Ինչպես թալանեցին մերոնց

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | July 27, 2010 13:37

Հազվադեպ է պատահում, երբ Հայաստանի ներկայացուցիչները որևէ ստուգատեսից մեդալներով են վերադառնում և դժգոհում: Վերջերս Ուկրաինայի Լվով քաղաքում կայացած բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում մերոնք երկուական արծաթե և բրոնզե պարգևի են տիրացել, Սակայն տճահ հիշողությունների նստվածք կա, իրենց թալանված են համարում: Փաստորեն, կազմակերպիչները նրանցից գողացել են ոսկե մեդալը: Թեև 46 կգ քաշային

Հենրիկ Մոքոյանը եզրափակչում բացահայտ առավելություն է ունեցել ուկրաինացի Ալեքսանդր Մելենյուկի նկատմամբ, հաղթանակը վերջինիս են շնորհել: Ընդ որում, այդ ամենն անաղմուկ չի անցել: Բավական է միայն այն փաստը, որ եզրափակիչ հանդիպումից հետո ռինգի մրցավարը, ի նշան հաղթանակի, այդպես էլ չի բարձրացրել ուկրաինացու ձեռքը: Հայաստանի ներկայացուցիչը հասկանալով, որ դավադրություն է նյութվել, ընդ որում, կողային մրցավարներից մեկն էլ ադրբեջանցի է եղել, մրցամարտի ավարտից հետո նստել է ռինգի հատակին և հրաժարվել է  հեռանալ: Նրան է միացել նաև մարզիչը` Մելքոն  Պապյանը:

Ահա թե իրականում ինչ է կատարվել: Առաջին ռաունդում մրցավարները շռայլորեն միավորներ են նվիրել ուկրաինացուն, և հաշվի մեջ նա առաջ է անցել: Հայաստանի ներկայացուցիչը պարտվել է 1:3 հաշվով: Հաջորդ երկու ռաունդներում գրեթե ոչինչ չի փոխվել, թեև Հայաստանի ներկայացուցիչը մի շարք ընդգծված հարվածներ է հասցրել մրցակցին: Հետևանքը եղել է այն, որ հանդիպման ավարտից հետո լուսատախտակի վրա երևացել է 1:4 հաշվը: Կասկած չի մնացել, որ  անդրկուլիսյան խաղեր են գնացել: Այդ է պատճառը, որ Հայաստանի ներկայացուցիչներն անվարան վճիռ են կայացրել բողոքարկել հանդիպման արդյունքը: Դա կազմակերպիչների սրտով է եղել, քանի որ նրանք առժամանակ գլուխներն ազատել են, նաև խուսափել են մեծ աղմուկից: Ընդ որում, հայտնել են, որ այդ մրցամարտի հաղթողի ձեռքը կբարձրացվի միայն բողոքը քննարկելուց հետո: Եվ կայացել է ևս 6 հանդիպում, որից հետո հատուկ հանձնաժողովը հավաքվել է` քննարկելու  բողոքը:Ի դեպ, ըստ սահմանված կարգի, մերոնք մուծել են պահանջվող 500 դոլարը: Սակայն ամեն  ինչ ձևական բնույթ է կրել: Ի վերջո, կայացված վճիռն անփոփոխ է թողնվել, իսկ փողը ջուրն է ընկել, չեն վերադարձրել:

Սակայն կազմակերպիչները փորձել են իրենց մեղքը քավել: Առաջնության ավարտից հետո Մոքոյանին է հանձնվել լավագույն բռնցքամարտիկի համար սահմանված մրցանակը: Որպես կանոն, այդ պարգևը հանձնվում է որևէ քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճած մարզիկին:

Ի  դեպ, դա մեր երկրի ներկայացուցիչների նկատմամբ լվովյան ռինգում  դրսևորված միակ անարդարությունը չի եղել:  54 կգ քաշային Զավեն Այվազյանը նույնպես պետք է մեդալակիր ղառնար: Նա էլ քառորդ եզրափակչում հաղթել է ադրբեջանցի Ալի Աբասովին, սակայն մրցավարները հաղթանակը 3:2 հաշվով շնորհել են մեր մարզիկի մրցակցին: Հանդիպման ընթացքում կողային մրցավարները բացահայտ փորձել են իրար հետ համաձայնեցված սեղմել համակարգչի կոճակը, որպեսզի միավորներ ստանա ադրբեջանցի մարզիկը: Դա նկատելով` Հայաստանի պատվիրակության ղեկավար Լյովա Հովհաննիսյանը վրդովվել է և չզսպելով իրեն` հանդիմանանքի խոսքեր է ուղղել: Սակայն  դա էլ չի փրկել իրավիճակը: Այդ ամենը կազմակերպվել է նախապես մշակված սցենարով: Բանն այն է, որ մրցավարական հանձնաժողովում ղեկավար դիրք է զբաղեցրել Ադրբեջանի ներկայացուցիչ Նավթալի Գուլիևը: Փաստորեն, նա է որոշել, թե յուրաքանչյուր մրցավարը որ հանդիպումը պետք է սպասարկի:

Ինչևէ, հավելենք, որ երկրորդ տեղ է գրավել նաև Արթուր Ներսիսյանը (50 կգ): Իսկ Գոռ Երիցյանը (57 կգ) և Ռաֆայել Սիմոնյանը (+ 80 կգ) բավարարվել են բրոնզե մեդալներով: Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանը հայտնեց, որ մեր մյուս մարզիկների  մրցելույթների ժամանակ մրցավարության հետ կապված անցանկալի իրադարձություններ չեն կատարվել: Մարզիչն ընդհանուր առմամբ գոհ էր իր սաների մրցելույթներից: Նա չթաքցրեց, որ չի ցանկացել թիմում ընդգրկել 80 կգ քաշային Ռազմիկ Հարությունյանին: Սակայն քանի որ վստահեցրել են, որ նա կարող է լավ մասնակցել, այնուամենայնիվ, այդ մարզիկին հնարավորություն տրվել է սեփական միջոցներով մրցավայր ուղևորվել և փորձել կարողությունները: Բայց ստուգատեսը ցույց է տվել, որ մարզիչն իր կայացրած որոշումում ճիշտ է եղել: Բռնցքամարտիկը տանուլ է տվել առաջին իսկ հանդիպումը և դուրս մնացել պայքարից:

Ընդհանուր հաշվով Հայաստանի հավաքականում 11 մարզիկ է եղել: Նրանց մեծ մասն արժանիորեն է դրսևորել իրեն: Բացի մեր ընտրանու մրցանակակիրներից, 5-րդ տեղ գրաված Արման Դարչինյանը (48 կգ), Տարոն Սողոմոնյանը (52 կգ), Զավեն Այվազյանը (54 կգ), Ռադիկ Գրիգորյանը (63 կգ) իրավունք են ստացել հետագայում զինվորական ծառայություն անցնելու  մարզական վաշտում:  Ըստ Եվրոպայի կարգի` աշխարհի առաջնություններում  1-6-րդ տեղերը գրավողներն օգտվում են այդ հնարավորությունից: Ընդ որում, այս հավաքականի կազմում հանդես չեն եկել այն մարզիկները, ովքեր 2009-ին  Երևանում կայացած աշխարհի պատանեկան առաջնությունում աչքի էին ընկել: Հայաստանի ներկայացուցիչները տիրացել էին 7 մեդալի` 1 ոսկե, 2 արծաթե, 4 բրոնզե: Իսկ Եվրոպայի պատանեկան նախորդ առաջնությունն անցկացվել էր երկու տարի առաջ: 2008-ին մերոնք հանդես էին եկել Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունում և տիրացել 4 բրոնզե մեդալի: Այնպես որ  նախկին ցուցանիշը բարելավվել է:

Մրցաշարը ներկայացուցչական է եղել, ռինգ է դուրս եկել 217 բռնցքամարտիկ: Ընդհանուր թիմային հաշվարկով Հայաստանի ներկայացուցիչները, իրենցից առաջ թողնելով Ռուսաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի հավաքականներին, զբաղեցրել են  4-րդ տեղը: 30 երկրների հավաքականների պայքարում ցույց տրված այսպիսի արդյունքը, ինչ խոսք, գոհացնող է:

Հետաքրքիր էր, թե ինչպես է հաջողվել կարճ ժամանակահատվածում մարտունակ հավաքական ստեղծել: Հայաստանի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչը հայտնեց, որ նախորդ տարի անցկացված աշխարհի պատանեկան առաջնությունից հետո Երևանի պետական մարզական քոլեջում կազմակերպվել է ընտրական մրցաշար, իսկ  այդ ստուգատեսում իրենց լավագույնս դրսևորողներին ուժերը փորձելու հնարավորություն է տրվել Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կազմակերպված միջազգային մրցաշարում: Այս տարի հավաքականն արդեն ցույց էր տվել, որ շատ բանի է ընդունակ. Կալինինգրադում մասնակցել էր միջազգային թիմային մրցաշարի և, հաղթելով Բելառուսի, Գերմանիայի ներկայացուցիչներին ու զիջելով միայն Ռուսաստանի ընտրանուն, գրավել էր երկրորդ տեղը: Այնպես որ  Հայաստանի հավաքականը հաստատել էր, որ ներուժ ունի:

Իսկ Եվրոպայի պատանեկան առաջնությանը մերոնք լրջորեն էին նախապատրաստվել` ուսումնամարզական հավաքներ անցկացնելով Ծաղկաձորում և Աբովյանում: Երկու մարզաբազաներում էլ ստեղծված են բոլոր պայմանները լիարժեք պարապմունքներ անցկացնելու համար: Այնտեղ  կան լողավազան և ընդհանուր ֆիզիկական պատրաստականության մարզասրահ: Հավաքականի անդամները ներկայումս փոքր-ինչ պետք է հանգստանան, որպեսզի հետագայում նախապատրաստվեն հաջորդ տարի օգոստոսին կայանալիք աշխարհի պատանեկան առաջնությանը: Մրցավայրն առայժմ հայտնի չէ: «Եթե այն կազմակերպվի Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, չեմ կարծում, թե հանդես գալն իմաստ ունենա»,- ասաց Ալեքսանյանը:

Դիտվել է 1244 անգամ:
Print Friendly

Leave a Reply