Հայ զբոսաշրջիկի անհավանական արկածները Վրաստան տանող ճանապարհին

ԷՍՍԵ | | September 1, 2010 11:54

Կայարանի դրամարկղից տոմս ձեռք բերելուց մտքից հոգնած մարդիկ անհույս նստած են

Հնարավոր է շատերն այդպես էլ չիմացան, որ վերջին 3-4 տարի Հայաստանում՝ վրացական ծովափեր էժան ու մատչելի հանգիստ  վայեյելու մասին տարածված լեգենդն իրականություն դարձնելու համար անհրաժեշտ գնացքի տոմսի գնումները պահանջում են երկաթյա նյարդեր, իսկ այդ բաղձալի տոմսերը ձեռք բերելու համար պետք էր տրամադրել 1-3 օր:

Բանից անտեղյակ՝ ընդմիջման ժամին գնացի կայարան, մտածելով  տոմս գնելու վրա ծախսել մոտ կես ժամ: Երբ կայարանի տեղեկատուի աշխատակիցը  հայտնեց, որ տոմսերը վաճառվում են այդ օրվանից սկսած 15-րդ օրվա համար ու չկարողացավ հիմնավորել, թե ինչ սկզբունքով է գործում այդ կարգը, տհաճ կանխազգացողություն ունեցա: Սակայն մտածելով, որ Հայաստանում սպասարկման որակը երկար ճանապարհ ունի կայացման համար, քայլերս ուղղեցի կայարանի ուղղությամբ:

Տոմսարկղերի մոտ գոյացած հերթը դեռևս հետ չկանգնեցրեց Քոբուլեթի մեկնելու ու Սև ծովում լողալու մտադրությունիցս: Մոտ  մեկ ժամ կանգնելուց հետո պարզեցի, որ կայարանի 4 տոմսարկղերից միայն երկուսում են վաճառվում տոմսեր, երրորդը նախատեսված է տոմսեր հետ վերադարձնելու համար, չորրորդը՝ նախապես պատվիրված տոմսերի համար(բրոնյա), ինչն, իհարկե չէր, ենթադրում, թե այդ տոմսարկղերի մոտ հերթ չկար:

Հերթերն անհուսալիորեն կանգնած էին տեղում ու ոչ մի կերպ առաջ չէին շարժվում: Փորձեցի հասկանալ պատճառը. պարզվեց տոմսերը  լրացվում էին «նախնադարյան համայնական հասարակարգի»  մեթոդներով, այսինքն՝ ձեռքով:

Կարեն Հակոբյանը կայարանում է երրորդ օրը

Կարեն Հակոբյանը, որի ձեռքին 7 հոգու անձնագիր կար, հաջորդ առավոտյան ասաց, որ կայարանում է գնալուս օրվա նախորդ օրվանից, այսինքն մարդն այնտեղ էր երրորդ օրը:

«Առաջին օրը հերթը չհասավ,- ասաց նա,- երեկ էլ ժամը երեքին կասսան բացվեց, նոր էր հերթը հասել ինձ, կասսիրին կանչեցին, կասսան փակեց՝ էկավ ժամը 5-ի մոտ, երեք հատ գրեց, մնացածն էլ ասեց՝ վաղը»:

Համբերությունս կորցրած՝ փորձեցի բացատրություն գտնել տեղեկատուի բաժնում: Ինձ հատկապես զայրացրեց 1-ին դրամարկղի սպասարկողը, որի պատուհանին սևով սպիտակի վրա գրված էր, որ ընդմիջումը 14.15-15.00 է, իսկ նա դրամարկղը փակում էր ժամը 14.00-ին և ի պատասխան իմ դիտարկմանը, թե օրենքով  պիտի փակի ժամը 2-ին, պատասխանեց, թե էս երկրում ի՞նչն է օրենքով, որ ընդմիջումը օրենքով լինի: «Ու ընդհանրապես, ես կարող ա վերադասից թույլտվություն ունեմ շուտ փակելու, հիմա ի՞նչ, ձեզ պիտի դակլադ տա՞մ»,- կոպտեց նա:

Տեղեկատուի աշխատակիցը  ըմբռնումով լսելով խնդիրը՝ մեծահոգաբար ժպտաց: Նա ասաց, որ տոմս գնելու համար մարդիկ ոչ միայն առավոտյան՝ մինչև տոմսարկղի բացելն են գալիս, այլև գիշերում են կայարանում: «Այո, այո, մի զարմացեք՝ գիշերը»,- զարմանքից կլորացած աչքերիս վրա ժպտալով ասաց նա:

Նա խորհուրդ տվեց դիմել տոմսերի վաճառքի գծով պատասխանատու Աշոտ Հունանյանին, ով էլ «Անկախին»  ասաց, որ ինքն այդ պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատար է ու իրավասու չի պատասխանել հարցերի, ու ընդհանրապես, լավ կլինի, որ ես դիմեմ ավելի վերև, այսինքն «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մամուլի բաժին:

Պարոն Հունանյանը դեմքի դժբախտ արտահայտությամբ, սակայն, բացատրելով հերթի գոյացման պատճառն ասաց, որ մեկ տոմս լրացնելու համար պահանջվում է ուղիղ 20 րոպե: Այսիքն, եթե մարդն իր 5-6 հոգանոց ընտանիքի համար տոմսեր է գնելու, պետք է նկատի ունենալ մոտ 2 ժամ, քանի որ 20 րոպեն դա այն նվազագույն ժամանակն է, որը նվաստիս կարծիքով, բոլորովին էլ ակնկալելի չէ դրամարկղի աշխատողներից, որոնցից մեկն իմ աչքի առաջ մեկ տոմս լրացնելու ընթացքում՝ օտարազգի ազգանվան մեջ երեք սխալ գործեց ու ուղևորի հետ մոտ 10 րոպե տևած բանավեճի ընթացքում, որ սահմանն անցնելիս կարող է խնդիրներ ունենալ, փոխեց այն: Հասկացա, որ տոմս գնելու համար այստեղ անհրաժեշտ է կիրառել սովետից ժառանգություն մնացած ծանոթ- բարեկամի կամ մաղարիչի գաղափարը:

Երբ Քոբուլեթիից վերդարձա, զանգահարեցի «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերություն՝ խնդրելով պարզաբանել ընկերության աշխատանքային որակը: Ընկերության մամուլի ծառայության պետ Վահե Դավթյանը «Անկախին» ասաց, որ չափազանց լավատեղյակ է իրավիճակին, որն ունի սուբեյկտիվ ու օբյեկտիվ պատճառներ: Սուբյեկտիվ պատճառները նա պայմանավորեց մարդկային գործոնով ու հաղորդեց, որ դրա հետ կապված օրերս Ուղևորափոխադրման տնօրինությունում տեղի է ունեցել կադրային փոփոխություն։

Տնօրինության ղեկավար Սամվել Ղալեչյանն ազատվել է աշխատանքից՝ նշանակվելով նույն տնօրինության ղեկավարի տեղակալի պաշտոնին։ Նրան այդ պաշտոնում փոխարինել է «Երևան» գծային կայարանային միավորման ղեկավար Գագիկ Մովսիսյանը։ Տեղակալ Արտակ Սարգսյանը նշանակվել է «Երևան» կայարանի ղեկավար։ Վերլուծելով կադրային փոփոխությունները՝ դժվար չէ արձանագրել մաթեմատիկայի հայտնի աքսիոմը, որ գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում:

Որպես օբյեկտիվ պաճառ՝ ընկերության մամուլի խոսնակը մատնանշեց, որ այս տարի իրենք այդպես էլ չկարողացան գնել էլեկտրոնային տոմսերի վաճառքի համար անհրաժեշտ տեխնիկական սարքավորումն ու ծրագիրը, որը Վրաստանում, ի դեպ, շատ վաղուց գործում է:

Տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնեցին, որ այս տարի ընկերությունը պարտավորված  էր 400 հազար դոլարի ներդրում անել, որը չի արել:

Դավթյանն ասաց, որ Վրաստան սպասարկող գնացքն ունի առավելագույնը 16 վագոն, որն ամբողջ ծանրաբեռնվածությամբ աշխատել է միայն անցյալ տարի, քանի որ նախորդ տարի գիծն աշխատել է օրը մեջ: Այս տարի երթևեկությունն իրականցվում է ամենօրյա գրաֆիկով, միջին ծանրաբեռնվածությունը  եղել է 10-11 վագոն: Վագոնները  երեք կարգի են.  4 տեղանոց կուպեով վագոնը տեղափոխում է 36, ավելի հարմարավետ փափուկ երկտեղանոց կուպեն՝ 18, իսկ պլացկարդը՝ 54 ուղևոր:

Հրաժարվելով  տոմս գնելու մտքից՝  դիմեցի նույն կայարանի բակում երթուղային տաքսիներով ուղևորափոխադրում իրականացնող մարդկանց ծառայությանը: Եթե գնացքում կուպեի տոմսն արժեր 11.000 դրամ, իսկ ճանապարհը տևում է 17 ժամ, ապա երթուղային տաքսին արժեր 12.000, իսկ ճանապարհը տևում էր 10 ժամ:  Կար նաև տաքսի, որը Քոբուլեթի հասցնելու համար պահանջում էր մոտ 200 դոլար:

«Ժամանակը փող է, իսկ փողը ժամանակ չէ». հիշելով առաջին դասարանում սերտածս իմաստնությունը՝ պայմանավորվեցի սպասարկումն իրականացնող տղաներից մեկի հետ ու որոշեցի գնալ երթուղայինով: Հեռախոսի համարը վերցրեցի ու 3 օր առաջ զգուշացրեցի, որ տեղ պահեն: Պարզվեց, որ տղաները պարզապես գիծ նայող են, իսկ գիծը սպասարկում են վրացիները:  Երեկոյան 10.30-ի մոտ երկու երթուղայինները շարժվեցին ու ժամը 12-ի սահմաններում հասանք Բագրատաշենի անցակետ: «Հասանք տեղ, իջեք». լուսամուտից տեսնելով անցակետում հավաքված մեքենաների հսկայական կուտակումը՝ տեղում հիշեցի հայկական փողոցային ֆոլքլորը:

Անցակետում ամենաիսկական «բարդակ» էր, բառիս ամենալայն ու ուղիղ իմաստով: Մեջտեղում մեքենաների մի հերթ էր շարված, բայց կողքից թանկարժեք մեքենաները գալիս ու գնում էին, իսկ մենք՝ ուղևորներով նստած էինք բորդյուրին: «Բա ո՞նց անենք անցնենք, ախպերս». կողքի խոսակցությունները սկսել եմ լսել, երբ մեկ ժամ սպասելուց հետո համբերությունս կորցրած՝ սկսեցի ուսումնասիրել անցակետի բովանդակությունը: «Դե մի բան կանենք»,- ասում է սահմանակետի աշխատողը:

Քոբուլեթիի լողափ

Վրացի վարորդը հանգիստ սպասում էր բորդյուրին, գիտեր գլխի գալիքը: Մոտենում եմ երկու անցակետերից մեկին: Հերթը քիչ էր, պարզվեց, որ աշխատակիցը սպասարկում է ավտոբուսին, ում ուղևորների անձնագրերը տրցակով դրված են սեղանին: Այդ ընթացքում  սույն աշխատակիցը սպասարկում է ում ասես: Երբ իմ անձնագիրը ևս փոխանցեցի, նա ասաց, որ սպասարկում է ավտոբուսին՝ այդ ընթացքում կնքելով կողքս կանգնած մի երիտասարդի փոխանցած 5 անձնագրերը: Փորձեցի առարկել, որ նա ավտոբուսից բացի ուրիշի էլ է սպասարկում: Այս հանդգնության վրա Սահմանապահ  անցակետի աշխատակցի լայն այտերն ու կլոր աչքերը զարմանքից ավելի լայնացան, ու նա բղավեց. «կարո՞ղ ա մի հատ էլ ասես, թե էսօր ինչ ուտեմ»:

Նա ինձ անվանեց տիկին ու ձայնը գլուխը գցելով ասաց, որ ես խանգարում եմ իր հույժ կարևոր ու պատասխանատու աշխատանքային գործունեությանը: Գիտակցելով, որ, ես այնումենայնիվ, արձանագրել եմ, որ հերթից դուրս ուրիշ մարդ է սպասարկում, մարմնեղ ու վարդագույն թշերով աշխատակիցը, ով չուզեց ներկայանալ, երբ ասացի, որ լրագրող եմ, ձայնին խորհրդավոր երանգ հաղորդելով, տեղեկացրեց, որ ինքը՝ օրենքի համաձայն, կարող է ինչ-ինչ դիվանագիտական սուրբ առաքելությամբ Վրաստանի սահմանը հատող քաղաքացիների արտահերթ սպասարկել:

Երբ հետդարձի ճանապարհին Թիֆլիսով եկա, թիֆլիսաբնակ հայ ընկերներիցս մեկը, ում կինը ռուսական գրանցում ունի, պատմեց, որ ամեն անգամ կնոջ վիզան երկարացնելու համար, երբ հատում է Հայաստանի սահմանը,  միշտ էլ կաշառք է տալիս անցակետի աշխատողին:

