Ցեղասպան Թուրքիայի պանթուրքիստական մղումները. Եվրամիությու՞ն, թե՞ Ույգուրստան

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | July 26, 2009 18:49

turk2Չինաստանի Խինջյանգ նահանգում ույգուրների անկարգությունների դեմ կենտրոնական իշխանության պատասխան հարվածն ուշագրավ էր նաև այն առումով, որ Թուրքիան այն համարեց ցեղասպանություն: Մինչ թուրքական արձագանքի դրդապատճառներին անդրադառնալը` նշեմ, որ թուրք-ույգուրական հարաբերությունները գալիս են դարերի խորքից, իսկ վերջին հարյուրամյակում ույգուրների հարցն անպակաս է եղել օսմանական, ապա` թուրքական արտաքին քաղաքականության օրակարգից:

Ովքե՞ր են ույգուրները: Ույգուր, Ույղուր, Թոքուզ-օղուզ (9-ը ցեղեր) կամ Պինյին. անվանումը տարբեր է, բայց էությունը նույնն է: Ույգուր նշանակում է միասնություն և սերում են Ջենքիզ Խանի հայրենիքից` Մոնղոլիայից: Ույգուրները քոչվոր թյուրքական ցեղեր են, ապրում են Չինաստանի հյուսիսարևմտյան Խինջյանգ ինքնավար նահանգում, զբաղվում են անասնապահությամբ ու հողագործությամբ: Նրանց երեխաները հիմնականում դպրոց չեն հաճախում, նույնիսկ չինարեն չգիտեն: Նրանց քանակը հասնում է 8 մլն-ի: Դավանում են մահմեդականություն: Նրանց մի մասը տարածված է միջինասիական տափաստաններում: Ունեն դրոշ, որը նման է Թուրքիայի հանրապետության դրոշին` ընդամենը երկնագույն ետնագույնով:

Կոմունիստական Չինաստանում ույգուրները միշտ էլ ձգտել են անկախության: Անջատական շարժումներին Պեկինը պատասխանել է բռնությամբ: 1949 թ. Մաու Ձե Դունը Խինջյանգ նահանգը միացրեց Չինաստանին(մինչ այդ ոչ մի երկրի գերիշխանությունը չէր տարածվում նրա վրա) և նահանգի մահմեդական բնակչությունը ցրեց տարբեր շրջաններ: Ույգուր եղբայրների նկատմամբ Չինաստանի դիրքորոշումը մեղմացնելու նպատակով էլ նույն տարում իսլամական երկրներից կազմված բարձրաստիճան պատվիրակություն է ժամանում Պեկին, սակայն օդանավը, չհատած Չինաստանի սահմանները, պայթում է :

Անցած դարի 90-ականներին ույգուրներն ստեղծեցին քաղաքական կազմակերպություն, որը հետագայում դարձավ ահաբեկչական զինյալ շարժում` “Dogu TՖrkistan Islam Hareketi”` Արևելյան Թյուրքստանի իսլամական շարժում: Կազմակերպությունը գլխավորում էր Հասան Մուհսենը (սպանվեց 2003 թ., Պակիստանում), ով, ըստ չինաստանյան պաշտոնական տեղեկատվության` սերտ կապեր է ունեցել «Ալ Քաիդա»-ի և անձամբ նրա պարագլուխ Ուսամա Բեն Լադենի հետ: Մուհսենին են վերագրվում 90-ականներին Խինջյանգ նահանգում պետական հաստատությունների դեմ կատարված ահաբեկչություններն ու 2002 թ. չինաստանցի դիվանագետի սպանությունը Ղըրղստանում: Նա, ըստ որոշ տեղեկությունների, մեծ գումարներ է ստացել «Ալ Քաիդա»-ից` երկրում իսլամական շարժում սկսելու և խռովություններ հրահրելու համար:
Մոհսենի կազմակերպությունը 2002-ին գլխավորեց ԱՄՆ-ի կազմած ահաբեկչական կառույցների ցանկը. նույն տարում ՄԱԿ-ը այդ կազմակերպությունը հռչակեց ահաբեկչական:
Ույգուրները համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվեցին վերջին մեկ ամսում, երբ Ուրումչի քաղաքում անկարգություններ հրահրեցին Չինաստանի իրավապահ մարմինների դեմ: Զոհվեց ավելի քան 180 ույգուր: Միջազգային հանրությունն էլ շտապեց դատապարտել բռնությունները ոչ այնքան հանուն ցեղախմբի իրավունքների պաշտպանության, որքան Չինաստանի դերն ու քաղաքական կշիռը հարվածելու մտադրությամբ: Փորձը չհաջողվեց: Չինաստանում անկարգությունները մարեցին:

