Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված դիմում բողոքները 65-ով ավելացել են

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 10, 2009 13:58

Արմեն Հարությունյան«Հայաստանում այսօր տիրում է չինովնիկների ամենաթողություն, և շարքային քաղաքացին շատ դեպքերում ուղղակի անպաշտպան է»,- այսօր ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը` ամփոփելով Մարդու իրավուքների պաշտպանի գրասենյակի 2009-ի առաջին կիսամյակի գործունեությունը:

2009-ի առաջին կիսամյակում աճել են դիմում-բողոքները` ուղղված մարդու իրավունքների պաշտպանին: 2008-ի հունվար-հունիս ամիսներին գրանցվել է 1768 դիմում- բողոք, իսկ 2009-ի նույն ժամանակահատվածում` 1833` նախորդ տարվանից 65-ով ավելի:

Հարությունյանն ասում է, որ անցած տարվա համեմատ մոտ 127 տոկոսով աճել են նաև սոցիալապես խոցելի խավերից ստացվող դիմում- բողոքները:

Ամենաշատը, ըստ Հարությունյանի, քաղաքացիները բողոքել են ոստիկանության գործունեությունից: Դիմում բողոքների թվով 2-րդ տեղում Կրթության և գիտության նախարարությունն է, 3-րդը` Երևանի քաղաքապետարանը, 4-րդը` դատարանները  և 5-րդը` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

Մարդկանց մոտ, ըստ Հարությունյանի, վախի մթնոլորտ է տիրում. «Հաճախ քաղաքացին դիմում-բողոք է ներկայացնում, համապատասխան ուսումնասիրություն ենք սկսում: Մեկ շաբաթ անց նույն քաղաքացին գալիս, խնդրում է, որ իր գործով չզբաղվենք»:

Հարությունյանն ասում է, որ շարքային քաղաքացու իրավունքները գերատեսչություններում հաճախ են խախտվում.«Օրինակ, ոստիկանության գրանցամատյաններն ուսումնասիրելուց պարզվեց, որ կասկածյալներին հաճախ օրենքով սահմանված ժամկետից մինչև 20 ժամ ավել են պահում փակի տակ»:

Հաճախ, ըստ Հարությունյանի, Պաշտպանի գրասենյակի դիմում-նամակներին էլ որոշ գերատեսչություններ ոչ պատշաճ պատասխան են տալիս. «Մարաշի Կադաստրի վերաբերյալ քաղաքացուց բողոք ստանալուց հետո նրանց նամակ էինք ուղարկել, սակայն տեղեկատվություն տրամադրելու համար գումար պահանջեցին: Այժմ դիմել ենք կադաստրի ղեկավարությանը»,- ասում է Հարությունյանը:

Օմբուդսմենն անդրադարձավ նաև ԵԽԽՎ-ի ընդունած և Հայաստանին վերաբերող 1677 բանաձևին, որը դրույթներ է պարունակում նաև հայտարարված համաներման մասին:

Հարությունյանն ասում է, որ, ըստ բանաձևի, ուժի մեջ են մնում ԵԽԽՎ-ի կողմից ընդունած նախորդ բոլոր բանաձևերի դրույթները ևս, ուստի Հայաստանում ԵԽ-ի կողմից մոնիթորինգը կշարունակվի: Հարությունյանն ասում է, որ ԵԽԽՎ-ի Բանաձևի 5.3 կետը կոչ է անում մինչև դատական գործի ավարտը որպես խափանման միջոց չկիրառել կալանք հետախուզման մեջ գտնվող այն մարդկանց նկատմամբ, ովքեր մինչև հուլիսի 31-ը կամավոր կներկայանային ոստիկանություն:

«Այս դրույթը Հայաստանում չի կիրառվել, և այժմ կամավոր ուստիկանություն ներկայացած անձինք ձերբակալված են,- ասում է Հարությունյանը,- Իշխանությունների այս քայլն անիմաստ է, քանի որ կամավոր ներկայացած անձը հաստատ չի փախչի ազատ թողնելու դեպքում»:

Հարությունյանը նաև կարևորում է Բանաձևի 8.1 կետը, որը լեգիտիմացնում է մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ փաստահավաք խմբի անդամների անհատական զեկույցները:

Դիտվել է 1636 անգամ:
Print Friendly

Leave a Reply