Գավառամտությունը` քաղաքական կատեգորիա

ԷՍՍԵ | | July 23, 2010 12:58

Ասում են` բառերն էլ, ինչպես մարդիկ, կենսագրություն ունեն. լեզվաբանության մեջ մի առանձին ճյուղ կա, որ զբաղվում է բառերի անցած ճանապարհի ուսումնասիրությամբ, այս կամ այն ժամանակահատվածում դրանց գործածության փոփոխություններով: Բառագետների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ժամանակի ընթացքում բառն այն աստիճանի կարող է իմաստափոխվել, որ ձեռք բերի ճիշտ հակառակ իմաստը. օրինակ` պարապել բառը:

Վերջերս հայտնաբերեցի, որ բառի կենսագրությունը սերտորեն կապված է մարդկանց հետ, նայած, թե ով է տվյալ ժամանակաշրջանում այն շրջանառության մեջ դնում, ում շուրթերից է այն առավել հաճախ հնչում: Ըստ այդմ, եթե մարդը բարի համբավ չունի հասարակության մեջ, բառն էլ է անախորժ դառնում և գործածությունից դուրս մղվում: Տարիներ առաջ փորձեր արվեցին շրջանառության մեջ դնել պրոֆեսիոնալ բառի հայերեն համարժեքը` արհեստավարժը, որ արևմտահայերը վաղուց էին օգտագործում: Բայց քանի որ այդ բառը շատ էր սիրում օգտագործել նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը, հասարակության մեծ մասը, ի նշան ընդվզման, ուղղակի հրաժարվեց այդ բառից, այն ժամանակավորապես դուրս մղվեց շրջանառությունից:

Վերջին ժամանակներս էլ շատ հաճախ է ականջներիս դիպչում գավառականություն բառը, և որքան էլ զավեշտալի է, դարձյալ ոչ առանց կառավարության գործուն դերակատարման:

Ինչպես ցույց տվեց հանպատրաստից հարցախույզը, այս բառի հասկացողությունը մեր հասարակության մեջ բավական խայտաբղետ է: Ոմանք գավառականություն են համարում այն, ինչ ապաշնորհ է, ցածրաճաշակ, ոմանք` տգիտությունն ու միջակությունը, շատերը` ստրկամտությունը, եղան, որ գավառամիտ համարեցին նրանց, ովքեր դուրսպրծուկ են` այսպես ասած «բիրդան զարգացած», ավելի ծայրահեղականները կարճ կտրեցին` գավառամտությունը գեղցիությունն է, հետո բացատրեցին, որ գյուղում կամ ծայրամասում ապրելը էական չէ, կարելի է ամբողջ կյանքում գյուղում ապրել և գավառացի չլինել, բայց ծնվել-մեծանալ մայրաքաղաքում ու «անհույս հետամնաց» լինել:

Առավել քան զարմանալի էր, որ արդի հայերենի բացատրական բառարաններից միայն Էդ. Աղայանի բառարանում գտնվեց բառի բացատրությունը (գավառականություն – 1. ձգտումների` հետաքրքրությունների` մտահոգությունների սահմանափակություն, 2. հետամնացություն: [պրովինցիալիզմ], գավառամիտգավառացու մտածողություն ունեցող, հետամնաց): Ո՛չ ակադեմիական քառահատոր բառարանում, ո՛չ հոմանիշների բառարանում բառի այս իմաստը չկա: Մնում է ենթադրել, որ կա՛մ այս երևույթը մեզ բնորոշ չի եղել, կա՛մ մենք այդ չենք գիտակցել:

Շատ դիպուկ բնորոշում հանդիպեց ռուսական կայքերից մեկում (ինչպես երևում է հրապարակումներից, այս ցավը նաև ռուսաստանցիներին է պատել). «Գավառականությունը (պրովինցիալիզմը) ա) գլոբալացման օրինաչափ հետևանքն է, բ) նմանակելու հակումը, գ) ինքնության բացակայությունը»: Էհ, ինչ կա որ, ամեն մարդ ազատ է իր պատկերացումներն ու հասկացողությունն ունենալու խնդրում: Բայց ի՞նչ ասես, եթե այդ հասկացությանը հանդիպում ես պաշտոնական փաստաթղթում` ոչ ավելի, ոչ պակաս սեփական կառավարության ծրագրում:

Այսպես, ՀՀ կառավարության 2008-2012 թթ. ծրագրում թվարկված են նշված տարիներին կառավարության գործունեության գերակայությունները, և հինգերորդ` Հայաստանի քաղաքացիների սոցիալական պաշտպանվածության գերակայության հետ կապված անելիքների թվում նշվում է. «Բարձրացնել հասարակության մշակութային մակարդակը և մշակութային արտադրանքի որակն ազգային մշակութային հիմքերի պարտադիր պահպանման, գավառամտության հաղթահարման, մեր քաղաքացիների աշխարհայացքի ընդլայնման միջոցով: Հայաստանի և համաշխարհային մշակութային ռեսուրսները Հայաստանի ամբողջ բնակչության համար պետք է դառնան հասանելի» (ընդգծումը մերն է):