Այս օրերին աշխարհի բնակչության 1/6-րդն ունեցող Չինաստանի դեմ դուրս եկավ նաև Թուրքիան` բողոքելով իրենց մայր հայրենիքի` Ույգուրստանում, կամ ինչպես իրենք են անվանում` Արևելյան Թյուրքստանում, Չինաստանի իրավապահների գործողությունների դեմ: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ Ուրումչիում տեղի ունեցածը ցեղասպանություն էր, և Թուրքիան` որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, «ույգուրների նկատմամբ Չինաստանի սպառնալիքների» հարցը բերելու է օրակարգ: Նա կոչ արեց Պեկինին շտապ դադարեցնել իրենց ույգուր եղբայրների նկատմամբ բռնությունները, որոնք, ըստ նրա, «ոտնահարում են մարդու իրավունքների միջազգային չափանիշներն ու նորմերը»:

Արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն էլ նշեց, որ իր երկիրը չի կարող լռել ու սպասել, թե ինչ է լինելու «բռնությունների ենթարկվող» ույգուրների հետ. «Այն ինչ կատարվում է Չինաստանի Խինջյանգ նահանգում` մարդկության ամոթն է», – պնդեց Դավութօղլուն, որի ղեկավարած գերատեսչությունը «պարզաբանումների» էր հրավիրել Անկարայում Չինաստանի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարին` փոխանցելով իրենց մտահոգությունն այդ կապակցությամբ: Թուրքիայի խորհրդարանի` Չինաստանի հետ բարեկամության խմբի 380 անդամներից 110-ն, ի նշան բողոքի, հրաժարական տվեցին: Արմատական Ազգայնական շարժում կուսակցությունը կոչ արեց իշխանությանը` դադարեցնել Չինաստանի հետ առևտրատնտեսական կապերը, որի շրջանառությունն անցած տարի հասել էր 18 մլրդ դոլարի: Ազգայնամոլները դուրս եկան փողոց, այրեցին Չինաստանի պետական դրոշը` պահանջելով բոյկոտել չինական ապրանքները:

Հետաքրքրական է, որ մոնղոլյան արշավանքներից 9 դար անց թուրքերը դեռ չեն մոռացել իրենց արմատները: Նրանք ույգուրների հարցի քաղաքական ասպեկտը չեն անտեսում: Թուրքիայի Արտգործնախարարության կայքում կա հատուկ բաժին, որտեղ խոսվում է ույգուրների սոցիալական, տնտեսական ու քաղաքական խնդիրների մասին: Հատկանշական է, որ 1994 թ. Թուրքիայի ծայրահեղական «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Ալփասլան Թյուրքեշը և նրա շուրջ հավաքվածները սպառնացել էին, որ եթե չբարելավվի ույգուրների քաղաքական վիճակը, ապա իրենք ամեն ինչ կանեն, որպեսզի Ույգրստանում սկսվի անջատողական շարժում: Թե ինչպես էին պատրաստվում թուրք գորշ գայլերն այն ժամանակ 1 միլիարդանոց բնակչություն և ամրակուռ պետական համակարգ ունեցող երկրում նման բան կատարել` պարզ չէր, բայց երբ դրանից հետո Չինաստանի նախագահ Ձիան Զեմինը շեշտեց, որ իրադարձությունների նման զարգացման դեպքում Պեկինի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ակնթարթի հարց է, Անկարայում գերադասեցին լռել…

Արտաքուստ զարմանալի է թվում փաստը, որ Եվրամիությանն անդամակցել ցանկացող Թուրքիան նման պահվածք է դրսևորում և անդամակցության բանակցություններում առաջընթաց գրանցելու, սեփական երկրում խոսքի ազատության նվազագույն նշաձողը բարձրացնելու մասին մտածելու փոխարեն ապրում է հեռավոր Ույգուրստանի հոգսերով: Չհաշված հարցի պատմական ու բարոյական ասպեկտը` այլոց ցեղասպանություն անելու մեջ մեղադրելը նույնքան ծանր ու դժվար հարց է միջազգային դիվանագիտական պրակտիկայում. այն չի կարող լինել լեզվի սայթաքում: Ույգուր եղբայրներին ցեղասպանության զոհ համարելը խառնում է ոչ միայն Թուրքիա-Չինաստան հարաբերությունները, այլև ամբողջ աշխարհի պատմությունը: 5 ամիսների ընթացքում Թուրքիան, մոռանալով սեփական անցյալը, հասցրեց մեղադրել 2 պետությունների ցեղասպանության մեջ:

