Արցախում 2006թ-ից իրականացվում են Տիգրանակերտի պեղումներ, որոնց արդյունքներն ամփոփելու համար ներկայացնում ենք հարցազրույց Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար, Երեւանի պետական համալսարանի մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանի հետ

Հարցազրույց | | November 30, 2010 18:24

Արցախում 2006թ-ից իրականացվում են Տիգրանակերտի պեղումներ, որոնց արդյունքներն ամփոփելու համար ներկայացնում ենք հարցազրույց Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար, Երեւանի պետական համալսարանի մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանի հետ

Ամփոփելով հինգ տարիների ընթացքում իրականացված պեղումների արդյունքները` ի՞նչ կարող ենք արձանագրել:

-Մեր արշավախումբը 2005թ. ճշգրտել է Արցախի Տիգրանակերտի կոնկրետ տեղադրությունը, իսկ 2006-2008թթ. պեղումներ ենք իրականացրել քաղաքի եւ նրա մերձակայքի տարբեր հատվածներում, որոնց հետեւանքով երեւան են հանվել Միջնաբերդի կառույցները, Ամրացված թաղամասի պարիսպները, նույն թաղամասի դարավանդներից մեկի հենապատը, Կենտրոնական թաղամասի բազիլիկ եկեղեցին: Պեղումների միջոցով վեր հանած կառույցները եւ նյութերը հավաստում են, որ Տիգրանակերտը եղել է քաղաքաշինական առաջադեմ հատակագծմամբ եւ շինարարական տեխնիկայով ստեղծված ընդարձակ մի բնակավայր, որը հիմնադրվելով մ.թ.ա. առաջին դարում հարատեւել է մինչեւ 14-րդ դարը: Այն ամբողջովին կառուցվել է տեղական սպիտակ կրաքարից, փռվել է լեռան լանջն ի վեր (արհեստական դարավանդների տեսքով) եւ ստորոտի հարթավայրում, ունեցել է հզոր պարիսպներ, ժայռափոր ջրանցքներ: Տիգրանակերտը եղել է այգիների մեջ թաղված սպիտակ քաղաք:


-Պրն. Պետրոսյան, Տիգրանակերտը, գտնվելով լեռան լանջին, բավականին անհարմար աշխարհագրական դիրք ունի: Ինչպե՞ս է պատահել, որ այն մինչեւ 14-րդ դար համարվել է տարածաշրջանի ամենամեծ քաղաքներից մեկը, ինչո՞վ է այն գրավել մարդկանց:

-Քաղաքը բաղկացած է եղել Ամրացված թաղամասից, որը գտնվել է լեռան լանջին, նրա ամենաբարձր կետում տեղադրված է եղել միջնաբերդը, որի մուտքն ամենայն հավանականությամբ ներքնամասում է եղել, քանի որ մինչեւ հիմա պեղումների արդյունքում չի հայտնաբերվել: Տիգրանակերտը միանշանակ հզոր կառույց է եղել, եւ դա են ապացուցում բազմաթիվ գտածոներ: Այնտեղի քաղցրահամ աղբյուրներով է պայմանավորված, որ հենց այդ տեղում է կառուցվել քաղաքը, եւ առնվազն մի քանի հազար բնակչություն է ունեցել:

-Իսկ ինչո՞վ են նշանավորվում այս տարվա պեղումները:

-Այս տարվա պեղումների արդյունքում մենք անտիկ մի թաղամաս ենք հայտնաբերել, որի մոտավոր տարածքը 6-7 հա է: Այս տարի նաեւ պեղել ենք Տիգրանակերտի անտիկ դամբարանադաշտերից մեկը: Այն ժամանակներում թաղումների հետ գույք էր դրվում: Պեղումների արդյունքում ոչ միայն ամբողջական իրեր ենք գտնում, այլեւ դրամներ: Այս տարի մենք գտել ենք պարթեւական երկու դրամ` մ.թ.ա առաջին դարին վերաբերող: Մեզ նաեւ հաջողվեց պարզել Տիգրանակերտի քրիստոնեական կյանքը: Նշեմ, որ դեռ վաղ միջնադարում Տիգրանակերտը շարունակում էր պահպանել մեծ քաղաքի իր համբավը: Մենք այդ մասին հուշող մի քանի աղբյուրներ ունեինք, սակայն այս պեղումները հաստատեցին այդ վկայությունները: Տիգրանակերտի բազիլիկ տաճարն այսօր Կովկասի ամենամեծ միանավ սրահներից մեկն է, իսկ փոքր քաղաքը չէր կարող նման մեծությամբ տաճար ունենալ: Պեղումները նաեւ ցույց են տալիս, որ քաղաքը գոյատեւել է առնվազն մինչեւ մոնղոլական արշավանքները:

-Բավականին մանրամասն նկարագրեցիք Տիգրանակերտը: Իսկ ո՞րն է պատճառը, որ մինչեւ հիմա չի պատրաստվել քաղաքի մանրակերտը:

-Մանրակերտ պատրաստելու նպատակ կար, սակայն պեղումների արդյունքներն այսօրվա վիճակով դեռ բավարար չեն, որպեսզի կարողանանք մանրակերտ ստանալ, էֆեկտիվ չի լինի: Չնայած փորձեր արվել են: Վերջերս ֆիլմ է նկարահանվել Տիգրանակերտի մասին, որտեղ նման փորձ կա, սակայն դրանք այդքան էլ գիտական չեն, եւ մենք չենք կարող նման մանրակերտ պատրաստել: Փոխարենը մի շարք ցուցահանդեսներ եւ Տիգրանակերտի թեմայով դասախոսություններ ենք կարդացել արտասահմանում: Երեք ցուցահանդես ենք կազմակերպել Երեւանում, երկուսը` Ստեփանակերտում, մեկը` Ժնեւում, իսկ ԱՄՆ-ում եւ Եգիպտոսում մի շարք դասախոսություններով եւ զեկույցներով ենք հանդես եկել: Հիմնականում մեզ հրավիրել են տվյալ երկրների հայկական համայնքները:

-Պրն. Պետրոսյա’ն, ե՞րբ հնարավոր կլինի քաղաքի հստակ պատկերը ստանալ, եւ պեղումները դեռ քա՞նի տարի կտեւեն:

-Տիգրանակերտի պեղումներն ավելի մեծ տեմպով անելն ուղղակի անթույլատրելի է: Տիգրանակերտում հնագիտական նյութը շատ հարուստ է, եւ արշավախումբը պետք է ժամանակ ունենա այդ նյութերը մշակելու, վերականգնելու եւ հասկանալու համար: Հնագիտական պեղման նպատակը ոչ միայն հողի տակից բազմաթիվ նյութեր հանելն է, այլեւ տվյալ բնակավայրի կամ տարածքի մշակութային կերպարի վերհանումը: 70 օրվա պեղումների արդյունքում հայտնաբերված իրերի միայն ցուցակները կազմելը տեւում է երեք ամիս: Մեր նպատակը հետազոտելն է, եւ այդ տեսակետից կարելի է ասել, որ արշավախումբն աշխատում է արագացված ռեժիմով: Մինչդեռ ըստ միջազգային փորձի` ընդհանրապես արշավախմբերն աշխատում են 40-60 օր: Եթե մենք Տիգրանակերտի պեղումները շարունակենք այս տեմպերով, ապա քաղաքի հիմնական կերպարը հասկանալու համար 15-20 տարի ժամանակ է անհրաժեշտ:

-Պեղումների ընթացքում ամենամեծ բացահայտումը ո՞րն է եղել, եւ որտե՞ղ եք պահում քաղաքի գտածոները:

-Պեղումների ժամանակ ամենամեծ բացահայտումը ծիծեռնակապոչ կապերով պարսպապատի, բազիլիկ եկեղեցու ու դրա կավե սկավառակի, անտիկ դամբարանադաշտի հայտնաբերումն էր: Տեղեկացնեմ, որ Ստեփանակերտում կառուցվում է հատուկ պահադարան: Շուտով կավարտվի դրա ներքին հարդարման աշխատանքները, եւ մենք կկարողանանք պեղումների արդյունքում գտած առարկաները հատուկ պայմաններում պահել այդտեղ, իսկ հիմա դրանք գտնվում են Երեւանի պետական համալսարանի հնագիտության լաբորատորիայում: Այն նմուշները, որոնց պահպանման համար հատուկ պայմաններ անհրաժեշտ չեն, ցուցադրվում են Տիգրանակերտի թանգարանում: Ամեն տարի պեղումների արդյունքում հայտնաբերվում է 600-800 իր, եւ այժմ 3000-ից ավելի գտածո նմուշ ունենք: Գտնելու պահին այդ նմուշները շատ են լինում, սակայն վերականգնման փուլում լինում են բազմաթիվ կտորներ, որոնք միացվում են իրար, քանի որ մեկ առարկայի կտորներ են:

-Պեղումներին միայն ԼՂՀ կառավարությո՞ւնն է աջակցում:

-Այո’: Ընդ որում` այս տարի ավելի քիչ գումար է տրամադրվել, քան նախորդ տարիներին` ընդամենը 25 միլիոն դրամ: Կառավարությունը ֆինանսավորում է կոնկրետ պեղումները եւ մի փոքր գումար էլ` արշավախմբի կարիքների համար է տրամադրվում, սակայն պեղումների իրականացման համար անհրաժեշտ տեխնիկայի վերազինման համար գումար չի տրամադրվում: Տեխնիկայի մեծ մասը ձեռք է բերվում մասնավոր միջոցներով:

Հարցազրույցը`   Աննա Եղիազարյանի

armenpress.am

Դիտվել է 2378 անգամ:
Print Friendly

Leave a Reply