Պատահականությո՞ւն, թե՞ սադրանք

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | December 17, 2010 14:42

Տարեվերջյան տպավորիչ ակորդ էր Հայաստանի հավաքականի հաղթանակը օրերս Թուրքիայի Բուրդուր քաղաքի մարզապալատում կայացած Շախմատի համաշխարհային պատանեկան օլիմպիադայում: Որ մեր երկրի շախմատիստների ներուժը մեծ է, հայտնի է ողջ աշխարհին, սակայն միշտ չէ, որ ցանկությունները և հնարավորությունները համընկնում են և մերոնք արդարացնում են սպասելիքները շախմատի խոշորամասշտաբ ստուգատեսներում, այն էլ` թիմային: Օրինակ`  վերջերս կայացած շախմատի աշխարհի պատանեկան առաջնության տարբեր տարիքային խմբերի մրցաշարերին Հայաստանից երկու տասնյակ խաղացող էր գործուղվել Հունաստան, սակայն նրանցից միայն մեկը` Սամվել Տեր-Սահակյանը 18 տարեկանների պայքարում երկրորդ մրցանակակիր դարձավ:

Թուրքիա չէր մեկնել Հայաստանի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչը` գրոսմայստեր Արտաշես Մինասյանը: Հաջողության դափնին վիճակված էր կրելու մեր մեկ այլ գրոսմայստերի` Արսեն Եղիազարյանին, որ ճիշտ ժամանակին հայտնվել էր ճիշտ տեղում: Պարզվում է, որ դեռ  աշխարհի պատանեկան առաջնության օրերին է Մինասյանն առաջարկել Եղիազարյանին հավաքականը տանել Թուրքիա: Բանն այն է, որ Եղիազարյանը մեր երկրի պատանեկան հավաքականը գլխավորել էր Մոսկվայում կայացած Դվորկովիչի միջազգային  մրցաշարի օրերին: Այս ստուգատեսին Հայաստանի հավաքականի կազմում երեք պատանի էր և մեկ աղջիկ, և մերոնք  զբաղեցրել էին 3-րդ տեղը: Փաստորեն, առաջարկի համար հիմք էր եղել այն, որ Եղիազարյանն ավելի լավ է ճանաչում Հայաստանի պատանեկան հավաքականի խաղացողներին, քան Մինասյանը, որ վերջերս է ստանձնել այդ թիմի ղեկը: Եվ ահա, Մինասյանը վեհանձն արարք էր կատարել, իսկ Եղիազարյանը համաձայնվել է, սակայն մինչև այդ համատեղ թիմային նախապատրաստական աշխատանք է տարվել, այնպես որ հաջողության հասնելու գործում ներդրում ունի նաև Մինասյանը, թեև, չգիտես ինչու, այդ մասին գրեթե չի խոսվում:

Իսկ Հայաստանի հավաքականի արդյունքը փառահեղ է` 9 հաղթանակ, 1 ոչ-ոքի և 30,5 միավոր: Ընդ որում, մերոնք խաղաղ արդյունքի են հասել միայն վերջին տուրում Թուրքիայի երկրորդ հավաքականի հետ հանդիպման ժամանակ` 2:2: Հնարավոր էր հաղթել նաև այդ թիմին, մինչև այդ մերոնք արդեն առավելության էին հասել բոլոր մրցակիցների, այդ թվում վարկանիշով բարձր Ռուսաստանի և Հնդկաստանի հավաքականների նկատմամբ:  Բայց որոշվել է համարձակ քայլի չդիմել:

Բանն այն է, որ վերջին տուրից առաջ լրատվամիջոցներով տարածվել է, որ Հայաստանի հավաքականը ստուգատեսի ավարտից մեկ տուր առաջ հաղթող է դարձել, բայց  նման բան չկար: Դա պատահականություն էր, թե սադրանք, դժվար է ասել: Եվ եթե մեր երկրի ներկայացուցիչները պարտվեին վերջին տուրում  0:4 հաշվով և Ռուսաստանի հավաքականն էլ առավելության հասներ մրցակցի նկատմամբ նույն հաշվով, ապա մերոնք ամենևին էլ ոսկե պարգևների չէին արժանանա: Դա է եղել պատճառը, թե մեկ այլ բան, սակայն Հայաստանի հավաքականի անդամները Թուրքիայում վերջին գիշերը չեն կարողացել հանգիստ անցկացնել: Այդ մասին նրանք առավոտյան` խաղից առաջ հայտնել են մարզչին: Եվ Եղիազարյանն էլ խորհուրդ է տվել մրցակցին խաղաղ հաշտություն առաջարկել: Թերևս դա նվեր էր թուրք շախմատիստներին:  Ընդ որում, մարզիչը մտավախություն չի ունեցել, որ իր սաները կարող են պարտվել չոր հաշվով, սակայն նաև վստահ էլ չի եղել, որ ամեն բան կարող է բարեհաջող ավարտվել: Չէր բացառվում, որ լարված մրցաշարից հոգնած մեր շախմատիստները զիջեին մրցակցին: Իսկ չեմպիոն դարձողի համար այդպիսի ձախողումը չէր կարող պատվաբեր լինել: Այդ է պատճառը, որ արագ  մրցամարտը ոչ-ոքի ավարտելու վճիռն ամենից նախընտրելին է համարվել:

