Հիվանդանոց է տեղափոխվել 20-ամյա կուրսանտը. թունավորումը կապում են Նաիրիտի պայթյունի հետ

ԱՌՈՂՋԱԿԱՆ | | May 25, 2009 17:27

Երեկ երեկոյան Ավիացիայի ակադեմիայի (որը գտնվում է Նաիրիտ քիմիական գործարանից ոչ հեռու) 20-ամյա կուրսանտներից մեկը, ում անունը ծնողների խնդրանքով չենք նշում, գազային թունավորմամբ տեղափոխվել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց: Հիվանդի ծնողները դեպքը կապում են մայիսի 14-ի երեկոյան Նաիրիտում տեղի ունեցած պայթյունների հետ:

«Մի 3 օր առաջ տղայիս մոտ գլխապտույտ, սրտխառնոց է սկսել, ճնշումն է տատանվել, հետո աչքերն են կարմրել,-պատմում է մայրը` Նունեն,-Մի 2 օր սպասել են` տեսնեն լավանում է, թե չէ, բայց գնալով վիճակը վատացել է ու տեղափոխել են հիվանդանոց»:

Հիվանդանոցում, սակայն, տեղեկացրին, որ գազային թունավորմամբ որևէ մեկը պառկած չէ, մինչդեռ տղայի ծնողներն ասում են, որ նույն բաժանմունքում տղայից բացի, նույն ախտորոշմամբ կա ևս 3 հիվանդ: «Նման տեղեկությունները գաղտնի են պահվում, որպեսզի բնակչության մեջ խուճապ չտարածվի»,-ասում է տիկին Նունեն:

Ավիացիայի ինստիտուտի մեկ այլ կուրսանտ Տիգրանը պատմում է, որ պայթյունի ժամանակ իրենց ակադեմիայում արտակարգ իրավիճակ է հայտարարվել, հակագազեր են բաժանել ուսանողներին, որ չթունավորվեն:

Թունավորման մասին տեղեկությունները ճշտելու համար «Անկախ»-ը դիմեց Արտակարգ իրավիճակների նախարարություն, որտեղ ասացին, թե նման հարցերի կարող է պատասխանել միմիայն մամլո քարտուղարը, ով այս պահին արձակուրդում է:

Դիտվել է 2015 անգամ:
Print Friendly

Leave a Reply