Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանն առաջատարների խմբում է
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | December 30, 2010 12:07Հոլանդիայի Գրոնինգեն քաղաքում ընթացող շախմատի միջազգային մրցաշարում, որի ավարտին մնացել է մեկ տուր, Զավեն Անդրիասյանն առաջատարների խմբում է:Մեր երկրի ներկայացուցիչը 8-րդ տուրում մրցեց աղյուսակը գլխավորող բուլղարացի Դեյան Բոյկովի հետ: Նրանից հայ գրոսմայստերը հետ էր մնում կես միավորով: Չնայած, Անդրիասյանը մեծ ջանքեր թափեց, սակայն չկարողացավ հաղթել մրցակցին: Պարտիան ավարտվեց ոչ-ոքի: Իսկ ահա, մրցաշարի մեկ այլ հայ մասնակից` Վահե Բաղդասարյանը, երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ: Նրա մրցակիցը հոլանդացի Ժուլիան վան Օվերդոնն էր: Մրցաշարային աղյուսակը 6-ական միավորով գլխավորում են 4 շախմատիստներ: Անդրիասյանն ունի 5,5 միավոր և մի խումբ շախմատիստների հետ բաժանում է 5-8-րդ տեղերը: Վահե Բաղդասարյանը վաստակել է 4,5 միավոր և 16-26-րդ տեղերը զբաղեցնողների թվում է :