Գայլաձորի անունը լսելիս պաշտոնյաները գնում են արձակուրդ

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | December 10, 2010 2:30

Մեկամսյա ժամկետը լրացել է, բայց անօրինական կառույցը դեռ կանգուն է

Վեցամսյա հանրային և պաշտոնական քննարկումներից, բնակիչների պայքարից ու պաշտոնյաների  խոստումներից հետո Գայլաձորի վրա կառուցված անօրինական շինությունը դեռևս կանգուն է, բնական աղբյուրներից բխող ջրերը շարունակում են գետի փոխարեն լցվել փորված խրամուղին` զարգացնելով արդեն իսկ տարածքում սկսված սողանքային գործընթացները:

Գեղարքունիքի մարզպետարանը գետի հունի վրա ապօրինի շինարարություն իրականացրած «Զանգեզուր էքսիմպ» ընկերությանը դեռ հոկտեմբերի սկզբին մեկամսյա ժամկետ էր տվել` ապամոնտաժելու անօրինական շինությունը և վերացնելու բնությանը հասցված վնասները:         «Մեր 19.10.2010 թ. թիվ 01/08/2554-10 գրությամբ ժամկետ է տրվել (մեկ ամիս) ընկերությանն իր միջոցներով ապամոնտաժելու կիսակառույց ինքնակամ շինությունները և վերականգնելու քանդված տարածքը` այն բերելով նախկին տեսքին: Ընկերությանը ներկայացված պահանջը ժամկետում չկատարելու դեպքում կկիրառվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի և ՀՀ կառավարության 2006 թ. մայիսի 18-ի թիվ 731-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջները»,- ասված է Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի պատասխան գրությունում` ի պատասխան ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանի հարցին, թե Գեղարքունիքի մարզպետարանը երբ է կառուցապատողին պարտադրելու սկսել Արգիճի գետի Գայլաձոր վտակի հունը փոխելու նպատակով ինքնակամ կառուցված շինության ապամոնտաժման աշխատանքները:

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն էլ, հոկտեմբերի 22-ի ԱԺ քննարկումների ժամանակ անդրադառնալով Գայլաձորի հունի վրա կառուցված անօրինական հէկի խնդրին,  հայտարարել է. «Քաղաքաշինական օրենքներով, եթե կառուցապատողը հետևանքները չի վերացնում, ապա դատական կարգով գումարները գանձվում են: Դա պետք է իրականացնենք մենք և մարզպետարանը, պետք է հետևենք, եթե անհրաժեշտ լինի, հարցը դատական կարգով լուծենք»:

Մեկամսյա ժամկետը վաղուց լրացել է, սակայն «Զանգեզուր էքսիմպ» ընկերությունն այդպես էլ իր պարտավորությունը չի կատարել:

«ՍՈՍ Արգիճի» նախաձեռնող խմբի անդամ Վարդան Գալստյանն ասում է, որ մեկամսյա ժամկետը լրանալուց հետո իրենք բարձրացել են Գայլաձորի հունը և տեսել, որ ապամոնտաժման աշխատանքներ չեն իրականացվել: «Գեղարքունիքի տարածքում որևէ աշխատանք չի կատարվել, ամբարտակն էլ, հէկ-ի շենքն էլ, խրամուղին էլ նույնությամբ տեղում են»: Փոխարենը` Վայոց ձորի մարզում տեղադրված երկաթյա խողովակներն այլևս չկան: Տրված մեկամսյա ժամկետում խողովակաշարը հավաքվել է: Սակայն բամբասանքի կարգով լուրերը համառորեն պնդում են, որ ընկերությունը ոչ միայն չի պատրաստվում ապամոնտաժել կառույցը, այլ մտադիր է գարնանը նոր` չժանգոտվող մետաղից խողովակներ տեղադրել:

Ըստ լուրերի`երկաթյա խողովակների փոխարեն գարնանը կտեղադրվեն չժանգոտվող մետաղից խողովակներ

Թե որքանով են այս լուրերը համապատասխանում իրականությանը, «Զանգեզուր էքսիմպ» ընկերությունից ճշտել չհաջողվեց: Բարեհունչ ձայնով քարտուղարուհին անմիջապես կախում էր հեռախոսը «Մենք էսօր շատ զբաղված ենք» շուտասելուկի նմանվող արտահայտությունից հետո, երբ լսում էր, որ հեռախոսի մյուս ծայրին լրագրող է:

Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Դերենիկ Հովհաննիսյանը «Անկախի» հետ զրույցում նշեց, որ անցած շաբաթ օրվա դրությամբ, ըստ իր տեղեկությունների, «Զանգեզուր էքսիմպ» ընկերությունը կառույցը չի ապամոնտաժել:  Հովհաննիսյանը նշեց, որ ինքն արձակուրդում է եղել ու այդ հարցի առնչությամբ այլ տեղեկություններ չունի, չգիտի նաև, թե մարզպետարանն առաջիկայում ինչ քայլեր պետք է ձեռնարկի: «Այդ հարցով իմ տեղակալն է զբաղվել, նա ավելի լավ գիտի, նրան դիմեք»,- ասաց Հովհաննիսյանը:

Մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի տեղակալ Բագրատ Կռոյանն էլ «Անկախի» հետ զրույցում նշեց, որ վերջին 15 օրերին արձակուրդի մեջ է եղել ու հիմա էլ արձակուրդում է, ուստի տեղյակ չէ (մարզպետարանից, սակայն, տեղեկացրին, որ մեր  զանգի օրը Կռոյանը մարզպետարանում չէ, սակայն աշխատանքի մեջ է և գերատեսչական ստուգումներ է իրականացնում): «Գիտեմ, որ նոյեմբերի 19-ի դրությամբ անօրինական կառույցն ապամոնտաժված չի եղել»,- ասաց Կռոյանը: Իսկ հարցին, թե ինչ քայլեր է արդեն ձեռնարկել կամ ձեռնարկում մարզպետարանը` իր որոշման կատարումն ապահովելու համար, Կռոյանը պատասխանեց. «Չգիտեմ, հիմնարկի ղեկավարը մարզպետն է, նա էլ որոշում է»:

Գայլաձորի մասին հարցը լսելուց հետո պարզվեց, որ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արծրուն Պեպանյանն էլ հիվանդ է ու չի կարող պատասխանել հարցին. «Արդեն քանի օր է, հիվանդ եմ, գործի չեմ գնում: Ուստի տեղյակ չեմ»:

Բնապահպանության նախարարության մամուլի քարտուղար Հասմիկ Մկրտչյանն էլ նշեց, որ ապամոնտաժման հարցը նախարարության իրավասությունից դուրս է, ուստի բնապահպանության նախարարությունն այդ հարցով չի զբաղվում. «Դրանով մարզպետարանը և քաղաքաշինության

Խրամուղին լցվող ջուրը սողանքային իրավիճակ է ստեղծել

նախարարությունը պետք է զբաղվեն»:

Նշենք, որ Արգիճիի վտակ Գայլաձորի խնդիրն առաջացել է այս տարվա մայիսից, երբ մոտակա գյուղերի բնակիչները պատահաբար բացահայտել էին կառույցը և պարզել, որ կառուցապատողները մտադրված են Գայլաձորի ջրերի հոսքն ուղղել դեպի Վայոց ձորի մարզ` Աղնջաձոր համայնքին ոռոգման ջրով ապահովելու և կառուցվող հէկը աշխատեցնելու համար:

Բնակիչների` գետի հունի փոփոխման և անօրինական աշխատանքների մասին ահազանգերից հետո բնապահպանության նախարարի հրամանով հուլիսի վերջին ստեղծվեց աշխատանքային խումբ, որն ուսումասիրությունից հետո եզրակացրեց, որ Գայլաձորի վրա ծավալված շինարարությունն անօրինական է:

Շարունակական պայքարի արդյունքում նաև պաշտոնապես հստակեցվեց, որ մարզպետարանը պետք է հետևի անօրինական կառույցի ապամոնտաժմանը: Հոկտեմբերին, ի վերջո, մարզպետարանը համապատասխան որոշում կայացրեց, որը մինչ օրս  չի կատարվել:

Արգիճիի ջրով են տարածաշրջանի 30 հազար բնակիչները ոռոգում շուրջ 6500 հա մշակելի հողերը: Իսկ Արգիճիի հոսքի 30-40 տոկոսն ապահովում է Գայլաձորը: Բնակիչները նշում են, որ գետի հոսքի փոփոխության դեպքում այլևս չեն կարողանա հող մշակել, հետևաբար կզրկվեն օրվա ապրուստից:  Բացի այդ, Արգիճիի ջրերի հաշվին Սևանա լիճը տարեկան բարձրանում է 12 սմ-ով:

Թեմայի մասին տես նաև`

Գայլաձորի ապագան անհայտ է. իշխանությո՞ւնն է ստում, թե՞ հասարակությունը

Գայլաձորի հունի փոփոխությամբ Սևանի մակարդակը տարեկան 12 սմ-ով պակաս կբարձրանա

Գայլաձորի հունի փոփոխման դեմ պայքարող գյուղացիներին ճնշում են

Կշարունակվե՞ն ճնշումները Գայլաձորի հունի փոփոխման դեմ պայքարող գյուղացիների նկատմամբ

Գայլաձորի, ուստի և Սևանա լճի ու հինգ գյուղերի ապագան դեռևս անհայտ է

Դիտվել է 1540 անգամ:
Print Friendly

Leave a Reply