Ամեն մարդ չի կարող…

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | December 5, 2010 8:00

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 8-րդ համաժողովից  առաջ արդեն կրքերը բորբոքվել էին: Բանն այն է, որ խոսակցությունները շատ էին, թե ՀՖՖ  նախագահ Ռուբեն Հայրապետյանի ցանկությամբ գործկոմի կազմում ԲՀԿ ներկայացուցիչներ չեն լինելու: Եվ ասվածը հատկապես վերաբերում էր Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Վահրամ Առաքելյանին և Ռուբեն Սինոյանին: Դժվար է ասել, դա էր պատճառը, թե մեկ այլ բան, սակայն նրանք, նաև Ֆիզկուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ֆուտբոլի բաժնի վարիչ Արամ Գրիգորյանը չվերընտրվեցին գործկոմի կազմում: Ընդ որում, այդ կառույցի անդամների ցուցակը քվեարկությամբ առաջարկեց հաստատել ՀՖՖ նախագահը:

Բայց ամեն ինչի մասին` ըստ  հերթականության:

Համաժողովն անցկացվեց ՀՖՖ շտաբ-բնակարանի նիստերի դահլիճում: Միջոցառումը լուսաբանելու նպատակով ներկա գտնվող լրագրողներին վերին հարկի մեկուսացված օթյակում էին տեղ հատկացրել: Գուցե դրա մեջ վատ բան չկար, բայց երկրորդ շարքի աթոռներին նստածները միայն դահլիճի առաստաղը և կախված լուսամփոփն էին տեսնում, իսկ տհաճն այն էր, որ տեղերն էին սահմանափակ: Եվ շատ լրատվամիջոցների ներկայացուցիչներ  ստիպված էին համաժողովի ընթացքին հետևել ոտքի վրա: Իսկ այն կարճատև չէր, թեև միայն արարողակարգային ելույթներ եղան` ՀՖՖ նախագահի հաշվետվություն, գործադիր տնօրենի ֆինանսական հաշվետվություն, աուդիտորական ընկերության ներկայացուցչի զեկույց,  կազմակերպության կանոնադրութան ներկայացում` նոր խմբագրությամբ:

Ի դեպ,  ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, ՀԱՕԿ-ի ոչ մի պաշտոնյա համաժողովում  չերևաց: Անսովոր էր, որ համաժողովը վարելու համար նախագահ չընտրվեց, թերևս դրա «անհրաժեշտությունը» չկար, քանի որ ՀՖՖ նախագահն ինքն անխոս ստանձնեց այդ «բեռը»: Ընդ որում, կազմակերպության ֆեդերացիայի նախագահի ընտրության համար առաջադրվեց միայն մեկ թեկնածու` ֆեդերացիայի գործող նախագահ Ռ. Հայրապետյանը, որն էլ ընտրվեց միաձայն` բաց քվեարկությամբ: Այսպիսով, նա, երրորդ անգամ ընտրվելով,  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կղեկավարի ևս 4,5 տարի:

Հայրապետյանն առաջարկեց ընտրել գործկոմի նոր կազմ` 17 անդամով:  Դարձյալ բաց քվեարկությամբ և միաձայն բոլոր առաջադրված թեկնածուներն ընտրվեցին: Ուշագրավն այն է, որ համաժողովի ժամանակ նախագահող ՀՖՖ նախագահը մի շարք հարցերի հետ կապված քվեարկություններ անցկացրեց, և բոլորի   դեպքում էլ չգտնվեց մեկը, որ ոչ  միայն դեմ, այլև ձեռնպահ քվեարկի:

Համաժողովի ավարտից հետո, երբ Ռ. Հայրապետյանին հարցրին, թե ինչու ուրիշները չեն ցանականում  դառնալ ՀՖՖ նախագահ, նա կատակեց ասելով, որ տեղյակ չէ,  միայն իր ընկեր, ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է հայտնել, որ եթե իմանար, իր թեկնածությունը  նույնպես կառաջադրեր այդ պաշտոնում ընտվելու համար, որպեսզի Հայրապետյանից փող ուզեր և միայն դրանից հետո հրաժարվեր ընտրապայքարից: Ինչ խոսք, չէր կարող չհետաքրքել, թե ինչու գործկոմի կազմում չէ Վ. Առաքելյանը: Ռ. Հայրապետյանը պարզաբանեց, որ թեկնածուներին ներկացրել են, և այդպիսին է եղել ընտրությունը: Ի դեպ, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը բոլոր երկրներում էլ  գայթակղիչ է,  իսկ թե ինչու Հայաստանում չի գտնվել թեկուզ մեկը, որ ցանկություն ունենար առճակատել այն զբաղեցնելու համար, միայն կարելի է ենթադրել: Այդ մասին Ռ. Հայրապետյանն իր  ուրույն մեկնաբանությունը տվեց. «Առաջադրվողներ չկան: Ֆուտբոլի ֆեդերացիան ըմբշամարտի, ձյուդոյի, ծանրամարտի, թենիսի, բասկետբոլի ֆեդերացիա չէ: Ծանր, դժվար, անշնորհակալ աշխատանք է, ամեն մարդ չի կարող: Շատ ուրախ կլինեմ, եթե մեկ ուրիշը պատրաստ լինի շարունակել, եթե լինեն թեկնածուներ` իրենց ծրագրերով: Նոր մտքեր լինեին` կկարողանայինք օգտագործել: Ութ տարի առաջ ընտրվել եմ ֆեդերացիայի նախագահ: Այն ժամանակ անմխիթար վիճակ էր: Ֆեդերացիայի աշխատողները սպասում էին, որ աթոռ ազատվեր: Մի հատ համակարգիչ կար: Այսօր ֆուտբոլի ֆեդերացիան ավելի մեծ կառույց է, քան սպորտի նախարարությունը` բյուջեից սկսած և բոլոր աշխատանքներով ավարտած: Մնացած բոլոր մարզաձևերի թիկունքում պետությունն է, իսկ մենք պետական բյուջեից 8 միլիոն դրամ ենք ստանում: Մի տարի առաջ բոլորը բղավում էին` Նեմե՛ց, հեռացիր: Իսկ երբ հավաքականը հաջող է խաղում, ոչ ոք չի ասում` ապրի Հայրապետյանը: Լավ է խաղում հավաքականը` կեցցեն մարզիչն ու ֆուտբոլիստները, վատ է խաղում` բղավում են` Նեմե՛ց, հեռացիր: Իսկ իմ երազանքն է, որ Ռուբեն Հայրապետյանի հեռանալը ցանկանան այն ժամանակ, երբ Հայաստանի հավաքականը չկարողանա Եվրոպայի առաջնության եզրափակչի ուղեգիր նվաճել»:

ՈւԵՖԱ-ի գործկոմի անդամ, Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գրիգորի Սուրկիսը, որ մասնակցում էր  համաժողովին, ողջույնի խոսքում բարձր` «հինգ աստղ» գնահատեց ՀՖՖ-ի աշխատանքը: Նա` որպես Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի Լեհաստանի հետ համակազմակերպիչ երկրի ներկայացուցիչ, վկայակոչելով ընտրական մրցաշարում աշխարհի առաջնության եզրափակչի մասնակից Սլովակիայի հավաքականի նկատմամբ Հայաստանի ազգային ընտրանու տարած վստահ հաղթանակը, հայտնեց, որ Հայաստանի հավաքականը եզրափակիչ մրցաշարի ուղեգրի համար պայքարելու իրական հնարավորություն ունի: «Չեմ կասկածում, որ Հայաստանի հավաքականը պայքարելու է «Եվրո-2012»-ի եզրափակչի ուղեգրի համար: Վստահ եմ, որ հավակնություններն առաջիկայում կարդարացվեն խաղադաշտում: Այն աշխատանքը, որ այսօր տեսնում եմ,  հնարավորություն է տալիս հավատալու, որ Հայաստանի հավաքականը դուրս կգա եզրափակիչ: Դրա համար անհրաժեշտ բոլոր հնարավորությունները դուք ունեք: Մենք սպասում ենք ձեզ Ուկրաինայում»,- ասաց Սուրկիսը:

Ներկաներն արձագանքեցին բուռն ծափողջույններով: Դրան ի պատասխան` Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը մաղթեց, որ ծափեր հնչեն նաև այն ժամանակ, երբ Հայաստանի հավաքականը տիրանա Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի:

Դիտվել է 1375 անգամ:
Print Friendly

Leave a Reply