Օլիմպիադան լարված ընթացք է ունեցել, քանի որ յուրաքանչյուր հավաքական օրական երկու մրցամարտ է անցկացրել. առաջինը սկսվել է ժամը 10-ին, իսկ երկրորդը` ժամը 16-ին: Այսինքն` ամեն շախմատիստ կարող էր օրական 10-12 ժամ անընդմեջ ներգրավված լինել խաղում: Այդպիսի ծանրաբեռնվածությունը տանելի չէ անգամ մեծահասակ փորձառու գրոսմայստերների համար: Բայց Եղիազարյանը պարզաբանեց, որ  գործնականում 4 ժամվա ընացքում մրցամարտերն ավարտվել են: Իսկ առաջին հանդիպումից հետո խաղացողները գնացել են սնվելու, հյուրանոցում հանգստանալու և կրկին վերադարձել են մրցավայր: Փաստորեն, երկրորդ հանդիպմանը նախապատրաստվելու ժամանակ չի եղել:

Մերոնք իջևանել են «Գրանդ օզերեն օթել» հյուրանոցում: Ընդ որում, Հայաստանի ներկայացուցիչները նախապես խնդրել են, որ իրենց մեկտեղանոց սենյակներ հատկացնեն, սակայն տրամադրել են միայն երկու և երեքտեղանոց համարներ: Հայաստանի պատվիրակությունը բաղկացած է եղել 7  հոգուց. Եղիազարյանից բացի, Թուրքիա էր մեկնել 5 խաղացող և Ռոբերտ Աղասարյանի հայրը: Նա մասնագիտությամբ բժիշկ է. չէր բացառվում, որ  օգնության կարիք զգացվեր:

Իսկ կազմակերպիչները օրական երկու տուր են անցկացրել  զուտ ֆինանսական խնդիրների պատճառով: Բանն այն է, որ մասնակիցների սննդի, կացարանի վարձակալության ծախսերն ամբողջովին հոգացել են Թուրքիայի ներկայացուցիչները, և նրանց համար ձեռնտու էր, որ ամեն բան իրականացվի հնարավորինս սեղմ ժամկետում:

Ի դեպ, նախկինում մերոնք այնքան էլ ակտիվորեն չեն մասնակցել Շախմատի պատանեկան համաշխարհային օլիմպիադաներին: Դրանք մեծ մասմաբ անցկացվել են  հեռավոր երկրներում, որոնց  մասնակցելու համար մեծ ծախսեր են պահանջվել: Իսկ 1998-ին Թուրքիայում կազմակերպված Շախմատի  պատանեկան համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի ներկայացուցիչները հաղթել են, դրանից հետո մեկ անգամ 5-րդ տեղն են զբաղեցրել, իսկ  2009-ին 3-րդն են ճանաչվել:

Այս օլիմպիադայում նպատակ էր դրվել պայքարել միայն ոսկե մեդալների համար:

Ինչևէ, օլիմպիադային շատ քիչ` ընդամենը 22 թիմ է մասնակցել: Ընդ որում, երեք հավաքական է մրցասպարեզ հանել Թուրքիան, երկու հավաքական` Թուրքմենստանը: Թերևս մասնակիցների  սակավության պատճառն այն է, որ եվրոպական որոշ երկրներ չեն ցանկանում Թուրքիա պատվիրակներ գործուղել: Նախկինում մի քանի անգամ Շախմատի պատանեկան համաշխարհային օլիմպիադաներ են անցկացվել սահմանակից երկրում, և դժգոհությունները քիչ չեն եղել: Բայց այս անգամ ամեն ինչ կարգին էր:

Ներկայացնենք, թե ովքեր են  հերոսացել Թուրքիայում և կազմակերպիչներին պարտադրել ի նշան իրենց կռած հաղթանակի հնչեցնել Հայաստանի օրհներգը և բարձրացնել եռագույնը:

Առաջին խաղատախտակը գլխավորած Կարեն Գրիգորյանը մրցում էր ամենաուժեղ հակառակորդների հետ, սակայն նա անցկացրած 10 պարտիաներում վաստակեց 9 միավոր և ոչ միայն առաջին խաղատախտակի վրա գրավեց առաջին տեղը, այլև լավագույն ցուցանիշի հասավ ողջ օլիմպիադայում: Եվ նրա հաջողությունը պատահական չէ: Կարենը Եվրոպայի առաջնությունում մինչև 16 տարեկանների պայքարում գրավել է երկրորդ տեղը: Սակայն, որքան էլ տարօրինակ է, նա այդպես էլ կարողությունները փորձելու հնարավորություն  չի ունեցել աշխարհի պատանեկան առաջնությունում: Ի դեպ,15-ամյա այս շախմատիստի ներկայիս գործակիցը բարձր է` 2454, և նա կարող է խաղալ  եկող տարի կայանալիք պատանեկան օլիմպիադայում:

