Շավարշ Քոչարյան. ««Չեզոք» կեցվածքը կարող է նպաստել ադրբեջանական նոր սադրանքների»

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 9, 2010 12:10

Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հարցազրույցը «Իրավունք» թերթին

Երեք երկրների նախագահների համատեղ հայտարարությունը տարբեր մեկնաբանություններ է ստացել: Ինչպե՞ս կմեկնաբենք, ի՞նչ կապ ունի դա, այսպես կոչված, «պետերբուրգյան առաջարկների» հետ, եւ ի վերջո, կոնկրետ ի՞նչ կա այդ «պետերբուրգյան առաջարկներում»:

– Երեք նախագահների հայտարարությունը գրեթե կրկնություն էր նախորդ` լ’Ակվիլայում արած հայտարարության եւ իր մեջ պարունակում է Մադրիդյան փաստաթղթի առանձին սկզբունքների ամրագրում: Մադրիդյան փաստաթղթի հիման վրա առաջարկություններ են ներկայացվել Պետերբուրգում, Ռուսաստանի նախագահի կողմից կազմակերպած հանդիպման ժամանակ: Այնպես որ, սկզբունքային առումով գործնականում նույնն են Մադրիդյան սկզբունքները, երեք նախագահների հայտարարությունները եւ այն, ինչը Պետերբուրգում ներկայացվել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին:

Ո՞ր պահը հատկապես հանգեցրեց նրան, որ Ալիեւը Պետերբուրգից խռոված գնաց:

– Նախ պետք է արձանագրել, որ Ալիեւը տվել է իր համաձայնությունը այդ հանդիպման ժամանակ: Եվ տարօրինակ էր նրա պահվածքը, երբ համաձայնություն տալուց հետո, հիմա փորձում է այլ բան ներկայացնել, ինչպես նաեւ զարհուրելի է այն սադրանքը, որը նա կազմակերպեց, որովեհտեւ անհնար է նման գործողություն կազմակերպվի առանց բարձրաստիճան ղեկավարության իմացության: Պարզ է, որ Ալիեւը դժգոհ էր, իսկ թե ինչից` կարելի է դատել նրա պահվածքից: Նա միշտ աղավաղված է ներկայացնում բանակցային գործընթացը, փաստաթղթերը, պայմանավորվածությունները: Հայկական կողմը երբեք չի գնում աղավաղումների ճանապարհով: Մեր խոսքը համընկնում է գործի հետ:

Ըստ Ձեզ, ինչո՞ւ երեք նախագահները անտեսեցին հունիսի 18-ի սադրանքը:

– Շատ ցանկալի կլիներ, որ անդրադառնային, սակայն նախագահների հայտարարության կառուցվածքը կարգավորման հիմնական սկզբունքներին է վերաբերվում: Իսկ միջադեպեր եղել են եւ ցավոք, հետագայում էլ չեն բացառվում` հաշվի առնելով, թե ում հետ գործ ունենք: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, միջազգային կառույցների ներկայացուցիչների հայտարարություններում դատապարտումը եւ ուժի կիրառումից ձեռնպահ լինելու հորդորը հասցեագրված է կողմերին, մինչդեռ` ինքնին հասկանալի է, որ այդ սադրանքը իրականացնողը Ադրբեջանն է: Իհարկե, այդպիսի «չեզոք» կեցվածքը կարող է նպաստել ադրբեջանական նոր սադրանքների:

Նախագահների հայտարարությունում մատնանշվում են էական զիջումներ հայկական կողմից: Ինչքանո՞վ է մեզ համար ընդունելի, որ ռազմական առումով շատ շահեկան ձեւով տեղաբաշխված հայկական զինուժը փոխարինվի անհասկանալի տեղերում գտնվող խաղաղապահներով ու թղթային միջազգային երաշխիքներով:

– Հնարավոր փոխզիջումների մասին կարելի է խոսել, եթե համաձայնություն ձեռք բերվի երկու խնդիրների շուրջ: Առաջինը` Լեռնային Ղարաբաղի սուվերենության աստիճանը պետք է լինի ավելի բարձր, քան այսօր:

Բայց մի՞թե անկախությունից բարձր կարգավիճակ կարող է լինել:

– ԼՂՀ-ն դեֆակտո անկախ է, սակայն միջազգայնորեն ճանաչված չէ: Չճանաչված լինելով սահմանափակված է իր արտաքին գործունեության մեջ: Երկրորդը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ նրա բնակչության անվտանգության երաշխքիները չպետք է լինեն ավելի պակաս, քան այսօր: Այսօր ԼՂՀ անվտանգության էական բաղադրիչը նրա դիրքերն են, որոնք ապահովում են ռազմական հավասարակշռություն եւ զսպում Ադրբեջանի ռազմական նկրտումները:

Երաշխիքների տեսակետից, եթե տեղաշարժվի շփման գիծը, ապա կստացվի որ խաղաղապահ կոնտինգենտը պետք է լինի 3-4 անգամ ավելին, քան Արցախի զինուժը: Աբսուրդ չի՞ ստացվում:

– Խաղաղապահների, նրանց տեղաբաշխման վայրերի ու քանակի, այլ հարցերի մասին կարելի է խոսել միայն այն ժամանակ, երբ համաձայնեցված լինեն կարգավիճակի եւ անվտանգության երաշխիքների խնդիրները: Դրանից հետո տարածքների շուրջ կարող են բանակցել Ադրբեջանի Հանրապետությունը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Չէ որ ԼՂՀ Մարտունու եւ Մարտակերտի շրջանների որոշ հատվածներ, ինչպես նաեւ Շահումյանի շրջանը առ այսօր գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի տակ:

Ե՞վ Երեւանում, ե՞ւ Ստեփանակերտում ավելի ու ավելի հաճախ խոսում են բանակցությունների ձեւաչափի փոփոխման մասին եւ նշում, որ Լեռնային Ղարաբաղը պետք է ներգրավվի, որպես բանակցությունների սուբյեկտ:

– Ակնհայտ է, որ առանց Լեռնային Ղարաբաղի լիիրավ մասնակցության անհնարին է որեւէ առաջընթաց: Հայաստանը չի կարող իրենով փոխարինել ԼՂՀ-ին: Թե՞փաստաթղթերի ձեւավորումը, թե՞ դրանց ստորագրումը, թե՞ իրագործումը, անհնարին է առանց ԼՂՀ-ի: Այն պահից, երբ Ադրբեջանը դադարի համառորեն մերժել ԼՂՀ-ի մասնակցությունը բանակցություններին, դա կլինի ազդանշան, որ Բաքուն իրոք գնում է կարգավորման: Սակայն Ադրբեջանը դա մերժում է եւ բանակցային գործընթացը օգտագործում է զուտ որպես սեփական քարոզչության միջոց եւ առիթ:

Ըստ Ձեզ` այժմ պատերազմի հավանականությունը աճե՞լ է, նվազե՞լ է, թե՞ մնացել է նույնը:

– Այն քաղաքականությունը, որը Ադրբեջանը ի սկզբանե որդեգրել էր ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, մնացել է անփոփոխ: Լիովին իրավական պահանջին, որը այն ժամանակ տեղավորվում էր նաեւ ԽՍՀՄ օրենսդրության շրջանակներում, Ադրբեջանը պատասխանեց ուժով` ջարդեր Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում, այնուհետ էթնիկական զտումներ Լեռնային Ղարաբաղի շուրջ եւ բուն Լեռնային Ղարաբաղում, այնուհետ` լայնածավալ ռազմական ագրեսիա: Այդ քաղաքականության էությունը չի փոխվել, եւ միայն պարտվելով պատերազում, Ադրբեջանը խնդրեց զինադադար: Իհարկե, եւ ՀՀ-ն, եւ ԼՂՀ-ն քաջ գիտակցում են, որ Ադրբեջանը միշտ էլ կփորձի առաջին իսկ հնարավորության դեպքում հարցը ուժով կարգավորելու քաղաքականություն իրագործել:

