Իրավագիտակցության կարևորությունը

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | November 7, 2010 9:00

Մարդը, լինելով հասարակության հիմնական և անփոխարինելի բաղկացուցիչը, օժտված է անօտարելի բնական և պոզիտիվ (դրական) իրավունքներով, ազատություններով, որոնք բնականոն կյանք վարելու նախապայման են: Սակայն լինում են դեպքեր, երբ այս կամ այն անձի կամ էլ մարմնի կողմից ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման հետևանքով այդ իրավունքներն ու ազատությունները խախտվում են, և դրանք վերականգնելու կամ օրենքով սահմանված ձևերով ու եղանակներով պաշտպանելու անհրաժեշտություն է առաջանում: Իսկ դա իրականացնելու առաքելությունը հավասարապես վերապահված է թե՛ պետությանը և թե՛ հենց  իրեն` մարդուն: Բայց որպեսզի մարդն իմանա իր իրավունքները, ազատություններն ու պարտականությունները, պետք է իրավագիտակցության որոշակի մակարդակ ունենա, այսինքն` իրավագիտակցության բարձր մակարդակն իրավունքների պաշտպանության իրավական երաշխիք է:

Իրավաբանական գրականության մեջ «իրավագիտակցություն» հասկացության բազմաթիվ սահմանումներ կան, սակայն առավել ընդունելի է այն տեսակետը, համաձայն որի` «իրավագիտակցությունը, լինելով հասարակական գիտակցության ձևերից մեկը, մարդկանց, նրանց միավորումների, ամբողջ հասարակության հայացքների, գաղափարների, պատկերացումների ամբողջությունն է իրավունքի և իրավական երևույթների վերաբերյալ»:

Իրավագիտակցության ձևավորման համար նախ և առաջ պետք է ուշադիր կարդալ երկրի հիմնական օրենքը` սահմանադրությունը: Դրանից հետո անպայմանորեն կծագեն հարցեր,  որոնց պատասխանները կարելի է գտնել, օրինակ, օրենքներում, որոնք ավելի կոնկրետ են այդ հարաբերությունները կարգավորում և տեղակայված են ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքէջում` www.parliament.am: Կամ էլ դիտել այն հաղորդումները, որոնք շոշափում և քննարկում են իրավական բնույթի հարցեր: Ի դեպ, վերջերս տպագրվել է «ՀՀ Սահմանադրության մեկնաբանություններ» գիրքը, որտեղ մեկնաբանված են բոլոր հոդվածները և կարող են ուղղորդող նշանակություն ունենալ կյանքի համապատասխան իրադրություններում հայտնված մարդկանց համար: Այդ գրքի էլեկտրոնային տարբերակը տեղադրված է ՀՀ Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում` www.concourt.am:

Իսկ որպեսզի իրավագիտակցության դերն ավելի հստակ պատկերացնենք, փորձենք դրա կարևորությունը ներկայացնել  որոշակի օրինակների հիման վրա:

ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածում ասվում է. «Յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք: Օրենքով նախատեսված դեպքերում իրավաբանական օգնությունը ցույց է տրվում պետական միջոցների հաշվին»: Իրավաբանական օգնություն ստանալու բաղկացուցիչ մաս է կազմում նաև նրա անհատուցելիությունը, քանի որ առօրյա կյանքում լինում են դեպքեր, երբ քաղաքացին ի վիճակի չէ կատարելու նման չափերի ծախսեր: Այս պարագայում նրան իրավաբանական օգնություն տրվում է պետական միջոցների հաշվին: ՀՀ «Փաստաբանության մասին» օրենքի համաձայն` անվճար իրավաբանական օգնություն տրամադրվում է երկու դեպքում` ալիմենտի գանձման վերաբերյալ գործերով և խեղման կամ առողջությանն այլ վնաս պատճառելու, ինչպես նաև կերակրողի մահվան հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման վերաբերյալ գործերով:  Իսկ այս ամենի չիմացությունը խոսում է անձի` իր իրավունքների պաշտպանության համար իրավական գիտելիքների նվազագույն զամբյուղի, իրավագիտակցության տարրական մակարդակի բացակայության մասին, որի պատճառով նա ստիպված է լինում ավելորդ տեղը գումարներ ծախսել:

Մեկ այլ օրինակ. երկու քաղաքացի իրար միջև կնքել են վարձակալության պայմանագիր, վավերացրել նոտարական կարգով, սակայն վարձակալն օրենքով սահմանված ժամկետում այդ իրավունքը չի գրանցել պետական լիազոր մարմնում, դրա  հետևանքով այդ վարձակալության պայմանագիրը համարվում է անվավեր: Ու եթե հանկարծ նրանց միջև վեճ ծագի, ապա վարձակալ կողմը կհամարվի սխալ, որովհետև նա, չիմանալով որոշակի ժամկետում այդ իրավունքի պարտադիր գրանցման մասին, խախտել է պայմանագրի պայմանները և այն դարձրել առոչինչ. ու եթե դրա հետևանքով նա վարձատուին վնաս է պատճառել, ապա պետք է փոխհատուցի այն:

Այժմ շատ տարածված երևույթ է դարձել մեկից պարտքով փող վերցնելը: Շատերը, վստահելով դիմացինին կամ չիմանալով օրենքի պահանջը, առանց որևէ գրավոր փաստաթղթի տալիս են գումարը: Սակայն հարկ է տվյալ պարագայում գումարը տալ` այն ձևակերպելով ստացականով, որը հետագայում վեճ առաջանալու դեպքում հնարավորություն կտա օրինական հիմքով պահանջելու գումարը:

Հենց այս համատեքստում է առաջանում նաև իրավաբանական խորհրդատվության անհրաժեշտությունը: Պարզվում է, որ իրավաբանի կողմից գրագետ ձևակերպված, ինչպես նաև հետագայում պատշաճ ներկայացված կից փաստաթղթերը մեծ մասամբ բարեհաջող ընթացք և ավարտ են ունենում:  Ուստի հնարավորության սահմաններում և դեպքում հարկ է, որ քաղաքացիները դիմեն իրավաբանի օգնությանը:

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Դիտվել է 5755 անգամ:
Print Friendly

Leave a Reply