Զարմանալի անփույթ վերաբերմունք

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | December 31, 2010 9:12

Նամականիշները դրամական արժեք ունեն: Փաստորեն, նամականիշները դրամանիշներից տարբերվում են միայն նրանով, որ դրամի վրա համարակալում է կատարվում, իսկ նամականիշերի վրա` ոչ:  Ու թեև դրամանիշները հաշվառվում են, իսկ նամականիշներն  այդպիսի  կանոնի չեն ենթարկվում, այդուհանդերձ, մի շարք երկրներում շատ խիստ է  կատարվում թողարկված նամականիշների հսկողությունը, դրանով զբաղվում է ոստիկանությունը:

Հայաստանում այդ ամենին մատների արանքով են նայում, և դժվար չէ ենթադրել, որ  հավանական են մի շարք չարաշահումներ, առավել ևս, որ այդ նամականիշների խմբաքանակները տպագրվում են արտասահմանյան տարբեր երկրներում, և դրանց պատրաստման վայրերը շարունակ փոխվում են: Դա էլ անհասկանալի է և մեկ այլ խոսակցության թեմա է: Սակայն հիմնական մտահոգությունն այն է, որ այս եկամտաբեր գործին պատշաճ ուշադրություն չի դարձվում: Դրանք ուշացումով են տպագրվում: Գոյություն ունի այդ աշխատանքների  կատարման ժամանակացույց, սակայն այն չի պահպանվում:

Մասնավորապես, այս տարի պետք է թողարկվեր 61 նամականիշ, բայց միայն մեկ տասնյակ նամականիշ է տպագրվել, այն էլ` ուշացումով: Մինչդեռ նամականիշները նվիրված են լինում ուշագրավ իրադարձությունների, հոբելյանների, իսկ դրանց ուշացած պատրաստումը պարզապես անիմաստ է դարձնում աշխատանքը: Օրինակ` մարզական թեմաներով նամականիշները  պետք է տպագրվեն խոշորամասշտաբ իրադարձությունների շեմին, և այդպես էլ  ծրագրվում է:  Բայց այն, ինչ կատարվում է, վեր է ամեն սպասվածից: Այսպես, այս տարի Կանադայի Վանկուվեր քաղաքում կազմակերպված ձմեռային օլիմպիական խաղերին նվիրված նամականիշը հրապարակ եկավ դրանց ավարտից  տևական ժամանակ անց: Մինչդեռ այն պետք է լիներ  2010-ի առաջին եռամսյակում: Երկրորդ եռամսյակում պետք է տպագրվեր Սինգապուրի պատանեկան օլիմպիական խաղերին նվիրված նամականիշը: Դրան հաջորդելու էր բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանին, աթլետ Ֆաինա Մելնիկին, ծանրորդ Յուրի Վարդանյանին նվիրված նամականիշների գեղաթերթիկի տպագրությունը: Երրորդ  եռամսյակում նախատեսված էր ֆուտբոլի աշխարհի առաջնությանը նվիրված նամականիշի թողարկումը: Մինչդեռ պատանեկան օլիմպիական խաղերին, օլիմպիական խաղերի չեմպիոններին, ֆուտբոլի աշխարհի առաջնությանը նվիրված նամականիշները միայն վերջերս են վաճառքի հանվել:

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ուսումնական մասի վարիչ, պրոֆեսոր Յուրի Կուպալյանը, օլիմպիական 5 խաղերի օրերին կազմակերպված նամականիշների հավաքածուների մրցույթ-ցուցահանդեսներում ներկայացնելով մարզական թեմաներով  նամականիշների իր հավաքածուները,  նվաճել է  15 մեդալ` 1 ոսկե, 7 արծաթե և 7 բրոզե: Նաև երկար տարիներ Հայաստանի կապի և տրանսպորտի նախարարության նամականիշների թողարկման հանձնաժողովի անդամ է: Նրա համար ուղղակի անհասկանալի է, թե ինչու է այդպիսի վիճակ: Մեր այն հարցը, թե հնարավո՞ր է, որ պատճառը նախարարության և «Հայփոստի»  միջև եղած հակասությունները լինեն, նա բացառեց: Պարզապես ասվեց, որ ամեն բան «Հայփոստի» ներկայացուցիչների հայեցողությամբ է կատարվում: Ու եթե արտասահմանյան երկրներում տարբեր կազմակերպություններ են նամականիշների թողարկմամբ և իրացմամբ զբաղվում, ապա Հայաստանում ամեն  ինչ պարզեցված է: «Հայփոստը» նամականիշները պատրաստել է տալիս և վաճառքի հանում:

Ինչ վերաբերում է 2011-ին, ապա թողարկվելու է օլիմպիական խաղերի չեմպիոններին նվիրված նոր գեղաթերթիկ, որի վրա լինելու են ծանրորդ Օգսեն Միրզոյանի, մարմնամարզիկ Էդվարդ Ազարյանի. հունահռոմեական ոճի ըմբիշ Լևոն Ջուլֆալակյանի դիմանկարներով նամականիշներ: 2011-ին կայանալու են Համահայկական 5-րդ խաղերը, և կթողարկվի այդ ստուգատեսին նվիրված գեղաթերթիկ: Սպասվում է, որ գեղաթերթիկ տպագրվի` նվիրված Թուրքիայում անցկացված հայերի օլիմպիական խաղերի 100-ամյակին: Մնում է սպասել, որ տխուր ավանդույթը կընդհատվի, և ամեն ինչ ժամանակին կարվի:

Դիտվել է 1874 անգամ:
Print Friendly

Leave a Reply