Կնոջ կերպարի ընկալումն աշխարհում և Հայաստանում

ԷՍՍԵ | | December 9, 2010 16:39

Երբ Հայաստանն աշխարհից բաժանող սովետական երկաթյա վարագույրը դարձավ հեռավոր հուշ և «աշխարհի մի մասը» լինելու գիտակցության հետ աստիճանաբար մեր կենցաղ ներթափանցեց  ահռելի տեղեկատվական հոսք, այդ թվում` գենդեր, մարդու իրավունք, ժողովրդավարություն և այլ ոչ սովետական տերմիններ, հայ հասարակության մեջ սկսվեցին նոր արժեհամակարգի որոնումները:

Երբ դպրոցական էինք, «վարագույրի նեղ ճեղքից»  լուրեր էին թափանցում, թե ամերիկաներում աղջկա համար ամոթ է համարվում, ասենք, 25 տարեկանում կույս լինելը: Դա չափազանց տարօրինակ էր ընկալվում աղջիկների կողմից, ովքեր մեծանում էին կուսությունը միմիայն իրենց ամուսնուն զոհաբերելու և ցանկացած հարցում տղամարդուց կախված լինելու ու նրան աներկբա ենթարկվելու գիտակցությամբ:

Կույս պսակվելու խնդիրը զուտ կուսության պահպանման խնդիրը չէր միայն. դա ենթադրում էր դրանից բխող ու դրա հետ փոխկապակցված մի շարք երևույթներ ու ավանդույթներ, որոնք տարբեր վայրերում  տարբեր էին ու երբեմն հասնում էին անհեթեթ դրսևորումների:

60-ամյա Անահիտ Մանուկյանը (անունը փոխված է), օրինակ, մեծացել է Թիֆլիսում, որտեղ, երբ ամուսինը մահանում է, կինը մի տարի պարտավոր է սև շոր հագնել: Տարին լրանալուց հետո այրի կնոջը ինչ-որ ազգական իր տուն պետք է հրավիրի սգահան անելու համար, որից հետո նա արդեն կարող է սև զգեստ չհագնել: Անահիտին ամուսնու մահվանից հետո 7 տարի ոչ ոք տուն չի հրավիրում, և նա 7 տարի սևազգեստ է: Այդ կնոջ գիտակցության մեջ արմատացած է ավանդույթին հավատարիմ մնալու պատգամը, և ցանկացած շեղում դրանից անթույլատրելի է: Նա պատմում է, որ երբեք առանց ամուսնու որևէ տեղ չի գնացել, իսկ երկու աղջիկները, որ ամուսնացած չեն, իրենց գոյության 30 տարիների ընթացքում տնից առանց եղբոր ոտք չեն դրել:

Դեռ թարմ է Մասիսում խոշտանգումների  հետևանքով մահացած Զարուհի Պետրոսյանի դեպքը, ում ամուսինը պարբերաբար դաժան ծեծի է ենթարկել, իսկ քրոջն էլ ասել է. «Իմ սեփականությունն է,  կուզեմ կսպանեմ, ինչ կուզեմ կանեմ, դուք մի խառնվեք, ձեր գործը չի:

Տղամարդուն իրավունքներով զիջելու ֆենոմենն, իրականում, միայն Հայաստանում կամ հարևան Վրաստանում չէ, այն համամարդկային  խնդիր է եղել ինչպես անցյալում, այնպես էլ ներկայում:

Բանաստեղծ Վիոլետ Գրիգորյանն իր բլոգում մանրամասն վերլուծել և զուգահեռներ է անցկացրել աշխարհում մեծ աղմուկ հանած իրանցի Սաքինե Աշթիանիի և ամերիկացի Թերեզա Լուիսի դեպքերը:

Սաքինե Աշթիանին մեղադրվում է սիրեկանի հետ ամուսնու սպանությունը կազմակերպելու մեջ և դատապարտվել է քարկոծմամբ մահապատժի, բայց քարկոծումը հանվեց, և նա դեռևս սպասում է  դատավճռի կատարմանը: Իսկ այս սեպտեմբերի 23-ին Թերեզա Լուիսի մահապատիժն ի կատար ածվեց ներարկման միջոցով. նա նույնպես մեղադրվում էր ամուսնու մահը պատվիրելու համար: «Թերեզա Լուիսի մահվան դատավճիռը մարտահրավեր նետեց ամերիկյան հասարակությանն ու արդարադատության մեջ գենդերի ու մահապատժի մասին եղած հայացքներին,- գրում է Գրիգորյանը,- վերլուծաբանները, որոնք Թերեզայի մահապատժի մեջ կանանց դեմ վերաբերմունք են տեսնում, հենվելով գենդերային խտրականության ուսումնասիրությունների վրա, պնդում են, թե արդարադատության համակարգում կա հակակին կողմնակալություն, ինչի պատճառով կանայք մահապատիժ են ստանում այն կատեգորիաների սպանությունների համար, որոնց դեպքում տղամարդիկ չեն ստանում»:

Հայաստանում կնոջ դերն ու կշիռը կենցաղում և հասարակությունում դեռևս կայացման փուլում է: Հայ հասարակությունում կինն ընկալվում է որպես խոհանոցում տեղ գտնելու և ընտանիքի բարօրությանը ծառայելու գործիք, որն ունակ չէ ինքնուրույն արժեքներ ստեղծելու:

Բոլորովին վերջերս «Կնոջ դերը հասարակության մեջ և քաղաքականությունում» թեմայով հրավիրված ասուլիսի ժամանակ քաղաքական գործիչ Անահիտ Բախշյանը, երբ տեսավ, որ թեման հետաքրքրել է շատ լրատվամիջոցների, լրագրողներին զարմացրեց իր հետևյալ դիտարկմամբ. «Մի կարևոր թեմա որ լիներ, էդքան մարդ չէր հավաքվի»:

Այսինքն` հասարակության մեջ ակտիվ կինն իր գիտակցության մեջ ստորադասում է կնոջ թեման այլ թեմաներին: Երբ այդ մասին հրապարակայնորեն խոսում է կին քաղաքական գործիչը, միայն պետք է ենթադրել, թե ինչպես են մտածում հասարակության այլ շերտերի կանայք:

Մեր իրականությունը լի է ընտանեկան բռնության դեպքերով, որոնց մեծ մասը տեղի է ունենում կնոջ լուռ համաձայնությամբ:  Կանանց մեծ մասի գիտակցության մեջ խորն արմատացած է այն ընկալումը, որ տղամարդն իրավունք ունի իր վրա ձեռք բարձրացնելու:

Այդ ընկալումն աստիճանաբար փոխվում է: Բայց  փոխվում է  շատ դանդաղ, այնպես, ինչպես ներդրվում է ժողովրդավարության ինստիտուտը:

Սովետական կարգերի փլուզումից հետո, Հայաստանում ձևավորվեցին կանանց իրավունքները պաշտպանող մի քանի հասարակական կազմակերպություններ:

Կանանց իրավունքների կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնի մասնագետ Դիանա Սարգսյանն «Անկախին» ասաց, որ 2009 թ. տվյալներով, կենտրոնը ստացել է ընտանեկան բռնություններին վերաբերող 435 զանգ, որից 311-ը հոգեբանական բնույթի են, 120-ը՝ ֆիզիկական, 4-ը՝ սեռական:

Հայաստանը 1991 թ. միացել է աշխարհի 160 երկրների քարոզարշավին, որոնք ամեն տարի մեկնարկում են նոյեմբերի 25-ին:

1960 թ. այդ օրը՝ նոյեմբերի 25-ին, Դոմինիկյան Հանրապետությունում մահապատժի են ենթարկվել  Միրաբալ երեք քույրերը, ովքեր քաղաքական ակտիվիստներ էին և դարձել էին Թրուհիլյո ռեժիմի դիմադրության խորհրդանիշ: Իսկ 1989 թ. դեկտեմբերի 6-ին Կանադայում՝ Մարկ Լիշիպենը հրազենով սպանել է Մոնրեալի համալսարանի 14 աղջիկ ուսանողների, որովհետև վստահ էր, որ ինժեներական ֆակուլտետ իր չընդունվելու պատճառը իգական սեռի ուսանողների թիվն է:

Քարոզարշավը եզրափակվում է դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների միջազգային օրը:

Դիտվել է 3003 անգամ:
Print Friendly

Leave a Reply