Բագրատաշենի անցակետում մենք մնացինք ուղիղ 3.5 ժամ, որից հետո Վրաստան մուտք գործեցինք այն գիտակցությամբ, ինչպես հրեաները՝  Եգիպտոսից՝ կաթ ու գինի բխող Ավետյաց երկիր:

Անցակետի վրացական մասում ոչ միայն հերթ չկար, այլև շատ կոկիկ ու բարեկարգ անցասրահ կար, իսկ աշխատողներն էլ շատ բարեհամբույր ժպտում էին, հետ գալուց նրանցից մեկը նույնիկ հաճոխոսություններ շռայլեց վրացական զագարիս ու աչքերիս գույնի վերաբերյալ: Վրացական անցակետում դյութի ֆրի էլ կար, որի վաճառողուհիները նույնպես շատ բարեհամբույր էին:

Այսքանով վերջացավ վրացական դրական տպավորությունները, իսկ Քոբուլեթի հասնելու նույն օրը պայթեց վրացական էժան ու հարմարավետ ծովափերի մասին Հայաստանում տարածված լեգենդը:

Մոտ 20.000 բնակչություն ունեցող քաղաքի նույնիսկ կենտրոնական փողոցներում լուսացույցեր չկային, փողոցը կտրում էիր որտեղից խելքիդ բրդեր, իսկ անվտանգությանը հետևող ոչ մի մարմին էլ չկար:

Այսպիսի կեղտոտ քաղաք երբեք չեմ տեսել:  Աղբը թագավոր էր հռչակել իրեն Քոբուլեթիում ու տիրապետությունը սահմանել էր փողոցներից մինչև լողափեր: Ճիշտ է, մի օր վաղ առավոտյան երեք կին տեսա ափին, ովքեր պարկերով հավաքում էին պլպլան թղթերն ու պլաստիկից շշերը, սակայն նրանք ի զորու չէն հավաքել ամբողջը, մանավանդ որ աստիճանների վրա ամենուրեք կոտրված գարեջրի շշեր էին, իսկ սրբիչդ էլ ափին կարող էր մազութոտվել: Բնության հետ կռիվ չես տա, սակայն մտքիս մեջ երանի տալով Սևանի ավազոտ ափերը՝  այդպես էլ չհամակերպվեցի Քոբուլեթիի քարքարոտ լողափի հետ, որտեղ Սև ծովի ալիքների թափի տակ դես ուդեն շպրտվելով՝  քերծեցի ոտքիս ու ձեռքերիս բոլոր մատները: Ափում էլ մարդիկ վխտում են մժեղի նման:

Թամունան և նրա ընկերուհին իրենց դստրերի հետ Թիֆլիսից էին, որոնք և էլի մոտ 30 հոգի մնում էին այն տանը, որտեղ իջևանեցի: Սա եզակի դեպք չի ու բոլոր տներն էլ այնտեղ մեծ են ու նախատեսված շատ մարդ ընդունելու համար: Քոբուլեթին՝ չնայած հայ զբոսաշրջիկին ոչ ծանոթ, սակայն հին ժամանակներից էլ զբոսաշրջային քաղաք է , ու բնակիչներն ապրում են սեզոնին վարձով տրված տան բերած եկամուտների հաշվին:

Թամունան շատ դժգոհ էր տան  սպասարկման որակից ու ասում էր, որ Քոբուլեթի գալու միակ պատճառը էժանություն  է:  Նա ասում է, որ 10-օրյա հանգիստը իր դստեր հետ կազմում է 150 դոլարի չափ գումար՝  նվազագույն ծախսերով: Տանը գազ կար, հետևաբար տաք ջուր, սակայն տանտիկինը կենվորներին առաջարկում էր ցայվել  արևի տակ տաքացած ջրով: «Ես ճանապարհից եմ եկել ու տաք ցնցուղ ընդունելու կարիք ունեմ,- ասում  է Թամունան,- բա տուալետի վիճա՞կը: Իմ երեխան նստելու է այդ ունիտազի վրա»:

Մեկ հոգու վարձը 10 լարի էր, որն անում էր մոտ 2000 դրամ: Իհարկե էժան է հնչում, սակայն, եթե ծովի ֆակտորը հանենք, որը Քոբուլեթիում կեղտոտ էր ու պառկելու համար բնավ ոչ հարմարավետ, նույն  Սևանի ափին օրը 5000-ով՝ 4 հոգու համար,  բազամաթիվ դոմիկներ կան, որտեղ հարմարավետությունը շատ բանով չի զիջում Քոբուլեթի տներին: Մոտ 6 քմ. մակերեսով սենյակում, որը փոքր է նույնիսկ մեկ հոգու համար, դրված էր երկու մահճակալ, իսկ մի երեկո Թամունան պատմեց, որ տան հին կենվորներից մի ընտանիք նախատեսվածից շուտ մեկնում է, որովհետև վիրավորվել էր տանտերերի վերաբերմունքից. 5 հոգանոց ընտանիքը մնում էր մոտ 15-20 քմ. մակերեսով մի մութ սենյակի մեջ, որտեղ տեղաշարժվելու տեղ անգամ չկար:

Չիմացողներին տեղեկացնենք, որ Սևանի ափին տեղակայված Շորժա գյուղում տան առավելագույն վարձը 1500 դրամ է անձի համար, իսկ տուալետում, որը, բնականաբար դրսում է, միշտ զուգարանի թուղթ կա, մինչդեռ իջևանածս տան կենվորներից յուրաքանչյուրը տուլաետ մտնելուց տանում էր իր զուգարանի թուղթը: Կամ պատկերացնու՞մ եք ցերեկվա տապից հետո կես ժամ հանգիստ առնելու գաղափարը այն տան հարկի ներքո, որտեղ քո հետ միասին այդքան մարդ կա, հետն էլ երեխա:

Մայրամուտ Քոբուլեթիում

Խնդրեմ, կարող ես մնալ հյուրանոցում կամ առանձին տուն վարձել: Բայց հարմարավետ պայմանները թանկ արժեն ամենուրեք: Հյուրանոցի համարը 20 դոլար էր օրական, իսկ քաղաքից հեռու Գոնիա գյուղում, որտեղ ափն ավելի հանգիստ է ու համեմատաբար մաքուր, տունն արժի մոտ 100 դոլար օրական: Ի՞նչ է, Հայաստանում այդ գները չե՞ն:

Սնունդը քաղաքում մոտավորապես նույն գինն է, ինչպես Հայաստանում, երևի մի փոքր ավելի էժան: Սակայն այստեղ հայերին խաբում են, ինչպես կարողանում են: 1 լարի արժողությամբ պաղպաղակը երեք օր շարունակ գնել եմ 1.5 լարիով, մինչև տեսա, որ վրացիներին վաճառում են ուրիշ գնով: Որևէ խանութում որևէ ապրանքի վրա գին չկա, իսկ դրամարկղի խփված միակ կտրոնը եղել է գնածս ապխտած ձկան համար, երբ հարցրեցի, թե թա՞րմ է արդյոք: Վաճառողը, երևի հարցից կասկածեց ու կտրոն տվեց, իսկ տանը պարզեցի, որ  ձուկը թարմ չէր:

Թամունան պատմում է, որ այստեղ հայերին կեղևում են, ինչպես կարտոֆիլը՝ բութ դանակով:

«Նախորդ տարի մի տանը, որտեղ մնում էինք օրը 8 լարիով՝ հայերին տվեցին 15 լարիով,- պատմում է նա,- ձերոնք բազար չեն անում ու ինչ գին ասեն՝ համաձայնվում են: Մեզ վարձով տուն չեն տալիս արդեն: Բա պիտի տեսնես, թե ռեստորաններում ինչ սեղաններ են գցում: Սեղան եմ տեսել, որ ամենաքիչը մի 300 դոլար հաշվեցին իրենց վրա, ձերոնք էլ ասում, թե դա ի՞նչ փող է որ»:

Մտածեցի, որ մարդկային տրամաբանության տեսակ է, որը հայ լինելու հետ այնքան էլ կապ չունի: Տան վարձի էժանությունը հակադրվում է շքեղ  մեքենաների տերերի գրպանի տրամաբանությանը, որոնցից ուղիղ երեք հատ կանգնած էր մեր տան բակում, ու որոնց տերերը վրացիներ էին:

Միակ դրականը, այնուամենայնիվ, ծովն էր, որը թեպետ ոչ այնքան մաքուր, սակայն հաճելի ու շատ տաք էր:

Ես երբեք այլևս Քոբուլեթի չեմ գնա, Թամունան գալիս է, որովհետև տան վարձն այստեղ էժան է: Այլ ափերում, ասենք Բաթումիում կամ Ուրեկիում ավելի թանկ է: Իսկ շատ հայեր, որ կազմում էին ափում հանգստացողների մոտ մեկ երրորդը՝ նույն վրացիների պես շարունակում են իրենց փողերը ծախսել այնտեղ՝ արդեն որ տարին:

Դիտվել է 3876 անգամ:
Print Friendly

Leave a Reply