Ինչպիսի՞ն կլինի լավագույնների տասնայկը

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | December 15, 2010 5:00

Ավանդույթի համաձայն` տարեվերջին Հայաստանի մարզական լրագրողների շրջանում անցկացված հարցման արդյունքով որոշվում են մեր երկրի տասը լավագույն մարզիկները: Ուշագրավն այն է, որ տասնյակում ընդգրկված մարզիկներին դա ոչինչ էլ չի տալիս, չկա դրամական վարձատրություն, որևէ խրախուսանք, պարզապես նշանակալի իրադարձություն է, և վերաբերմունքն այլ է, երբ այս կամ այն մարզիկը հայտնվել է արժանավորների ցուցակում:

Ինքնին կարող է հետաքրքրել, թե ինչպես են որոշվում լավագույնները: Մեխանիզմը պարզ է, ամեն լրագրող ներկայացնում է տասը լավագույնների իր տարբերակը: Հետո հաշվարկ է կատարվում: Այն մարզիկը, որի անունը ներկայացված քվեաթերթիկում գրված է առաջինը` ստանում է 10 միավոր: Երկրորդ մարզիկին տրվում է 9 միավոր, և այսպես շարունակ: 10-րդ տեղում հայտնված մարզիկն ունենում է 1 միավոր: Հետո գումարվում են բոլոր քվեաթերթիկների արդյունքները: Եվ մարզիկներից ով շատ միավոր է հավաքում, նա էլ ճանաչվում է տարվա լավագույն: Ըստ հավաքած  միավորների` որոշվում են նաև այն մարզիկների անունները, ովքեր հաջորդում են առաջին տեղը զբաղեցնողին: Նույն սկզբունքով էլ որոշվում է Հայաստանի լավագույն թիմը կամ հավաքականը:

Քանի որ, 2010-ի մրցաշրջանում մեր մարզիկները զգալի թվով նշանակալի հաջողություններ են ունեցել, չի բացառվում, որ ընտրություն կատարելիս լրագրողները տարբեր դիրքորոշումեր ունենան: Սակայն դա չի նշանակում, որ  կարելի է  թեթևամտորեն քվեարկել: Այդուհանդերձ, տարիների փորձը ցույց է տվել, որ երբեմն խայտառակ տարբերակներ են ներկայացվում: Առհասարակ նախապատվությունը պետք է տրվի օլիմպիական մարզաձևերի ներկայացուցիչներին: Թերևս այս առումով բացառություն են կազմում միայն իմաստուն խաղի` շախմատի ներկայացուցիչները: Սակայն քանի որ քվեարկողների մեջ լինում են նաև այնպիսիք, ովքեր  մարզաձևերը, նաև մարզիկներին, մեղմ ասած, լավ չգիտեն, ծանոթ չեն անգամ մարզաբազաների տեղերին, ապա երբեմն սրտներն ուզածը գրում են` ցանկանալով հաճոյանալ այս կամ այն մարզաձևի գլուխ կանգնած պաշտոնյային: Ընդ որում, հարցում անցկացնողներն ուղղորդելու համար հակիրճ ներկայացնում են, թե մրցաշրջանի ընթացքում որ մարզաձևերի ներկայացուցիչներն են առավել աչքի ընկել: Սակայն դա էլ չի օգնում: Ընդ որում, թյուրիմացությունը վտանգավոր չէ: Մտահոգող է, երբ միտումնավոր են այդպիսի ցուցակներ ներկայացվում:

Նախկինում եղել են դեպքեր, երբ լավագույնների տասնյակի այնպիսի տարբերակներ են ներկայացվել, որոնցում  եղել է արևելյան մարտարվեստի մրցաձևի մի քանի ներկայացուցիչ: Ընդ որում, խոսքն օլիմպիական մարզաձևերի մասին չէ: Կամ էլ ցուցակում հայտնվում են ցածր խաղամակարդակ ունեցող ֆուտբոլի Հայաստանի առաջնության մասնակիցներ: Թե ինչ հիմնավորմամբ է դա արվում, պարզ չէ: Ի դեպ, այս տարի  եզակի բացառություն է Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը Եվրոպայի թիմային ընթացիկ առաջնության խմբային մրցաշարում: Սակայն պայքարը նոր է սկսվել, և մինչև մրցաշրջանը չավարտվի, վերջնական արդյունքը չպարզվի, անգամ մեր երկրի հավաքականին չի կարելի լավագույն թիմի կոչման հավակնորդ համարել:

Իսկ այդ պատվին արժանանալուն կարող են հավակնել երևանյան ստուգատեսում աշխարհի գավաթի խաղարկության երրորդ մրցանակակիր դարձած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ընտրանին,  մեր երկրի շախմատի պատանեկան հավաքականը, որը հաղթող է  դարձել Թուրքիայում կայացած Շախմատի համաշխարհային պատանեկան օլիմպիադայում,  Բուլղարիայում անցկացված շախմատիստուհիների Եվրոպայի ակումբային առաջնության բրոնզե մեդալակիր Երևանի «Միկա» ակումբը:   Ի դեպ, գրոսմայստեր Լևոն Արոնյանն էլ այս մրցաշրջանում վստահ է հանդես եկել,  ֆանտաստիկ բարձրացրել  իր անհատական վարկանիշը, ուստի նույնպես լուրջ հավակնություններ ունի: Նա Շախմատի համաշխարհային օլիմպիադայում առաջին խաղատախտակի առջև հանդես եկողների մեջ ճանաչվել է երկրորդը, ապա չեմպիոն է դարձել կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում: Իսկ ամենամեծ ձեռքբերումներին հասել է Տիգրան Մարտիրոսյանը, որ ծանրամարտի աշխարհի չեմպիոն է դարձել  Թուրքիայում կայացած ստուգատեսում, և ի նշան նրա հաղթանակի` հնչել է Հայաստանի օրհներգը, բարձրացվել է եռագույնը:

Ի դեպ, Հայաստանի ծանրորդներն իրենց ցուցանիշներով ակնհայտորեն գերազանցում են մյուս բոլոր մարզաձևերի ներկայացուցիչներին` միասին վերցրած: Աչքի են ընկել Գևորիկ Պողոսյանը (Եվրոպայի չեմպիոն), Մելինե Դալուզյանը (աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի փոխչեմպիոն), Ռուբեն Ալեքսանյանը (Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի երիտասարդների չեմպիոն), Հռիփսիմե Խուրշուդյանը (Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի երիտասարդների չեմպիոն), Սմբատ Մարգարյանը (Եվրոպայի փոխչեմպիոն, Եվրոպայի պատանիների չեմպիոն, Սինգապուրի պատանեկան օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր) և այլն: Տիտղոսներ նվաճած  ծանրորդների թվարկումը դեռ կարելի է շարունակել:

Մյուս մարզաձևերի ներկայացուցիչներից աչքի են ընկել բռնցքամարտիկները և հունահռոմեական ոճի ըմբիշները: Բռնցքամարտիկներից  Հրաչյա Ջավախյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ Արթուր Խաչատրյանը և Հովհաննես Դանիելյանը` բրոնզե մեդալակիր: Հունահռոմեական ոճի ըմբիշներից էլ Արսեն Ջուլֆալակյանը և Յուրի Պատրիկեևը դարձել են աշխարհի փոխչեմպիոն, Ռոման Ամոյանը` բրոնզե մեդալակիր:

Այնպես որ, տասնյակում գրանցվելու հավակնորդները քիչ չեն, և այն անկանխատեսելի է:

Դիտվել է 914 անգամ:
Print Friendly

Leave a Reply