Վախ. բնակարանային գողությունները կտրուկ աճել են

ՄԱՐԴԻԿ | | May 27, 2009 13:39
tamamyan1

Գնդապետ Թամամյանը գողության աճի պատճառ է համարում վատ կողպեքները

Սեփական ունեցվածքի գողությունները, ըստ պաշտոնական տվյալների, այս տարվա առաջին 3 ամիսներին անցյալ տարվա համեմատ 377-ով ավելացել են (53%-ով, գրանցվել է 1082 դեպք, անցյալ տարի` 705): Իրականում այս թիվը երկու-երեք անգամ ավել կարող է լինել, քանի որ շատ թալանվածներ, լսելով ոստիկանների հորդորները, հրաժարվում են հայտարարություն տալ: Ոստիկանները հորդորում են տուժողին, որ գողության մասին հայտարարություն չարվի, որպեսզի չբացահայտված հանցագործությունների քանակով իրենց աշխատանքի ցածր որակը չերևա:

«Անցյալ տարի գողերը մեր տուն էին մտել, ինչ կա-չկա թալանել էին` ոսկեղեն, թանկարժեք շոր-օծանելիք,- զայրույթը դեմքին` պատմում է Մարինեն, չցանկանալով բնակության տեղը հրապարակել,-արագ ոստիկանություն կանչեցինք: Եկան, համոզեցին, թե հայտարարություն մի գրեք, ես էլ չգրեցի: Հետո պարզվեց` գողին բռնել են, ու ես տուժող չհամարվեցի, որովհետեւ բողոք չէի գրել»:

Կոմիտասաբնակ 54-ամյա Լյովա Հարությունյանը, ում նկուղն էին անցյալ տարի թալանել, ոստիկանության հորդորով նույնպես հայտարարություն չի գրել.

«Ոստիկանները գործով զբաղվելու փոխարեն համոզեցին, որ հայտարարություն չտամ, հակառակ դեպքում իրենց վատություն արած կլինեմ: Ասեցին` սենց թե նենց աշխատելու են բացահայտել, ու ի՞նչ պիտի շահեմ, եթե բողոք ներկայացնեմ` բացի այն, որ եթե հանկարծ չբացահայտվի, իրենց համար մինուս կլինի»,-ասում է նա:

Փետրվարին ոստիկանության լրատվության բաժնի պետ Արմեն Մալխասյանն ասաց, որ ոստիկանի հորդորով հանցագործություն թաքցնելու դեպքեր չկան, և խուսափեց գնահատական տալ վերջին շրջանում բնակարանների գողության աճի վերաբերյալ` ասելով, թե փաստեր չունեն:
Բայց գողությունների աննախադեպ աճը ստիպեց ոստիկանությանը խոսել վտանգի մասին:

Մայիսի սկզբին ոստիկանությունը հայտարարեց, որ աշխատանքներ են տարվում հանցագործությունները հաշվառումից թաքցնելու արատավոր գործելաոճը բացառելու ուղղությամբ, որի շնորհիվ մասամբ պայմանավորված է հանրապետությունում գրանցված հանցագործությունների կտրուկ աճը: Նաև նշվում է, որ գրանցվել է հանցագործության 480 դեպք, որոնց մասին տուժողը բողոք չի ներկայացրել(ոստիկանի հորդորով կամ այլ պատճառով):

Հունվարի 4-ին Վահանն ընդամենը 50 րոպեով դուրս էր եկել խանութ, վերադարձել ու բնակարանը թալանված տեսել: Լենինգրադյան փողոցի իր բնակարանի վերևի հարկի հարևանի բնակարանը թալանել էին մեկ ամիս առաջ. «Իմն առաջին հարկն ա, պատուհանիս ճաղերի վրայով բարձրացել էին երկրորդ հարկ ու տարել տունը»,- ասում է նա:

Գողերը հասցրել էին տանել 300 դոլլար, 120 000 դրամ ու 2000 դոլլար արժողությամբ նոութբուքը` ինֆորմացիայի մեծ արխիվով, որի մեջ Վահանի կիսավարտ գիրքն էր.
«Միանգամից տեսա մետաղյա տուփը, որի մեջ ծախսելու փողեր էի գցում,- պատմում է Վահանը,- դատարկ էր, բայց մեջն ինչ-որ բան էր շողշողում: Ես սկի չուզեցի իմանամ, թե ինչ ա:
Ոստիկանները որ եկան, հանեցին, պարզվեց` հարյուր դրամանոց մետաղադրամ է»: «Երևի էս թողել են, որ ծախսելու փող ունենաս»,-ծիծաղելով ասաց ոստիկանը:
Գողությունը չբացահայտվեց:

Ըստ ոստիկանության` սեփականության դեմ ուղղված հանցագործությունները գրանցված ընդհանուր հանցագործությունների 37,3%-ն են կազմել (որոնց մեջ մտնում է բնակարան, խանութ և այլն): 2008-ի առաջին եռամսյակում եղել է 1844 հանցագործություն, 2009-ի նույն ամիսներին` 2897):

Ահագնացող բնակարանային գողություններից մարդիկ սկսել են շատ վախենալ.
«Աղջկաս տանն էի մի քանի օր, հիվանդ էի, խնամում էին, բայց բարեկամս զանգեց, ասեց, որ Քանաքեռում ու Զեյթունում 2 օրվա մեջ 3 գողություն ա եղել,-պատմում է քանաքեռաբնակ 76-ամյա Լեւոն Օհանյանը,-ստիպված վեշ-մեշոկս հավաքեցի, գնացի տուն: Տենց դատարկ թողնեի, կարող ա իմ տուն էլ մտնեին»:

Ոստիկանության քրեական վարչության պետ Հովհաննես Թամամյանն ասում է, որ բնակարանային գողությունների աճին նպաստում է շենքերի և շքամուտքերի վիճակը, որտեղ շատ դեպքերում չկան դռներ, լուսավորություն կամ ազդանշանային համակարգեր: «Շատ բնակարանների դռներ ու պատշգամբներ չեն փակվում, կամ տեղադրված են հեշտ բացվող փականներ,-ասում է նա,-որոշ բնակիչների կողմից անփութություն է ցուցաբերվում, եւ առանց ճշտելու անծանոթ անձի կամ անձանց ով լինելը` նրանց առջեւ դռներ են բացում»:

Ոստիկանության վիճակագրությունը փաստում է, որ 2009-ի առաջին երեք ամիսներին բնակարանային գողությունների 15%-ը կատարվել է բաց դռնից բնակարան մտնելով, 27%-ը` տեխնիկական միջոցների (ամբարձիչ, կլյուչ և այլն) գործադրմամբ, 17%-ը` պատուհանից, 5%-ը` պատշգամբից, 6%-ը` այլ միջոցներով, իսկ 30%-ը` հարմարեցված միջոցների կիրառմամբ (բանալիներ և կողպեքը բացող հարմարաքներով գործիքներ):

50-ամյա Կարեն Դիլանյանը, ում բնակարանը վերջերս են թալանել, ասում է, որ այդ նույն հեշտ բացվող փականները կամ շենքերի ոչ ապահով վիճակը տասնամյակներ շարունակ գոյություն ունեն, ու գողության աճը նման մանրուքներին վերագրելը ճիշտ չէ:

Կարծիք կա, որ գողություններն աճում են ճգնաժամի պատճառով, ու ոմանք, որ այլևս չեն կարող օրինավոր աշխատանքով վաստակել, գողություն են անում: Ոստիկանությունը չի անդրադառնում ճգնաժամին, միայն նշում է, որ կողպեքը բացող հարմարանքներով գողությունների զգալի մասն արել են Վրաստանի քաղաքացիները:

Տնտեսագետ Լիանա Մեսրոպյանը չի բացառում, որ ճգնաժամը կարող է նպաստել հանցագործությունների աճին, բայց կարծում է, որ դրա հիմնական պատճառը կառավարման համակարգի անարդյունավետությունն է. «Ոչ թե տնտեսական ճգնաժամն է հանցագործություն ծնում, այլ անպատժելիությունն ու ոստիկանության անտարբեր, կոռումպացված ու ոչ պրոֆեսիոնալ աշխատելաոճը»,- ասում է նա:

Ըստ ոստիկանության պաշտոնական տեղեկագրի` սեփականության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտումն էապես չի աճել. այս տարի բացահայտվել է 65, 7%-ը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 65,1%:

Ոստիկանությունը հայտնում է, որ անցյալ տարի 2008-2010 թթ. համար մշակել է ավազակային հարձակումների, կողոպուտների եւ բնակարանային գողությունների կանխարգելման ու բացահայտման աշխատանքների բարելավման միջոցառումների ծրագիր:

Կա թեժ գիծ` 54-69-12 և 54-69-14 հեռախոսահամարներով, որով քաղաքացիները կարող են հայտնել ոստիկանությունում հանցագործությունների մասին հաղորդումներ չընդունելու կամ այնտեղ իրավունքների սահմանափակման փաստերը:

«Անկախ»-ի յոթ զանգերն անպատասխան են մնացել:

Դիտվել է 1678 անգամ:
Print Friendly

Leave a Reply