Վարչապետը կարևորել է պարբերական հանդիպումները միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | July 21, 2010 14:56

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարությունում հանդիպել է միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Ողջունելով ներկաներին` վարչապետը կարևորել է նման ձևաչափով հանդիպումների կազմակերպումը համագործակցության ռազմավարական ուղղությունները և առաջնահերթությունները հստակեցնելու համար։
Հայաստանի և միջազգային դոնոր կազմակերպությունների միջև համագործակցության վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը։ Նա ներկայացրել է ՀՀ կառավարության գերակայությունները և անդրադարձել դոնոր կազմակերպությունների աջակցությամբ ըստ ոլորտների իրականացվող ծրագրերին։
Դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել վարչապետին հանդիպումը նախաձեռնելու համար և ընդգծել հանդիպումների պարբերական անցկացման կարևորությունը։
Հաջորդիվ` մտքերի փոխանակման ընթացքում, քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է արվել համագործակցության ծրագրերի համար միասնական տեղեկատվական բազայի ձևավորման և դոնոր կազմակերպությունների միջև երկկողմ ու բազմակողմ համագործակցության համակարգման հարցերին։
Ամփոփելով քննարկման արդյունքները` կառավարության ղեկավարը հանձնարարել է էկոնոմիկայի նախարարությանը զբաղվել ՀՀ կառավարություն-դոնոր-կազմակերպություններ համագործակցությանը նվիրված կայքի ստեղծմամբ, որը պարունակելու է տեղեկատվություն համատեղ իրականացվող ծրագրերի վերաբերյալ։ Որոշվել է նման ձևաչափով հանդիպումներն անցկացնել յուրաքանչյուր երեք ամիսը մեկ։

Դիտվել է 2508 անգամ:
Print Friendly

Leave a Reply