Վառվռուն երանգներ, ոչ ստանդարտ միաձուլում՝ ամառվա գունային միտումը

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | July 29, 2009 20:09

img_79101Գունային նորաձևության մեջ այս ամառ իշխում է ազատության և անհատականության ոգին:
«Pantone» ամերիկյան բրենդը, որ աշխարհում հայտնի է որպես պրոֆեսիոնալ գունային չափանիշների մատակարար դիզայնի արդյունաբերության ոլորտում, 2009-ի գունային չափանիշները բնորոշել է մեկ բառով՝ անկախություն:

«Pantone» ընկերության նորաձևության, տան և ներքին հարդարման բաժանմունքի փոխնախագահ Թոդ Շուլմանը հայտարարել է, թե «Pantone» կարծես մի վճռորոշ բանալի է, որ գունային ուղղություն է ներմուծում բիզնեսի և արդյունաբերության լայն ոլորտներ: Ըստ նրա` այս ամառ ընկերությունն առաջարկում է յոթ գույն, որոնք արտահայտում են անհատականություն ու ստիպում մարդկանց գերազանց ու ինքնավստահ զգալ: Դրանք են տաք վարդագույն երանգով կարմիրը, դեղնավարդագույնը, վառ կապույտն ու փիրուզագույնը, վառվռուն ու թարմ կանաչը, ծիրանագույնն ու մոխրագույնը` ոչ թե մռայլ, այլ կապտականաչավուն երանգով:

Բազմերանգ գույների միաձուլումն ու դրանց աբստրակտ լուծումներն արդեն հայտնվել են եվրոպական նորաձևության հայտնի դիզայներների հավաքածուներում. կանանց կոշիկները, հագուստն ու աքսեսուարները հագեցած են բոլորովին նոր ոճով՝ գույներ, գույներ ու էլի գույներ…

Նարնջագույնն ու դեղինն իրենց ամենատարբեր երանգներով տեսնում ենք Christian Dior-ի, Paul Costelloe-ի և այլ հայտնի դիզայներների նոր հավաքածուներում:
Կարմիրն օգտագործված է Jean-Paul Gaultier-ի, Diane von Furstenberg-ի հավաքածուներում: Սակայն այստեղ կարելի է հանդիպել ոչ միայն դասական, այլև դեղնավուն, վարդագույն երանգներով հագեցած կարմրի:
Վարդագույնի սիրահարներն այս ամառ կարող են լիակատար ու ինքնավստահ զգալ իրենց, քանի որ այն ևս շատ նորաձև է: Վարդագույնը շռայլորեն օգտագործվել է Andrew Gn-ի և Marc Jacobs-ի երեկոյան զգեստների և ամենօրյա հագուստի մի ողջ տեսականու մեջ:
Կանաչն առաջարկում է երանգային ամենամեծ ընտրությունը: Փիրուզի, արևադարձային կանաչի, խակ լիմոնի երանգները ներկայացված են Reem Acra-ի, Lela Rose-ի, Alberta Ferretti-ի հավաքածուներում:
Իսկ կապույտը, որ նորաձև էր ողջ 2008-ին, այս ամառ դարձել է սեզոնի համար մեկ գույնը: Երեկոյան զգեստներին, ամենօրյա թեթև հագուստին, անգամ սպորտային հանդերձանքին շռայլ ու հարուստ տեսք կհաղորդի կապույտն իր բազմաթիվ երանգներով: Այն հատկապես գեղեցիկ կդիտվի թավշյա ու մետաքսե կտորեղենի վրա: Նորաձևության ամենահայտնի տների՝ DKNY-ի և Gucci-ի նոր հավաքածուներում հենց վառ կապույտն է ամենագլխավոր դիրքերում:
Հարսանեկան տոնակատարությունների ձևավորման համար այս տարի առաջարկվում է օգտագործել բաց երկնագույնը կամ նարնջագույնը:

Դիտվել է 2763 անգամ:
Print Friendly

Leave a Reply