Սերժ Սարգսյանը Ալեն Թերզյանին պարգևատրել է Պատվո շքանշանով

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | July 14, 2009 18:20

Serj SargsyanՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ֆրանսիայի ֆիլմարտադրողների միության նախագահ, Ֆրանսիայի Կինոարվեստի ակադեմիայի նախագահ, «Սեզար» մրցանակաբաշխության նախագահ, Կաննի կինոփառատոնի տնօրեն Ալեն Թերզյանին և նրա տիկնոջը:

Հանրապետության Նախագահի երեկվա հրամանագրով Ալեն Թերզյանը պարգևատրվել է Պատվո շքանշանով` կինոարվեստի բնագավառում ունեցած ծանրակշիռ ավանդի, ինչպես նաև հայրենիքի հետ մշակութային սերտ համագործակցության ու հայ-ֆրանսիական բարեկամության խորացմանը նպաստող գործունեության համար:

Նշելով, որ Հայաստանը հպարտ է Ալեն Թերզյանի պես հայրենակից ունենալու հանգամանքով`  Սարգսյանն ընդգծել է. «Ձեր նմանների շնորհիվ է նաև Հայաստանն ավելի ճանաչելի դառնում աշխարհում: Մեր նպատակն է, որ դրսում ապրող մեր հայրենակիցները, լինելով տվյալ երկրի լավ քաղաքացի, միաժամանակ Հայաստանը համարեն իրենց պատմական հայրենիքը»:
Սարգսյանը նաև ողջունել է աշխարհահռչակ ռեժիսորի մասնակցությունը «Ոսկե ծիրան» կինոփառատոնին:
«Անչափ ուրախ եմ, հպարտ ու հուզված, որ Հայաստանում եմ` իմ պատմական հայրենիքում: Երբ ոտք դրեցի հայկական հողին, տարօրինակ զգացում ապրեցի: Դա մի բան է, որ կարող է հասկանալ միայն այն հայը, որն ամբողջ կյանքում երազել էր լինել Հայաստանում, և այդ երազանքը վերջապես իրականություն դարձավ»,- ասել է Ալեն Թերզյանը: Ֆրանսահայ արվեստագետը նշել է, որ տպավորված է «Ոսկե ծիրան» փառատոնով, որը տարեցտարի ավելի ու ավելի մեծ համբավ է ձեռք բերում:
Արմատներով էրզրումցի և ծնունդով ֆրանսիացի Թերզյանն առաջին անգամ է այցելում Հայաստան: Առիթ ունեցել է Ժակ Շիրակի հետ գալ, սակայն չի ստացվել: Թերզյանը մասնագիտությամբ տնտեսագետ է, դասախոսություններ է կարդացել Սորբոնի համալսարանում: Վոլեյբոլի և թենիսի «Ռասել» ակումբ հաճախելով` ծանոթացել է Ժան Պոլ Բելմոնդոյի, Լինո Վենտուրայի և Կլոդ Լելյուշի հետ, որոնց շնորհիվ հրաժարվել է իր մասնագիտությունից ու ընտրել կինոն: Նրան օգնել է կինո կարիերայում պրոդյուսեր Ալեքսանդր Մնուշկինը («Ֆան-Ֆան վարդակակաչ» և «Հոյակապը» ֆիլմերի պրոդյուսերը): Թերզյանն ասում է`որոշել է  դառնալ պրոդյուսեր, ոչ թե ռեժիսոր, քանի որ այն իր խառնվածքին ավելի մոտ էր:

Նրա ֆիլմերում նկարահանվել են Ալեն Դելոնը, Անի Ժերարդոն, Կատրին Դենյովը, Ժան-Լուի Տրենտինյանը, Ժերար Դեպարդյեն, Ջուլիետ Բինոշը, Սոֆի Մարսոն և ուրիշներ: Թերզյանի ֆիլմերից ամենահայտնին «Եկվորներ»-ն է` Ժան Ռենոյի մասնակցությամբ: Ֆրանսիացի դերասան, սցենարիստ,  ռեժիսոր Լորան Տյուելի հետ Թերզյանի համատեղ նկարահանած ֆիլմն էլ` «Մերձավոր շրջապատը» բացեց «Ոսկե ծիրանը»:

Դիտվել է 1337 անգամ:
Print Friendly

Leave a Reply