Ակնհայտ է. կառավարությունը համոզված է, որ մեր հասարակությունը գավառամիտ է, և որոշել է վերացնել դա: Հարց է ծագում` ո՞վ և ե՞րբ է որոշել, որ մենք գավառամիտ ենք, ի՞նչ ուսումնասիրության հիման վրա: Նման որևէ հրապարակված հետազոտության որոնումները արդյունք չեն տալիս: Կարելի՞ է երկրի այս մակարդակի պաշտոնական փաստաթղթում արձանագրել անհայտ մարդկանց (թեկուզ լինեն բարձրաստիճան պաշտոնյաներ) անձնական դիտարկումներով ձևավորված կարծիքը:

Առավել ևս, որ փաստաթղթից հնարավոր չէ տեղեկանալ, թե ինչ ասել է գավառամտություն. սա ի՞նչ եզրույթ է, քաղաքակա՞ն, գիտակա՞ն: Ավաղ, քրքրեք թե՛ մեկ, թե՛ մյուս ոլորտի գրականությունը, նման սահմանում չեք գտնի: Այս պարագայում ծրագիրը մշակողները պարտավոր էին սույն փաստաթղթում տալ տվյալ հասկացության սահմանումը, որպեսզի հասկանայինք, թե ինչի հետ գործ ունենք և ինչի դեմ պիտի պայքարենք: Այսքանից հետո, անկեղծ ասած, ցանկություն էլ չի մնում խորանալու, թե ինչպես պիտի պայքարեր մեր կառավարությունը կարծեցյալ գավառամտության դեմ:

Ճակատագրի չար կատա՞կ է, թե՞ բումերանգի օրինաչափություն, բայց վերջերս, երբ կառավարությունը խորհրդարան տարավ իր «հանճարեղ» մտահղացումը` «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքների հայտնի փոփոխությունը, առաջին միտքը, որ ծագեց մարդկանց գլխում, գավառամտությունն էր: Բոլորը միաբերան այս քայլն ու դրա հիմնավորումը գավառամտություն համարեցին:

Էլ ավելի ապշեցուցիչ իրողություն. մի հավաքի ժամանակ, երբ վարչապետը փորձեց պաշտպանել իր տեսակետը, պարզվեց, որ նա մեր հասարակությանը ոչ միայն գավառամիտ է համարում, այլև անգրագետ: Ի պատասխան այն հարցադրմանը, որ կառավարության օրինագիծը մեր անկախությանն է սպառնում, վարչապետը պատասխանել է. «Եթե երկրի անկախությանն է սպառնում, դեմ կքվեարկեք, իսկ եթե հակառակը` անգրագիտությունն է երկրի անկախությանը սպառնում, ուրեմն կողմ կքվեարկեք»: Այսպիսով, ակնհայտ է, որ բոլորս այս երկրի իշխանությունների կարծիքով անգրագետ ենք, քանի որ ազգային դպրոցում ենք կրթություն ստացել: Եվ երկրորդ` հանրակրթական դպրոցի ներկայիս անմխիթար վիճակի պատճառը մեր իշխանությունները ոչ թե իրենց ապիկարությունն են համարում, այլ մեր լեզուն` մեր ինքնության ամենագլխավոր ցուցիչը: Հետևաբար չես կարող չանել նաև երրորդ եզրահանգումը. հանրակրթական դպրոցի ներկայիս անմխիթար վիճակը ոչ այնքան ապաշնորհության, որքան մտածված քաղաքականության հետևանք է:

Ահա ուզես թե չուզես խցկվում է վերջին և ամենասահմռկեցուցիչ եզրակացությունը. մինչև հիմա դարեր ու տասնամյակներ շարունակ պայքարել ենք օտար տերությունների ուծացման քաղաքականության դեմ, հիմա, երբ անկախություն ենք ձեռք բերել, ստիպված ենք պայքարել սեփական պետության սեփական իշխանությունների դեմ: Եվ ամենաահավորն այն է, որ ակնհայտորեն շատ ենք ուշացել, քանի որ անցած տարիների ընթացքում սերունդ ենք կորցրել: Իսկապես կյանք է մտնում մի սերունդ, որի մի զգալի հատվածին մեծ դժվարությամբ գրագետ կհամարես: Եվ եթե այսօր դեռ կան մարդիկ, ովքեր ընդվզում են նման իրավիճակի դեմ, իսկապես զարգացումը տարբերում են գավառամտությունից ու պայքարում հանուն իրենց ինքնության պահպանման իրավունքի, ապա վաղն իրոք այսպիսի իշխանությունների հովանու ներքո կխրվենք համատարած անգրագիտության ու գավառամտության մեջ:

Անահիտ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է 1889 անգամ:
Print Friendly

Leave a Reply