Տուլիկ. զինվորը ամենաշատ սպասում է նրան

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | July 21, 2009 13:23

banak2Տուլիկիցս ղավուրմայի մի մեծ կտոր սոված զինվորների ձեռից մի կերպ պահեցի, որ ընկերոջս` Մոշին էլ հասնի: Ինքն արդեն քնած էր, արթնացրի, յուղոտ ղավուրման դրի ձեռը: «Էս ի՞նչ ա», քնաթաթախ հարցրեց, «տուլիկիցս ա, կեևր, համով ա»,- պատասխանեցի:

Առավոտ հարցրի` ո՞նցն էր ղավուրման, «Շատ համով էր»,-ասեց: Մի տարի հետո իմացա, որ ղավուրման ձեռքից պլստացել, ընկել ա անկողնու մեջ, զզվել է ու չի կերել: Տխրեցի: Ասել էր կերել եմ, որ ինձ վատ չզգամ:

Տուլիկիցդ, որ ընկերդ չօգտվի, սրտիդ դարդ է լինում, տուլիկդ ուզածիդ պես վայելած չես լինում:

«Տուլիկ»-ը հապավում է` տնային ուտելիքներով լի կապոց: Դա այն կապոցն է, որը զիմվորը ստանում է տնից: Այնտեղ, ուր ծառայում է զինվորը, եթե ծանոթ է գնալիս լինում, տուլիկը հետը ուղարկում են: Իսկ եթե ծանոթ չկա գնացող, երթուղայինների վարորդները 1000 դրամով տուլիկը տեղ են հասցնում : Երթուղայինով ուղարկելիս պարտադիր տուլիկի վրա գրում են, թե ում է հասցեագրված այն (անուն, ազգանուն), ծառայողի զորամասը, ստորաբաժանումը:

Ուղարկողը ապահովության համար պետք է վերցնի վարորդի հեռախոսի համարը, չի խանգարի, եթե մեքենայի համարն էլ վերցվի:

Վարորդը տուլիկը բերում թողնում է տուլիկների ստացման վայրը: Դա կարող է լինել ՀԱԿ-ը (հսկիչ անցագրային կետ), կարող է լինել ՀԱԿ-ին մոտ որևէ կրպակ:

Զինվորը մոտավորապես գիտի երթուղայինի գալու ժամն ու այդ ժամին գնում է տուլիկի հետևից: Խելամիտ զինվորները կսպասեն, որ աշխատանքային ժամը ավարտվի, սպաները տուն գնան, հետո նոր կգնան տուլիկի հետևից: Տուլիկը բերելուց շատ զգույշ պետք է լինել, որ հանկարծ ոչ մի սպա չտեսնի, քանի որ նա կարող է կանչել մոտը ու ստուգել, թե ինչ կա տուլիկի մեջ և խնդիր առաջացնել, թե ինչու է առանց թույլտվության տեղաշարժվել: Չի կարելի ՀԱԿ գնալ առանց զորամասի հերթապահի թույլտվության, իսկ զորամասի հերթապահից թույլտվություն վերցնելու հավես ոչ ոք չունի, մանավանդ, որ նա կարող է թույլ չտալ:

Տուլիկի մեջ պարտադիր չէ, որ ուտելիք լինի: Տուլիկ կա, որ պարունակում է զինվորի համար առաջին անհրաժեշտության իրեր` տելնյաշկա (զինվորական մայկա), գուլպա, սափրվելու պարագաներ և այլն:

Իսկ եթե տուլիկի մեջ անօրինական իրեր կան` հեռախոս, ոգելից խմիչք և այլն, ուրեմն այն զորամաս մտցնելիս շատ զգույշ պետք է լինել: Այդ դեպքում նախընտրելի է, որ զինվորը քաղաքում որևէ ծանոթ ունենա, որը տուլիկը զորամասի պատի վրայով հանձնի զինվորին:

Ընկերներն էլ անհամբեր սպասում են ընկերոջ տուլիկին, որ մի կտոր «քաղաքացիական» հաց ուտեն:

Մինչև բոլոր ընկերները չհավաքվեն տուլիկը չի բացվում: Իսկ եթե մեկը շատ է ուշանում, ապա նրա համար առաձին բաժին է պահվում: Սովորաբար տուլիկ ուտելու արարողությունը կատարվում է մահճակալների միջանցքում, ուտելիքը դրվում է աթոռների վրա: Եթե հնարավոր է լինում տուլիկը նաև ուտում են որևէ սենյակում: Սենյակում ուտելը ավելի հարմար է ու ապահով, հետևաբար սենյակում ուտելու համար սենյակի «տիրոջը»(սենյակ ունեն հեղինակություն ունեցող զինվորները) հյուրասիրում են, քանի որ թույլ է տվել իր մոտ ուտել:

Տուլիկն ուտում են նաև զորամասի թեյարանում, բայց այդ, որպեսզի թույլ տան, թեյարանից պետք է առևտուր անես: Տուլիկն ուտելուց հետո ավելացած մասը պահում են դարակներում, պահեստային սենյակում, որ հետո էլի ուտեն:

Վաշտի հրամանատարը կարող է արգելել դարակներում կամ պահեստային սենյակում տուլիկ պահելը, այդ դեպքում զինվորի համար նոր գլուխկոտրուկ է ստեղծվում, թե որտեղ պահի տուլիկը: Եթե հնարավորություն է լինում, այն պահվում է ուրիշ ստորաբաժնում:

Ոչ բոլոր զինվորներն են նման արարողակարգով տուլիկն օգտագործում, կան այնպիսիք, որ բոլորից թաքուն մի տեղ պահում են տուլիկը ու բոլորից թաքուն ուտում: Լինում է, որ զուգարան են տանում: Գավոն (զուգարան մաքրողը) ասում էր. «Էնքան եմ տեսել, որ զուգարանում խտացրած կաթը բացում են, համ քաքում են, համ ուտում: Բա ե՞ս եմ գառլախ, թե՞ իրանք»:

Երբ Գավոն զուգարանի կեղտերը տոպրակի մեջ լցրած քարշ էր տալիս, բղավում էր. «տուլիկ ա էկել, տուլի~կ»

Հաճախ է լինում, երբ մի զինվոր իմանում է, որ մեկ ուրիշի տուլիկ է ժամանում, գնում, ներկայանում է նրա տեղը, վերցնում տուլիկը ու վայելում իր ընկերների հետ: Նախկինում զինվորը փաստաթուղթ չուներ, որ փաստեր իր անձը և ստանար տուլիկը: Անձը հաստատող փաստաթուղթը` զինվորական գրքույկները, պահվում էին շարային մասում: Կարգը փոխվեց, և զինվորական գրքույկները տվեցին զինվորներին, որից հետո տուլիկը գրքույկը ցույց տալու դեպքում են հանձնում տիրոջը:

Լինում է, որ տուլիկդ մի տեղ պահում ես, հետո բացում ես ու տեսնում, որ մեջից բաներ են պակասել: Ուրեմն գողացել են: Եթե գողը բռնվում է, ծեծում են, «կոդրում են», սարքում են տասովշիկ (շիստյորկա), նրա հետ ոչ ոք չի շփվում, կամ շփվում են միայն իր նման ճակատագրին արժանացածները(նույն կերպ են վարվում նաև տուլիկի տիրոջ անունից տուլիկը վերցնողի հետ): Այնտեղ ուր զորամասի զուգարանը զինվորներն են մաքրում, տուլիկից թռցնողը սկսում է զուգարան մաքրել: Եղել է, որ տուլիկ թռցնողը բռնվելով` ինքնասպանության փորձ է արել:

Զինվորներից բացի լինում է, որ սպաերն են տանում տուլիկը: Նման բախտի արժանացած զինվորը պատմում էր, որ իր տուլիկը հերթապահությունում մի բարձրաստիճան սպա տեսել է, սուրհանդակին (վերակարգի տեսակ) հանձնարարել է վերցնել տուլիկը ու տանել իր հետևից. «Քածի մոտ էր գնում, բա մի բանով չհյուրասիրե՞ր»,- եզրափակեց զինվորը:

Տուլիկների մեծ հոսք է լինում նորակոչիկների երդման արարողության օրը: Երդումից ու ծնողներին հանդիպելուց հետո, բոլոր նորակոչիկները մի մեծ տուլիկ ձեռքներին մտնում են զորամաս: Այդպես, երբ ես իմ մեծ տուլիկը ձեռքիս մտա զորամաս, գնդի հերթապահը, որը կանգնած էր ՀԱԿ-ի մուտքի մոտ, նայեց տուլիկիս ու ասաց հեգնանքով. «Լավ ուրախացա՞ք», «Հա’, կարգին, մերսի», – պատասխանեցի ես, իսկ նա. «Դե սիկտիր էլի ծառայության, վաղվանից էլ չես ուրախանա»:

Տուլիկների ամենամեծ հոսքը լինում է նոր տարուց առաջ: Այդ օրերին տուլիկները խիստ հսկվում են, ՀԱԿ-ում հերթապահող ռազմական ոստիկանության սպաերը հատիկ-հատիկ ստուգում են, թե որ տուլիկի մեջ ինչ կա, հիմնականում ոգելից խմիչք են փնտրում: Զորամասի ներսում էլ սպաերն են վերստուգում: 2008թ. նոր տարվա տուլիկներից տասնյակ տուլիկների ուտելիքը թափեցին, թողեցին միայն քաղցրավենիքները: Որոշել էին, որ ուտելիքները փչացած են: Թե ինչպես էին որոշում փչացածը, բացատրեց մի սպա . «Երշիկը ձեռքով կիսում ես կիսվում ա, բա փչացած չի՞»: Իսկ պարենային ծառայության պետը առաջարկում էր ընդհանրապես արգելել տուլիկների մուտքը զորամաս:

Դիտվել է 4292 անգամ:
Print Friendly

Մեկնաբանություններ՝ (2)

  1. Մանան ասում է՝

    էս ի՜նչ գործ ա։ էլ արտահայտություն չմնաց որ դեմքս չընդունի։ շրջապատիս մարդիկ զարմացած ինձ էին նայում (հասարակական վայրում էի կարդում)։ Էլ խնդալ, էլ ժպտալ, էլ ասել վա՞յ․․․մի խոսքով։ Առանձնահատուկ հաճույք եմ ստանում Հովհաննեսի շարքը կարդալուց։ Նման բան ոչ մի տեղ չես գտնի։Ե՛վ թեման ա հետաքրքիր, և լավ ա գրած։ Ափսոս որ կոմիքսները լավ չեն երևում, շատ լավն ա տեքստը։ Ամեն անգամ առաջինը թերթում էդ շարքի նյութն եմ փնտրում։ Ապրե՜ս։

  2. Ուլիկ-Տուլիկ ասում է՝

    Հիմա 2000 է դարձել տուլիկ ուղարկելը

Leave a Reply to Ուլիկ-Տուլիկ