկների և մարզիչների պարգևատրման ամանորյա հանդիսության ժամանակ մրցաշրջանի ընթացքում աչքի ընկնողներին հանձնվել են պարգևներ, շնորհվել մի շարք կոչումներ: Ամենամեծ պարգևներին արժանացան  Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի անցկացրած հարցման արդյունքով 2010-ին լավագույն ճանաչված 10 մարզիկները: Սա նորություն է, քանի որ տարիներ են եղել, որ տասնյակի մարզիկներից ոմանք անգամ դրամական մրցանակ չեն ստացել: Ընդ որում, տարբերակում չկատարվեց և բոլորին էլ հանձնվեց «Լադա» մակնիշի ավտոմեքենա: Դրանից բացի, նրանք ստացան նաև դրամական մրցանակներ: Մարզաշխարհի ներկայացուցիչների ավանդական դարձած այս միջոցառումը, որպես կանոն, անցնում է անկաշկանդ մթնոլորտում: Մարզիկներին պարգևներն էլ հանձնում է երկրի նախագահը: Սերժ Սարգսյանը ողջույնի խոսք ասաց և նշեց, որ 2011-ին մեր երկրի ներկայացուցիչներին լուրջ փորձություն է սպասելու օլիմպիական վարկանիշային մեկնարկներւմ, խնդիր դրվեց նաև 2012-ին Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերւմ արժանանալ ավելի բարձր պարգևների, քան նախորդ ստուգատեսում: Ինչպես հայտնի է,  2008-ին Պեկինում կայացած խաղերում մերոնք միայն բրոնզե մեդալների էին տիրացել: Ի դեպ, հանդիսությանը ներկա էր նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա մոտեցավ խոսափողին, սակայն հրաժարվեց ելույթից, կատակելով, որ մեկ երեկոյի համար բավական է մեկ նախագահի ելույթը: ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը թանկարժեք քարերից պատրաստված արծիվներ նվիրեց երկու նախագահներին: Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, Սամվել Ալեքսանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արամ Սաֆարյանը:  Հանդիսությունն ուրախ անցավ: Վերջում պարեցին բոլորը, նաև երկրի երկու նախագահները:

Դիտվել է 1046 անգամ:
Print Friendly

Leave a Reply