«Եթե հաշմանդամը մերժում է, պետք չէ զոռով անվասայլակը հրել…»

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | December 3, 2010 16:59

1992 թվականին ՄԱԿ-ի կողմից դեկտեմբերի 3-ը հռչակվեց՝ որպես հաշմանդամների միջազգային օր: Այսօր ողջ աշխարհում կրկին բարձրաձայնում են հաշմանդամների իրավահավասարության և արժանապատիվ կյանքի ապահովման մասին:

Հայաստանում հաշմանդամների խնդիրների վերաբերյալ լրագրողների հետ իրեն մտահոգությունները կիսեցին «Ունիսոն» ՀԿ-ի նախագահ Արմեն Ալավերդյանը, «Փրկություն» ՀԿ-ի նախագահ Արփինե Աբրահամյանը և «Հավատ» վատ լսող երեխաների կենտրոնի նախագահ Սուսաննա Ժամկոչյանը:

Հաշմանդամների հիմնական խնդիրներն են՝ Ֆիզիկական միջավայրի անմատչելիությունը, անհավասար կրթությունը, զբաղվածության խիստ ցածր մակարդակը, հասարակության սխալ վերաբերմունքը:

Հենաշարժողական խնդիրներ ունեցող հաշմանդամների համար, ըստ «Ունիսոն» ՀԿ-ի նախագահ Արմեն Ալավերդյանի, գլխավոր խնդիրներից է տրանսպորտի, շենքերի ու շինությունների մատչելիությունը.

«Չնայած որ բոլոր օրենքները, շինարարական նորմերը կան, բայց բազմաթիվ նորակառույց շենքեր՝ հենց քաղաքի կենտրոնում, շահագործման են հանձնվում առանց այդ նորմերի»,-նշեց Ալավերդյանը՝ թվարկելով դրանցից մի քանիսը. զրոյական մուտք կամ թեքահարթակներ, լայն դռներ, մինչև վերելակ հասնելու հնարավորություն և այլն:

Ինչ վերաբերումէ հին շենքերին, ապա Ալավերդյանի կարծիքով, միտում էլ չկա դրանք վերակառուցելու: Նա, օրինակ բերելով Ամերիկյան համալսարանը՝ նշեց, որ դա ևս խորհրդային ժամանակներին կառուցված շենք է, որը չի ունեցել այդ հարմարությունները, սակայն այսօր լիովին վերակառուցվել է՝ ըստ սահմանված չափանիշների.

«Երևի իրենց քաղաքականությունն է. եթե կա ամերիկյան բառը, ուրեմն չափանիշները պետք է համապատասխանեցված լինեն սահամնված նորմերին»:

Ալավերդյանը հաշմանդամների խնդիրների մեջ առանձնացրեց նաև մշակութային կյանքին ինտեգրվելու հարցը: Նրա խոսքով, Հայաստանում մշակույթը բոլորի համար չէ.

«Օրինակ, հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց համար համերգասրահներից հասանելի են միայն «Նարեկացի» արվեստի միությունն ու Կամերային երաժշտության տունը, իսկ թանգարաններից՝ միայն «Գաֆեսճյանը»-ասաց նա:

Հայաստանում կա շուրջ 180 հազար գրանցված հաշմանդամ: Ըստ բանախոսների, նրանց մեծ մասն աշխատունակ է, սակայն աշխատանք գտնել չի կարողանում:

Արփինե Աբրահամյանի խոսքով, մտավոր խնդիրներ ունեցող մարդիկ, օրինակ, պոտենցյալ աշխատուժ են, սակայն ցանկություն և համբերություն չկա նրանց աշխատանքի վերցնելու:

Երբ կազմակերպությունը Երևանի վարչական շրջանների զբաղվածության կենտրոններին հարցում է կատարել՝ պարզելու, թե հաշվառված հաշմանդամների մեջ կա՞ն, արդյոք, մտավոր խնդիրներ ունեցողներ, շատերն են զարմացել այդ հարցումից.

«Դա գալիս է իրազեկման պակասից,-նշեց նա,-երևի նրանք տեղյակ չեն, որ թեթև, անգամ միջին աստիճանի մտավոր խնդիրներ ունեցողները պոտենցյալ աշխատուժ են և ավելի պարտավորված են աշխատում, քան առողջները»:

Սուսաննա Ժամկոչյանն էլ կարևորեց հաշմանդամների կրթության հարցը՝ հատկապես ինքնուրույնություն ձեռք բերելու առումով.

«Երկրում ամրագրված է ներառական կրթության մասին օրենքը, և քսանից ավելի դպրոցներում արդեն իրականացվում է այդ կրթությունը, սակայն կարևոր է, որ ներառական կրթության հիմքը դրվի նախադպրոցական հասակից, ինչը մեր երկրում անտեսված է»,-նշեց նա:

Բանախոսներն, այնուամենայնիվ հաստատեցին, որ նախորդ տարիների համեմատ, շատ բան է փոխվել՝ հատկապես հասարակության վերաբերմունքի առումով.

«Պետք չէ չափից ավելի հոգատարություն կամ խղճահարություն դրսևորել հաշմանդամ տեսնելիս,-կարծում է Ալավերդյանը,-գոյություն ունի հաշմանդամի հետ շփվելու էթիկետ. եթե անգամ տեսնում եք, որ ակնհայտ է ձեր օգնության կարիքը, էլի պետք է հարցնեք՝ կարելի է օգնել, թե ոչ: Եթե հաշմանդամը մերժում է, պետք չէ զոռով անվասայլակը հրել…»:

Դիտվել է 1058 անգամ:
Print Friendly

Leave a Reply