Տխրահռչակ նախագծերը «քոչում են» քառօրյայից քառօրյա, իսկ բողոքի ցույցերը չեն դադարում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | December 6, 2010 19:28

Այսօր Ազգային Ժողովի շենքի դիմաց կրկին իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել «Մենք դեմ են օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամները:

«Որակյալ կրթություն բոլորին, ո՛չ օտարալեզու դպրոցներին» կարգախոսով նրանք ԱԺ-ի պատգամավորներին կրկին հիշեցնում էին, որ պայքարելու են մինչև վերջ:

Նախաձեռնության ակտիվիստ Արմեն Հովհաննիսյանի խոսքով, սա իրենց հերթական ակցիան է, որպեսզի որևէ մեկի մոտ «պատրանք չստեղծվի», որ հարցը մոռացվել է, դարձել է երկրորդական, կամ իրենք օրվա թոհուբոհի մեջ ընկած մոռացել են իրենց պահանջները.

«Տխրահռչակ նախագծերը քոչում են քառօրյայից քառօրյա, և հնարավոր է, որ քննարկվեն հենց այս քառօրյայում,-ասաց Հովհաննիսյանընա` ավելացնելով, որ իրենք լավ տեղյակ են, թե ինչ է կատարվում ներսում (Ազգային ժողովի դահլիճում), և նախագծերը քննարկվելու և քվեարկության դրվելու դեպքում իրենք նախապես կտեղեկացվեն և ավելի ուժգին ակցիաներ կիրականացնեն:

Հովհաննիսյանը նաև հայտնեց, որ իրենց ռազմավարական ուղին չի փոփոխվել. «Եթե այդ օրենքն ընդունվի, չի գործի, եթե այդ  դպրոցները բացվեն, չեն աշխատելու:»

«Կարևորը պատերազմում հաղթելն է, ոչ թե ճակատամարտում,-ասաց նա` պարզաբանելով, որ այս ճակատամարտում կառավարության և նախագծերին կողմ քվեարկած պատգամավորների հաղթանակը ոչ թե հաղթանակ է, այլ պարտություն,- քանի որ դա պարտություն է հասարակության և հանրակրթության համար: Դա պարտություն է նաև իրենց համար, քանի որ այն խախրուլ կամուրջները, որ դեռևս մնացել են իշխանությունների և հասարակության միջև, նրանք վառում են:

Լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյո՞ք որևէ դրական բան չկա օտարալեզու դպրոցների վերաբացման մեջ, «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության ակտիվիստը պատասխանեց.

«Եթե մեր երկրի վրա հարձակվեն ու գրավեն, տեսականորեն այդտեղ էլ կարելի է ինչ որ դրական բաներ գտնել, բայց արդյո՞ք մենք պետք է դրանով զբաղվենք: Մեր նպատակը մեր երկիրը, մեր անկախությունը, մեր հանրակրթությունը, մեր լեզուն ու մեր ազգային արժեքները պաշտպանելն է»,-ասաց Հովհաննիսյանը:

Նշենք, որ ամեն օր առավոտ ԱԺ-ի մուտքի մոտ նախաձեռնության մի քանի անդամներ պիկետ են անում` հիշեցնելով իրենց պահանջները:

Ի դեպ, նախաձեռնող խումբը վերջնական տեսքի է բերում նաև օտարալիզության ասպարեզում Դելյանով-Աշոտյանի անվան մրցանակակիրների թեկնածուների ցանկը:

Ըստ Հովհաննիսյանի, օրեցօր կյանքը փոփախություններ է մտցնում այդ ցուցակում.

«Օրինակ, ես միանաշանակ առաջարկում եմ այդ ցուցակում ընդգրկել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, ով ռուս ուղղափառ եկեղեցու պատրիարքի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ գյումրեցիներն ուզում են Գյումրին վերանվանել Ալեքսանդրապոլ»,-ասաց նա:

Հովհաննիսյանը հայտնեց, որ իրենք որոշ ժամանակ կհապաղեն, ցուցակը կհամալրվի նորանոր անուններով և ապա կներկայացվի հանրության դատին:

Դիտվել է 1916 անգամ:
Print Friendly

Leave a Reply