Ընկել է Թեհրան-Երևան ինքնաթիռը. Զվարթնոց օդանավակայանում փակցված ցուցակում նշված է 24 հայի անուն

ՄԱՐԴԻԿ | | July 15, 2009 15:37

Լուսանկարի հեղինակ` Սերգեյ Վենյավսկի, «РИА Новости»Իրանի հյուսիսարևմտյան Ղազվին քաղաքի մերձակայքում այսօր Հայաստանի ժամանակով ժամը 10:03 աղետի է ենթարկվել Թեհրանից Երևան թռչող Կասպիան ավիաընկերության «ՏՈՒ 154» ինքնաթիռը, որում եղել են 153 ուղևոր` ներառյալ 2 երեխա և անձնակազմի 15 անդամ. այս մասին րոպեներ առաջ տեղեկացրեց Կասպյան ավիաընկերության ներկայացուցիչ Առլեն Դավուդյանը:

Իրանական պետական հեռուստաընկերության տեղեկացմամբ` օդանավի ուղևորներն ու անձնակազմի բոլոր անդամները զոհվել են: Դեպքը պատահել է թռիչքից 14 րոպե հետո:

Զվարթնոց օդանակակայանից «Անկախ»-ի թղթակիցը տեղեկացնում է, որ փակցված նախնական ցուցակում  24 անձանց անուններն ընդգծված են որպես հայեր: Իրանահայ մամուլի նախնական տվյալներով` ինքնաթիռում եղել է 39 հայ: Զոհվածների թվում է նաև հայտնի իրանահայ հոգեբան Լևոն Դավթյանը

«Gazeta.ru»-ն հաղորդում է, որ ինքնաթիռը մասնատվել է օդում, այնուհետ ընկել: Կայքէջի տեղեկացմամբ` օդանավում եղել են հիմնականում Հայաստանի քաղաքացիներ, նախնական տվյալներով` նաև Վրաստանի քաղաքացիներ:

Այս պահին դեպքի վայրում աշխատում են հրշեջներ:

«News Armenia»-ն տեղեկացնում է, որ Զվարթնոց օդանավակայանի ժամանումների նախկին սրահում կստեղծվի ինքնաթիռի զոհերի մտերիմներին հոգեբանական և բժշկական օգնություն ցուցաբերող ժամանակավոր շտաբ:

Զվարթնոց օդանավակայանից «Անկախ»-ին տեղեկացրին, որ հեռախոսով որևէ մանրամասնություն չի հայտնվելու, իսկ հարցերին  տեղում պատասխանելու է ավիաընկերության ներկայացուցիչը:

«Անկախ»-ը պարբերաբար կներկայացնի դեպքի մանրամասները:

Դիտվել է 1505 անգամ:
Print Friendly

Leave a Reply