Գեղեցիկ ու առողջ մազեր` երջանիկ կին

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | July 20, 2009 17:46

kinԲժիշկները պարզել են, որ կնոջ հոգեվիճակն անմիջականորեն ազդում է մազերի վրա: Եթե կինը երջանիկ է, ապա մազերը փայլում են, իսկ մտահոգ վիճակից մազերը թափվում են, կորցնում փայլն ու ամրությունը:

Սակայն երջանկությունն, անգամ, անկարող է «փրկել» մազերը, եթե դրանք դուրս են մնացել տարրական հոգատարությունից:

Մազերը ճիշտ խնամելու համար վարսահարդարները խորհուրդ են տալիս որոշել մազերի տեսակը` նորմալ է, յուղոտ, չոր, թե խառը:

Ըստ մասնագետների, եթե մազերը փայլում են արևի տակ, հեշտ սանրվում են, լվանալուց հետո մի քանի օր մնում են մաքուր ու գեղեցիկ, ապա դրանք պատկանում են նորմալ տեսակին: Յուղոտ մազերը լվանալուց մեկերկու օր անց կրկին յուղոտվում են, կորցնում փայլը, դառնում ծանր ու կպչուն: Չոր մազերը վատ են արտացոլում լույսը, դժվար են սանրվում, ծայրերը շուտ կոտրվում են: Խառը տեսակը հիմնականում պատկանում է երկար մազերին, որոնց արմատները յուղոտ են, իսկ ծայրերը` չոր:

«Չոր մազերի պատճառը հաճախ ոչ ճիշտ խնամքն է` օճառով լվանալը, ֆենի հաճախակի օգտագործումը, կոպիտ սանրումը` հատկապես անորակ սանրերով, ներկը, արևը,-ասում է վարսահարդար Սվետլանա Ալեքսանյանը,- չոր մազերը պետք չէ հաճախակի լվանալ, այլ շաբաթը մեկ` օգտագործելով կրեմշամպուններ, որոնք պարունակում են վիտամին Բ, երիցուկի լուծույթ»:

Յուղոտ մազերը հատուկ խնամք են պահանջում, սակայն մասնագետների կարծիքով, կան մի շարք «չի կարելի»-ներ, որոնք պետք է հաշվի առնել: Օրինակ` յուղոտ մազերի դեպքում խորհուրդ չի տրվում գլխի մերսումը, մանր ատամներով սանրովշյոտկ» սանր) մազերի սանրելը: Ցանկալի չէ նաև մազերը ֆենով հարդարել, քանի որ դա ևս նպաստում է ճարպի արտազատմանը:

«Յուղոտ մազերը ևս պետք չէ հաճախակի լվանալ, քանի որ դրանից մաշկի և մազերի պաշտպանիչ շերտը վնասվում է, և յուղայնությունը ոչ թե պակասում է, այլ ավելանում,-ասում է վարսահարդարը,- յուղոտ մազերին չի կարելի շատ ձեռք տալ, կարևորը ճիշտ շամպուն ընտրելն է, նորմալ ու չոր մաշկի համար նախատեսված շամպուններ խորհուրդ չեմ տալիս օգտագործել յուղոտ մաշկի դեպքում»:

Մազերի յուղոտությունն, ինչպես ասում են մասնագետները, ամենաէֆեկտիվ թերությունն է, քանի որ բարելավում է մազի որակը` սնուցելով մազարմատները:

«Յուղոտ մազերը խնամելու համար պետք է ընտրել եղինջի, շալֆեի, ծովային ջրիմուռների լուծույթով, պրոտեիններով, A, C, K վիտամիններ պարունակող, ինչպես նաև հատուկ բուժիչ շամպուններ»,-ասում է վարսահարդարը:

Մազաթափությունը մազերի ամենատարածված խնդիրներից մեկն է, որը նյարդային լարվածության, վիտամինների պակասի, հորմոնալ փոփոխությունների կամ որևէ հիվանդության հետևանք է: Կանացի սեռական հորմոն էստրոգենի մակարդակը, որը նպաստում է մազերի աճին, հիմնականում հղիության ու դաշտանադադարի ժամանակ նվազում է, և մազերը սկսում են թափվել: Մազաթափությունը կարող է լինել նաև ժառանգական:

Միջին հաշվով մարդու գլխին աճում է 80.000 -150.000 մազ։ Մազն օրական աճում է 0,3-0,4մմով, իսկ ամսական` գրեթե 1սմով։ 60-ից 100 մազի թափվելը մասնագետները նորմալ են համարում, քանի որ հին մազերին պետք է փոխարինեն նորերը:

Ըստ մասնագետների` ցանկալի է ամեն ամիս մազերը մի քանի սանտիմետր կարճացնել ծայրերից, որպեսզի ավելի արագ աճեն ու ավելի առողջ տեսք ունենան։

«Մազաթափությանը շատ օգտակար են սոխն ու սխտորը,-խորհուրդ է տալիս վարսահարդարը,- սխտորը ճզմեք, խառնեք գերչակի յուղին և քսեք մազարմատներին, 15-20 րոպե անց մազերը լվացեք: Կա ևս մի դեղատոմս, որից շատերը, միգուցե, խուսափեն, բայց այն փորձված է ու շատ էֆեկտիվ: Հավի կեղտը խառնեք ձվի դեղնուցին կամ ձեթին և քսեք մազարմատներին: 10-15-րոպե պահելուց հետո մազերը լվացեք: Այս դիմակը ամսական 2 անգամից ավել խորհուրդ չեմ տալիս կիրառել»:

Մազերի ամենակարևոր խնամքը ճիշտ լվացումն է: Այն ունի ոչ միայն հիգիենիկ, այլ կոսմետիկ նշանակություն: Առողջ մազեր ունենալու համար պետք է ժամանակին լվանալ մազերը, իսկ ճիշտ ժամանակը կախված է մազերի տեսակից ու վիճակից:

«Մազերը կարելի է լվանալ 2-3 օրը մեկ անգամից մինչև 7-8 օրը մեկ, նայած մազերը որ տիպի են,- ասում է վարսահարդար Սվետլանա Ալեքսանյանը,- նրանք, ովքեր ամեն օր օգտագործում են մազերի կոսմետիկ միջոցներ` մուս գել, լաք, խորհուրդ եմ տալիս, նույնիսկ ամեն օր մազերը լվանալ, քանի որ այդ նյութերը, մազերին երկար մնալով, կարող են վնասել: Խորհուրդ չի տրվում մազերը լվանալ շատ տաք կամ շատ սառը ջրով, նորմալ ջերմաստիճանը 35-45օC-ն է, բացի այդ, որքան յուղոտ են մազերը, այնքան տաքից դեպի գոլ պետք է լինի ջուրը: Անհրաժեշտ է շամպունը երկու անգամ քսել, քանի որ առաջին անգամ այն միայն կեղտն է մաքրում, իսկ երկրորդ անգամ արդեն բուժական էֆեկտ է հաղորդում: Լվանալիս պետք է նաև ուշադիր լինել, որպեսզի մազերին շամպունի մնացորդներ չմնան»:

Ինչպե՞ս ընտրել մազերի ճիշտ մաքրող միջոց,-այս հարցը շատ կանանց է հուզում:

«Ճիշտ շամպուն ընտրելու ամենապարզ միջոցը տուփի վրայի ցուցումը ուշադիր կարդալն է և մազի տեսակին համապատասխան շամպուն գնելը: Մի քանի անգամ օգտագործելուց հետո պետք է հետևել արդյունքներին: Եթե շամպունի օգտագործումից հետո մազերը լիովին մաքրվում են, փայլում, հեշտ են սանրվում ու հարդարվում, ապա ընտրությունը ճիշտ է: Այն կարծիքը, թե ժամանակ առ ժամանակ պետք է շամպունը փոխել, ճիշտ չէ: Շամպունը կարելի է փոխել միայն այն դեպքում, երբ փոխվել է մազերի որակը»:

Մասնագետներն ասում են, որ հարկավոր է ուշադրություն դարձնել շամպունի բաղադրությանը: Օրինակ` ժենշենը ամրացնում է մազի կառուցվածքը, E վիտամինը պաշտպանում է մազարմատները, B5 վիտամինը նպաստում է մազի բաղադրությունը կազմող ամինաթթվի արտադրությունը: PP վիտամինն ամրացնում է մազարմատները:

«Մազերը չի կարելի հաճախակի ֆենել` հատկապես ամռանը,- ասում է վարսահարդարը,-շատ ավելի գեղեցիկ է, երբ ամռանը մազերը մի տեսակ «անփույթ» տեսք են ունենում, դա նաև նորաձև է»:

Մազերի ավելի երկարատև ու արդյունավետ խնամքի միջոց են դիմակները: Եթե մազերն ունեն խնդիրներ, ապա վարսահարդարներն ու կոսմետոլոգները խորհուրդ են տալիս մազի դիմակներ օգտագործել շաբաթական մեկերկու անգամ, իսկ պրոֆիլակտիկ նպատակներով` ամսական գոնե մեկ անգամ:

«Խորհուրդ եմ տալիս օգտագործել բնական դիմակներ,-ասում է վարսահարդարը,- ցանկացած կոսմետիկ դիմակ, թեկուզև ամենաորակյալը, իր մեջ քիմիա է պարունակում, և դրական ազդեցության հետ մեկտեղ նաև վնաս է հասցնում մազին: Օրինակ, մազերը սնուցելու համար կարելի է մայոնեզ քսել արմատներին, յուղոտ մազեր ունեցողներին խորհուրդ եմ տալիս ձվի դեղնուցով և գերչակի կամ կտավատի ձեթով դիմակներ, նորմալ մազերի համար ամենատարածված և էֆեկտիվ միջոցը կեֆիրն է, որը պետք է համաչափ քսել մազերին ու գլխի մաշկին, ծածկել ցելոֆանով, ապա վրայից` սրբիչով, թողնել 10-15 րոպե և լվանալ»:

Մազերի խնամքի կարևոր միջոց է սանրը, ուստի վարսահարդարը խորհուրդ է տալիս մեծ ուշադրություն դարձնել սանրի ընտրությանը` առավելությունը տալով բնական հումքից պատրաստված սանրերին: Ըստ վարսահարդարների` չի կարելի մազերը սանրել թաց վիճակում, ծայրահեղ դեպքում` սանրել ոչ թե մետաղական, այլ պլաստմասսայից կամ փայտե սանրով: Ընդհանրապես խորհուրդ է տրվում մազերը սանրել խոշոր ատամներով սանրով:

Մազերի վիճակը կախված է նաև սնունդից: Պետք է միշտ օգտագործել երկաթով ու ցինկով հարուստ սնունդ` երիկամ, լյարդ, ձու, ընկույզ, սունկ, իսկ գազարը, խնձորը, սոխը, սխտորն ու կաթնամթերքը պետք է անպակաս լինեն սեղանից:

Դիտվել է 18545 անգամ:
Print Friendly

Leave a Reply