«Լույսը» բացվեց. լավագույն բուհերում սովորելու կրթաթոշակ հայերին

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | May 29, 2009 10:41

sayt-1Աշխարհի բարձր վարկանիշ ունեցող բուհեր ընդունված 18-40 տարեկան հայ ուսանողները կարող են ստանալ կրթաթոշակ ուսումնառության ողջ ընթացքում: Կրթաթոշակը կտա հանրապետության նախագահի ու վարչապետի հիմնադրած «Լույս» հիմնադրամը: Դիմումները կընդունվեն www.luys.am կայքի միջոցով: Դիմումների ընդունման վերջնաժամկետը մայիսի 31-ն է: Թե ինչքան դիմում է եղել, հայտնի չէ: «Անկախ»-ի` հիմնադրամի գործադիր տնօրեն Ժակլին Կարասլանյանին ուղարկած հարցերը մնացին անպատասխան:

«Լույս» հիմնադրամը պաշտոնապես ստեղծվել է 2008-ի ապրիլի 18-ին, որը կառավարության ընդունած հայեցակարգով պետք է կրթաթոշակ տրամադրեր աշխարհի բարձր վարկանիշ ունեցող ԲՈՒՀ-եր և գիտակրթական կենտրոններ ընդունված հայաստանցիներին և այն սփյուռքահայերին, ովքեր կապացուցեն իրենց հայկական ծագումը: Սակայն հիմնադրամը սկսեց գործել մոտ մեկ տարի ուշացումով` մայիսի 18-ին, իսկ հայեցակարգն էլ դեռ չի ընդունվել:

Հիմնադրամը կազմել է ԱՄՆ-ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Սինգապուրի, Ճապոնիայի` բարձր վարկանիշ ունեցող այն 24 ԲՈՒՀ-երի ցանկը, որտեղ ընդունվողները կստանան կրթաթոշակ:
Կրթաթոշակ կարող են ստանալ նաև այլ բուհեր ընդունվածները, ովքեր փաստաթղթերով կապացուցեն, որ իրենց ընտրած բուհի այդ բաժինը բարձր վարկանիշ ունի:

product-copy-1«Բուհերի հաստատված ցանկն իրոք որ գովելի է և սպառիչ,-ասում է հիմնադրամի գաղափարի և կառավարությանը ներկայացված հայեցակարգի հեղինակ, ՀՀ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, ֆիզիկայի դոկտոր Արթուր Իշխանյանը ,-այդ բուհեր ընդունված ուսանողներին կրթաթոշակ հատկացնելը պարտադիր է: Մյուս կողմից, լավ է նաև, որ այլ բուհեր ընդունված ուսանողներն էլ կարող են դիմել` կրթաթոշակ ստանալու համար»: Սակայն, ըստ Իշխանյանի, հիմնադրամը մի փոքր շեղվել է նախագծի հեղինակների մշակած հայեցակարգից, որի հետևանքով կարող է կոռուպցիա առաջանալ. «Մենք նախատեսել էինք, որ ուսանողներին կրթաթոշակ հատկացնելը կամ մերժելը պետք է լինի հրապարակային: Պետք է հրապարակվեին կրթաթոշակ ստացող ուսանողների և այն բուհերի անունները, ուր նրանք ընդունվել են, իսկ մերժումներն էլ պետք է հստակ հիմնավորում ստանային, որպեսզի ամեն ուսանող պատկերացներ, թե ինչ չափանիշներ են գործում»: Հիմնադրամն այս տարի հուլիսի կեսերին նոր միայն կտեղեկացնի դիմորդներին, թե ովքեր են ստանալու կրթաթոշակ և ում դիմումն է մերժվել: Սակայն, ըստ Իշխանյանի, բացառված չէ, որ առաջատար բուհերում սովորող մի քանի ուսանողների հետ կրթաթոշակ հատկացվեն նաև այն ուսանողներին, ովքեր սովորում են ոչ բարձրակարգ բուհերում:

Իշխանյանը թերություն է համարում նաև այն, որ կրթաթոշակ հատկացվելու է 18 տարին լրացածներին. «Բազմաթիվ են 16-17-ամյա երեխաները, ովքեր միջազգային օլիմպիադաների և մրցույթների մասնակցության միջոցով ընդունվում են առաջատար համալսարաններ: Նրանք, որպես կանոն, բացառիկ օժտված երեխաներ են: Եվ ճիշտ չէ այս մարդկանց մերժել միայն այն պատճառով, որ չափահաս չեն»: Նաև թերություն է համարում, որ դիմումների ընդունման վերջնաժամկետը մայիսի 31-ն է (ուսանողները հիմնադրամին դիմելու պահին պետք է արդեն ընդունված լինեն արտասահմանյան բուհ), մինչդեռ մոսկովյան բուհերում ընդունելությունը կատարվում է հուլիսին. «Նախնական տարբերակում մենք նշել էինք, որ փաստաթղթերի ընդունելությունը պետք է կատարվեր ամբողջ տարվա ընթացքում, դիմումը հանձնելուց հետո 30 օրվա ընթացքում էլ ուսանողին պետք է տեղյակ պահեին` կստանա կրթաթոշակ, թե ոչ»:

Իրավաբան Գայանե Մելքում-Մելքումյանն ընդունվել է «Լույս» հիմնադրամի վարկանիշային ցուցակում ներառված Կանադայի McGill համալսարանի մագիստրատուրա: Սակայն Գայանեն դեռ չգիտի, թե արդյոք կհասցնի մինչև մայիսի 31-ը դիմել հիմնադրամ. «Պակաս փաստաթուղթ կա, որ համալսարանն ինձ կտա միայն հունիսին ,-ասում է Գայանեն,- ցավալի կլինի, որ մի թղթիկի պատճառով զրկվեմ ծրագրին մասնակցելու հնարավորությունից»: Գայանեն նաև չգիտի, թե որքան ֆինանսավորում կտրվի իրեն փաստաթղթերը ներկայացնելու դեպքում. «Այդ մասին հստակ ոչ մի տեղ չի խոսվում: Միայն մի անգամ ինձ տիկին Կարասլանյանն ասաց, որ հնարավոր է` կրթաթոշակը կախված լինի նրանից, թե իմ բուհն ինձ ինչքան կրթաթոշակ կհատկացնի»:

Կայքը տեղեկացնում է, որ կրթաթոշակ ստացածները պետք է ամեն տարի Հայաստանում մասնակցեն հայոց լեզվին, պատմությանը և մշակույթին վերաբերող 6-շաբաթյա դասընթացների: Իսկ ուսումն ավարտողները, որպեսզի գան Հայաստան, նրանց աշխատավարձին հիմնադրամը հավելավճար կավելացնի, որ ունենան միջազգային շուկայում մրցունակ աշխատավարձ:

Դիտվել է 3397 անգամ:
Print Friendly

Leave a Reply