Ոստիկանը մեղադրվում է խուլիգանություն կատարելու մեջ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 11, 2010 13:11

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ճանապարհային ոստիկանության տեսուչի կողմից խուլիգանություն կատարելու  դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ  հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է  մեղադրական եզրակացությունը:

Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ  ՀՀ ոստիկանության ՃՈ 1-ն գումարտակի 3-րդ վաշտի 1-ի դասակի տեսուչ Կարեն Հակոբյանն իր եղբոր՝ Զավեն Հակոբյանի հետ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, կատարել խուլիգանություն՝ քաղաքացու առողջությանը  ծանր մարմնական վնաս պատճառելով:

Այսպես՝ ըստ նախաքննության տվյալների՝ 2010թ.  մայիսի 15-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Մարտունի քաղաքի ավտոկայանի տարածքում Կ. Հակոբյանը վիճաբանել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ  Ա. Բեյբությանի հետ: Վիճաբանության ընթացքում  Կ. Հակոբյանը  հայհոյել է վերջինիս եւ ոտքով հարվածել  նրան: Ապա նրան քարշ տալով դուրս է հանել ավտոմեքենայից  եւ շարունակել ծեծել:

Վիճաբանողներին է մոտեցել  Ա. Բեյբությանի ընկեր Ա. Զիրոյանը, ով պահանջել է վերջ տալ խուլիգանությանը: Սակայն  Զ. եւ Կ. Հակոբյանները, վրդովվելով Ա. Զիրոյանի դիտողությունից,  բռնություն են գործադրել նաեւ նրա նկատմամբ. Կ. Հակոբյանը, հարեւանությամբ գտնվող անվադողերի վերանորոգման կետից վերցնելով անիվների ապամոնտաժման բանալին, այն օգտագործելով  որպես զենք, հարվածներ է հասցրել Ա. Զիրոյանի ճակատին  եւ ձախ դաստակին՝ վերջինիս պատճառելով համապատասխանաբար  թեթեւ եւ միջին ծանրության մարմնական վնասվածքներ:

Դեպքին միջամտել է Ա. Զիրոյանի կինը՝ Ա. Սահակյանը, ով փորձել է օգնություն ցույց տալ ամուսնուն: Սակայն Զ. Հակոբյանը ձեռքին եղած  ավտոմեքենայի ամբարձիչով  հարվածել է  Ա. Սահակյանի գլխին՝ նրան դիտավորությամբ պատճառելով  կյանքին վտանգ սպառնացող  մարմնական վնաս:

Գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից հաղորդում են, որ ձեռք բերված ապացույցների հիման վրա Կ. Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:

Զ. Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 112-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով:
Քրեական գործն ուղարկվել է Գեղարքունիքի  մարզի  ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:

Դիտվել է 968 անգամ:
Print Friendly

Leave a Reply