Դեռ փետրվարին Դավոսում, Էրդողանը նման մեղադրանք հասցեագրեց Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսին` պաղեստինյան Գազայի հատվածում իսրայելական զինուժի գործողությունների համար: Այն թանկ նստեց Անկարայի վրա: Ճիշտ է, Էրդողանին հերոսացրին Թուրքիայում, բայց Անկարան կորցրեց իր միջնորդի կարգավիճակը իսրայելա-սիրիական բանակցություններում (Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն Ֆրանսիայում վերջերս հայտարարեց, որ Սիրիայի հետ միջնորդավորված բանակցությունները կշարունակվեն ոչ թուրքական միջնորդությամբ):

Ույգուրական «ցեղասպանության» մասին Էրդողանի հայտարարությանը պետք չէ անլուրջ մոտենալ. այն ունի խորը արմատներ և տրամաբանված պատճառաբանություն: Թուրքիայի համար ամենացավոտ խնդիրներից մեկի` Հայոց ցեղասպանության հարցում Եվրամիությանն ու ԱՄՆ-ին հաճոյանալու համար, Էրդողանը չի խանգարում թուրք այլախոհներին խորհրդաժողովներ և գիտաժողովներ կազմակերպել. հայկական լոբբիի գործունեությանն էլ հակազդելու համար հայտարարում է, որ իր թուրք նախնիները ֆաշիստական մոտեցում են ցուցաբերել Օսմանյան կայսրության փոքրամասնությունների նկատմամբ, բայց միաժամանակ նշում է, որ թուրքերը նույնպես սպանվել են առաջին աշխարհամարտի ընթացքում` հայերի ձեռքով: Ո՞րն է այս երկդիմի քաղաքականության դրդապատճառը: Պատասխանը մեկն է` այլընտրանքային արտաքին քաղաքական արևելումը:

Թուրքիան իր ողջ պատմության ընթացքում վարել է ժամանակակից լեզվով ասած` կոմպլեմենտար քաղաքականություն: Նա իր դիվանագիտական զինանոցից երբեք դուրս չի մղել կտրուկ այլընտրանքային որոշումների ընդունման հնարավորությունը: Նույնը եղավ Լոզանում, Յալթայից հետո և հիմա: Չմոռանանք, որ Սառը պատերազմի ավարտից հետո պանթուրքիստական մղումները վերադարձան այդ երկրի քաղաքական օրակարգ: Նույնիսկ 2005 թ. հոկտեմբերին, երբ Լյուքսեմբուրգում որոշվում էր Թուրքիա-Եվրամիություն անդամակցության բանակցությունների ճակատագիրը, Անկարայում զինվորականները պաշտոնապես հայտարարեցին, որ եթե եվրոպացիները չցանկանան Թուրքիային տեսնել իրենց կազմում, «ապա դա աշխարհի վերջը չէ», – իրենք կարող են այլընտրանք գտնել:

Ճիշտ է, եվրոպական վեկտորը Թուրքիայի արդիականացման ու արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունն է, բայց այդ երկրում երբեք չեն բացառել դեպի Արևելք գնալու հնարավորությունը: Երբ վատթարանում են Եվրամիության կամ Արևմուտքի հետ հարաբերությունները Անկարան միշտ նայում է Ռուսաստանի, արաբական ու մահմեդական աշխարհի հետ հարաբերությունները ջերմացնելու տարբերակը:

Որ Ույգրստանում ցանկանում են անջատվել կենտրոնից և այդ հարցում ցեղախմբի ներկայացուցիչներն ակնկալում են թուրք եղբայրների աջակցությունը` աներկբա է: Ասվածն ապացուցեց Աշխարհի ույգուրների կոնգրեսի առաջնորդ, ույգուր թուրքերի 62-ամյա «մայր» Ռեբիա Քադիրը` հայտարարելով, որ ույգուրները Չինաստանում ճնշվում են, քանի որ իրենց պանթուրքիստներ են համարում: Նա համոզմունք հայտնեց, որ թուրք ժողովրդի աջակցությամբ ույգուր թուրքերը կհասնեն Չինաստանից անկախանալու նպատակին: Թուրքական կառավարությունն էլ 2 անգամ մերժելուց հետո վերջապես տրամադրեց ամերիկաբնակ վտարանդի Ռեբիա Քադիրին Թուրքիա այցելելու բաղձալի այցեգիրը:

Եվրոպան գիտակցում է թուրքական խաղերի էությունը. ֆրանս-գերմանական դաշինքն ընդդեմ Թուրքիայի ԵՄ լիիրավ անդամակցության հենց նման խաղերի դեմն առնելու վկայությունն է: Բայց Բրյուսելում լավ են գիտակցում, որ Թուրքիային վանելու դեպքում, նա կարող է երեսը թեքել դեպի Արևելք, ինչն էլ հղի կլինի անցանկալի հետևանքներով:

Դիտվել է 2649 անգամ:
Print Friendly

Leave a Reply