Ի՞նչ, որտե՞ղ և ե՞րբ

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | December 7, 2010 9:00

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի  համաժողովի ավարտից հետո ՀՖՖ նախագահը հանդիպեց զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Ահա թե ինչ հարցեր հնչեցին:

– Որո՞նք են ձեր անելիքներն առաջիկա տարիներին:

– Ես ասել եմ ու ասելու եմ, որ մեր հաջող մրցելույթները միջազգային մրցասպարեզներում առաջին հերթին կախված են մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումից: Ինչպես գիտեք, հիմա Հայաստանի մարզերում ֆուտբոլային ենթակառուցվածքներ չկան: Հաջորդ 4,5 տարիների ընթացքում շեշտը դրվելու է մարզերում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման վրա: Առաջին հերթին խոսքը վերաբերում է Գյումրիին ու Լոռիին։  Շիրակում կկառուցվի 6 խաղադաշտ՝ 1 արհեստական ու 5 բնական խոտածածկով։ Իսկ Լոռիում կկառուցվի 4 խաղադաշտ, որոնցից մեկը  նույնպես լինելու է արհեստական խոտածածկով։
– Ի՞նչ եք պատրաստվում անել մրցավարության հետ կապված խնդիրները լուծելու, իրավիճակը շտկելու համար:

– Ֆեդերացիան սխալ է գործել՝ մրցավարության խնդիրները լիովին վստահելով մրցավարական բաժնի արդեն նախկին պետ Արարատ Ճաղարյանին: Վերջինս շատ վատ արարք է կատարել, որի համար պատժվել է, ընդ որում՝ շատ խիստ ձևով։ Հասկանալի է, որ այդ ամենն արվում էր ինձ վարկաբեկելու նպատակով։ Երբ մրցավարը «Միկա» – «Փյունիկ» խաղին 11-մետրանոց է նշանակում, ու «Փյունիկը» հաղթանակ է տոնում, իսկ խաղից հետո հնչած հարցին, թե ինչու ես արել դա, ապուշի հայացքով նայում է քեզ ու ժպտում, պարզ է, որ նպատակն ինձ վարկաբեկելն է։ Ունենք լավ երիտասարդ մրցավարներ, որոնք ընդամենը մի փոքր վերապատրաստման կարիք ունեն։ Նրանց հետ արդեն աշխատում են մրցավարական բաժնի նոր պետ Կարեն Նալբանդյանը և երկու փորձառու մասնագետ:
– Ի՞նչ եք անելու, որ Ռուսաստանի  ընտրանու հետ մարտ ամսին կայանալիք հանդիպմանը հավաքականը ներկայանա նույն մարզավիճակով, ինչ հոկտեմբերին էր։

– Առաջնությունը մեկնարկելու է մարտի 1-ին, որպեսզի  Հայաստանի թիմերում հանդես եկող հավաքականի ֆուտբոլիստները պատասխանատու խաղից առաջ լավ մարզավիճակում լինեն: Ազգային հավաքականը փետրվարին ուսումնամարզական հավաք կանցկացնի Կիպրոսում: Երկու ստուգողական հանդիպում կլինի, առաջինը` փետրվարի 9-ին:
– Երբեմն ձեզ մեղադրում են կոշտ պահվածքի համար:

– Ես ֆուտբոլիստներին իմ երեխաների նման սիրում, գրկում, շոյում, նաև նրանց վրա բարկանում եմ։ Այո, խոստովանում եմ` մի ֆուտբոլիստի ծեծել եմ, նրա անունը Կակոսյան է, որը երեխաների ներկայությամբ իրեն թույլ տվեց հայհոյել։ Նրան ես ապտակել եմ, բայց միայն նրան:
– Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի երիտասարդական հավաքականի այժմ արդեն նախկին գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլևի աշխատանքը:

– Ներկայումս երիտասարդական ընտրանու գլխավոր մարզչի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար բանակցում եմ երկու մարզիչների հետ։ Նրանցից մեկի հետ, որի գալը պարզապես երազում եմ, արդեն 4 տարի բանակցում եմ։ Ինչու՞ եմ ասում երազում եմ, որովհետև նա իր երկրի երիտասարդական ֆուտբոլում հեղափոխություն է կատարել։ Կա ևս մեկ թեկնածու: Թույլ տվեք անուններ չասել:  Գաղտնիքներ չունեմ։ Պարզապես բանակցելու ընթացքում մանևրելու հնարավորություն պետք է ունենամ։ Ինչ վերաբերում է Սերիցլևին, ապա նրա աշխատանքը տեխնիկական տնօրենի պաշտոնում  գնահատում եմ «գերազանց», իսկ երիտասարդական հավաքականում՝ «բավարար»: Դեպքեր են եղել, որ խաղացողներին լավ չճանաչելու պատաճառով նա կազմի  ոչ ճիշտ ընտրություն է կատարել, և մեր թիմը նրա մեղքով պարտվել է:
Դիտվել է 819 անգամ:
Print Friendly

Leave a Reply