Մինչև դանակը ոսկորին հասնի…

ԷՍՍԵ | | October 26, 2010 13:50

Այսօր ՀՀ արտաքին քաղաքականության առավել կարևոր գերակայություններն են ԼՂՀ հիմնախնդրի կարգավորումը և ցեղասպանության հարցը հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում: ԼՂՀ հիմնախնդրի լուծումը հնարավորություն կտա ՀՀ-ին կենտրոնացնել ուժերը երկրի տնտեսական  զարգացման վրա, հայ-թուքական հարաբերությունների կարգավորումը կնպաստի այդ տնտեսական վերելքին: Հայաստանը, սակայն, իր ուշադրությունից բաց է թողել կամ, ավելի ճիշտ, աչք է փակել ևս մի շատ կարևոր հիմնախնդրի վրա, այն է` Ջավախքը` իր դեմոգրաֆիական սարսափելի պատկերով ու ծանր քաղաքական-տնտեսական իրավիճակով:

ՀՀ-ն, մեղմ ասած, լուրջ խնդիրներ ունի իր հարևաններից երկուսի հետ` Ադրբեջան ու Թուրքիա, և «չգիտակցված ու չբարձրաձայնված»  խնդիր` Վրաստանի հետ: Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների էությունը քիչ թե շատ հայտնի է հասարակական լայն շրջաններին, իսկ հայ-վրացական  հարաբերությունների բարդացումները, որ միայն վերջին տարիներին են սկսել արծարծվել, առավել քիչ են հայտնի, ու դրանց մասին  հայ հասարակությունը միայն աղոտ պատկերացում ունի: Երբ խոսվում է Ջավախքի հիմնահարցի մասին, մարդիկ պարզապես թույլ ու անորոշ  տեղեկություններ ունեն Ջավախքի` բուն հայկական հող լինելու, առավել ևս նրա պատմության մասին: Շատերին թվում է` Ջավախքը վրացական տարածք է, որտեղ պարզապես հայկական տարրը մեծամասնություն է կազմում:  Այդ բացը  քիչ թե շատ լրացնելու նպատակով ստորև համառոտ ներկայացնում ենք Ջավախքի պատմությունը:

Մ.թ.ա VIII դարում հայաբնակ Ջավախքը Արգիշտի I-ը  միացրեց Վանի թագավորությանը, ինչի մասին վկայում է Խորխորյան արձանագրությունը: Հետագայում` մինչև 428 թվականը` հայկական թագավորության անկումը, Ջավախքը, Գուգարքի շրջանի մաս  լինելով,  մտնում էր Մեծ Հայքի կազմի մեջ: Դրանից հետո, հանգամանքների բերումով, Ջավախքը լինում է Պարսկական թագավորության, իսկ հետո՝ Արաբական խալիֆայության կազմում: IX դարում Սմբատ  I Բագրատունին Գուգարքը, որի կազմում էր Ջավախքի շրջանը, միացնում Է իր թագավորությանը: Ավելի ուշ, հայկական թագավորության թուլացման հետևանքով, Ջավախքը X դարի վերջում- XI դ. սկզբում  և XII դարի վերջում- XIII կեսերին մտնում էր անկախ Վրացական թագավորության կազմի մեջ: Սակայն արդեն 1266 թ. Թմկաբերդի հայ իշխան Սարգիս Ջավախեցին հիմնում է ինքնավար Սամցխեթյան իշխանությունը, որը գոյատևեց մոտ 3 դար` մինչև 1535 թ.: 1547-ից Ջավախքը կցվեց Օսմանյան կայսրությանը և մնաց նրա կազմում մինչև 1829 թ., երբ 1828-1829թթ. ռուս-թուրքական պատերազմի արդյունքում շրջանը անցավ Ռուսական կայսրությանը:

1917 թ. Ցարական Ռուսաստանի անկումից հետո Ջավախքը երկու անգամ` 1918 և 1921 թթ. ենթարկվեց թուրքական հարձակումների: Հայ բնակչությունը փորձում էր փրկություն գտնել վրացական տարածքում, բայց վրացական զորքերը թույլ չտվեցին հայ փախստականների մուտքը վրացական  ներքին շրջաններ: Թուրքական ջարդերի, սովի, ցրտի ու հիվանդությունների հետևանքով  1918-1921 թթ. ընթացքում  Ջավախքի 80000 բնակչությունից զոհվեց մոտ 35000-ը: Այս ընթացքում Ջավախքը վիճելի տարածք դարձավ Հայաստանի և Վրաստանի միջև: Ախալքալաքի շրջանի պատկանելության հարցը  քննարկվեց Քաղբյուրոյի պլենումում, որը  1917 թ. հուլիսի 7-ի որոշմամբ հարցը փոխանցեց Վրաստանի Կենտկոմի քննարկմանը, որն էլ  բացարձակ մեծամասնությամբ հայաբնակ Ախալքալաքը մտցրեց Վրաստանի կազմի մեջ:

Այսպիսով, Խորխորյան արձանագրությունում հիշատակվելուց հետո, անցած ամբողջ  28 դարերի ընթացում մինչև ԽՍՀՄ փլուզումը` 1991 թ.,  Ջավախքը գրեթե  13 դար գտնվել է հայկական պետության կազմում, մոտ 3 դար փաստացի անկախ իշխանություն է եղել և մոտ  12 դար մտել է Պարսկական թագավորության, Արաբական խալիֆայության, սելջուկ-թուրքերի, Օսմանյան կայսրության, Ցարական Ռուսաստանի և Խորհրդային Միության կազմի մեջ կամ գտնվել է ազդեցության տակ:  Եվ միայն երկու անգամ մի քանի տասնամյակ միայն  (X դ. վերջ- XI դդ. և  XIIդ. վերջ-XIII դ կեսեր) Ջավախքը մտել է անկախ Վրաստանի կազմի մեջ:

Այսպիսով` Ջավախքի հարցը դամոկլյան սրի պես կախված է հայության գլխին: Եթե հայկական քաղաքական շրջանակները շարունակեն Ջավախքը զոհել հօգուտ այսպես կոչված  հայ-վրացական «հարաբերությունների» (ըստ սոցհարցումների` ՀՀ-ն վրացական հասարակության ճնշող մեծամասնության կողմից դիտվում է որպես Վրաստանի պոտենցիալ թշնամի, էլ չենք ասում վրացական իշխանությունների ապակառուցողական գործունեությունը թե՛ հայ-ադրբեջանական, թե՛ հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում), ապա մեկ տասնամյակ հետո Ջավախքը  կհայտնվի այն իրավիճակում, որում Արցախն էր 1988-ին: Հայկական սովորության համաձայն` սպասում ենք մինչև դանակը ոսկորին հասնի:

Անի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է 2572 անգամ:
Print Friendly

Leave a Reply