9 հնարավորից 8 միավոր վաստակեց Հովհաննես Գաբուզյանը: Նա էլ երրորդ խաղատախտակի վրա ցուց տվեց լավագույն արդյունքը: Չորրորդ խաղատախտակի վրա առաջին տեղը գրավեց Դավիթ Շահինյանը (9-ից` 7,5 միավոր): Պահեստային խաղացողը` Տիգրան Պետրոսյանը, երեք պարտիա անցկացրեց և հավաքեց 1,5 միավոր: Հնարավոր է, որ նա ավելի շատ պարտիաներ խաղար, և արդյունքն ավելի բարձր լիներ, սակայն քանի որ թիմը լավ է հանդես եկել, շախմատիստներին փոխարինելու կարիք  էլ չի զգացվել:

Այդուհանդերձ, երկրորդ խաղատախտակի առջև իր կարողություններն այդպես էլ չդրսևորեց   Ռոբերտ Աղասարյանը` 9-ից` 4,5 միավոր: Մարզասերները տեղյակ են, որ Ռոբերտը նախկինում Եվրոպայի և աշխարհի չեմպիոն է եղել 10 և 12 տարեկանների մեջ: Հավաքականի մարզչի կարծիքով` նրան ամենևին էլ չի խանգարել ծնողի ներկայությունը: Պարզապես Ռոբերտը չի դիմացել լարվածությանը: Նա ներկայումս բժշկական համալսարանում է սովորում, և շախմատում նախապատրաստական աշխատանքի համար քիչ ժամանակ է մնում:

Հետաքրքիր է, թե ինչ սկզբունքով են ընտրվել Հայաստանի պատանեկան հավաքականի խաղացողները: Եղիազարյանը հայտնեց, որ թիմի կազմը որոշվել է շախմատիստների գործակիցներով: Նպատակահարմար չի դիտվել, որ առաջնային պլան մղվեն պատանի մարզիկների` Հայաստանի առաջնությունում ցույց տված արդյունքները, քանի որ հնարավոր է` մարզիկը Հայաստանի առաջնությանը լավ չմասնակցի, սակայն մյուս մրցաշարերում լավ խաղա: Իսկ մեր այն առարկությանը, որ  Հայաստանի պատանի շախմատիստները քիչ են խոշորամասշտաբ մրցաշարերին մասնակցում, և հաճախ անհատական գործակիցները նրանց ներուժին չի համապատասխանում, Եղիազարյանը համաձայնեց` պատճառաբանելով, որ, ի վերջո, ընտրության համար որևէ տարբերակ, այնուամենայնիվ, պետք է կիրառվեր: Ի դեպ, Հայաստանի չեմպիոնը, անկախ իր ունեցած գործակցից, պարտադիր ընդգրկվում է պատանեկան հավաքականի կազմում:

Իսկ այն հարցին, թե հնարավո՞ր է, որ ինչպես 1998-ի պատանեկան օլիմպիադայի Հայաստանի հավաքականի չորս խաղացողները, սրանք էլ հետագայում դառնան մեծահասակների Շախմատի համաշխարհային օլիմպիադայի մեդալակիրներ, Եղիազարյանն այսպիսի պատասխան տվեց.«Տասներկու տարի առաջ  դարձյալ Թուրքիայում կազմակերպված շախմատի պատանեկան համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի հավաքականի  կազմում էին նաև Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը, Վարուժան Հակոբյանը: Եվ առաջին երեքը 2008-ին Դրեզդենում կայացած շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի հավաքականի կազմում չեմպիոն դարձան, իսկ Հակոբյանը բրոնզե մեդալի տիրացավ ԱՄՆ-ի հավաքականի կազմում: Այն կարծիքին չեմ, որ Բուդուրում չեմպիոն դարձած մեր պատանի խաղացողների ներուժն ավելի մեծ է: Իսկ Հայաստանի ազգային հավաքականում ընդգրվելու համար մեծ մրցակցություն կա, քանի որ մեր առաջատարների խաղամակարդակը շատ բարձր է: Այնպես որ  մեր պատանի շախմատիստները դեռ երկար ճանապարհ պետք է անցնեն, մինչև արժանանան այդպիսի իրավունքի: Դա ցանկալի է, բայց հազիվ թե հետագայում պատանեկան այս հավաքականի երեք խաղացողի հաջողվի հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում»:

Դիտվել է 1128 անգամ:
Print Friendly

Leave a Reply