Ինչ վերաբերում է հավանականությանը: Ադրբեջանը հույսը դրել է նավթադոլարների հոսքի վրա, հսկայական ռազմական բյուջեի եւ իր բնակչության թվաքանակի ավելացման վրա, իր միջազգային հեղինակության աճի վրա: Սակայն ես հաճախ բերում եմ հետեւյալ օրինակը. ենթադրենք, Ադրբեջանի այդ բոլոր տեսակի ռեսուրսների աճը համապատասխանում է նրանց քարոզչամեքենայի հայտարարությանը: Արդյոք Ադրբեջանը կունենա այն ռազմական հզորությունը, ինչ Չինաստանը, արդյոք նա կունենա այն տնտեսական ներուժն ու միջազգային հեղինակությունը, ինչ Չինաստանը, արդյոք նա կունենա այն բնակչությունը, ինչ Չինաստանը: Ակնհայտ է, որ ոչ:

Բայց ի՞նչ կապ ունի Չինաստանը:

– Հարց է ծագում, թե ինչո՞ւ ունենալով այդ ամենը` Չինաստանի ղեկավարությունը ունի նաեւ իմաստություն ուժով չի լուծում Թայվանի հարցը: Եվ դա այն պարագայում, երբ Թայվանը չինական պատմական հող է եւ բնակեցված է չինացիներով: Մինչդեռ Արցախը հայկական պատմական հող է եւ բնակեցված է հայերով: Այնպես որ, խնդիրը սոսկ թվաբանությունը չէ, կան բազում գործոններ, որոնք էապես խոչընդոտում են ուժային լուծմանը: Եվ վստահ եմ, որ Ադրբեջանի հնարավոր սադրանքները միայն կմոտեցնեն մեր հիմնական նպատակի իրականացմանը` ԼՂՀ միջազգային ճանաչում: Եվ վերջապես, մեր իսկ փորձը ցույց տվեց, որ քանակական առավելության պայմաններում Ադրբեջանը ջախջախիչ պարտություն կրեց պատերազմում: Խոսքը հենց Ադրբեջանի սանձազերծած պատերազմի մասին է, որից հետո, նա փորձում է հանդես գալ տուժողի կեցվածքով ու հայկական կողմին անհեթեթ մեղադրանքներ ներկայացնել:

Ի վերջո, պատերազմի գնացողը դրա մասին նախօրոք չի հայտարարում: Եթե Ադրբեջանը համոզված լիներ, որ կարող է ուժով լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը, վաղուց կփորձեր լուծել այն:

Ադրբեջանում հիստերիա էր սկսվել Ձեր` «ապակյա տնակի» ջախջախման մասին հայտնի խոսքից հետո: Կոնկրետացնել կարո՞ղ եք, թե ինչով պետք է ջախջախվի ադրբեջանական «ապակյա տնակը»:

Խնդիրը առաջին հերթին վերաբերում է քարոզչական եւ իրավական հարթությանը: Այդ հարթությունում Ադրբեջանը, իրոք խոցելի է ապակյա տնակի պես: Ադրբեջանի քարոզչությունը կառուցված է այն պարզունակ պնդման վրա` իբր խնդրի էությունը ոչ թե Արցախի ժողովրդի ինքնորոշումն է, այլ տարածքային վեճ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, եւ հետեւաբար Հայաստանը զավթել է իր տարածքի մի մասը, մինչդեռ դա աղավաղում է խնդրի ամբողջ էությունը: Մինչդեռ դեռեւս ԽՍՀՄ օրոք, ԼՂՀ-ն իր հանրաքվեով անկախացավ նույնիսկ ավելի շուտ, քան`Ադրբեջանը: Այսինքն`ԽՍՀՄ-ի փլուզումից հետո նախկին Խորհրդային Ադրբեջանի վարչական տարածքում կային իրավահավասար երկու պետություն` Ադրբեջանի Հանրապետությունը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Ընդամենը մեկը միջազգայնորեն ճանաչվել է, մյուսը` ոչ: Ավելին, Ադրբեջանը դիմեց էթնիկական զտումների, այսինքն` ծանրագույն ռազմական հանցագործության, Ադրբեջանը մշտապես ժխտում է ԼՂ ժողովրդի ինքրոշման իրավունքը, մինչդեռ` ՄԱԿ-ի կանոնադրությամբ այդ իրավունքը առաջնային նշանակություն ունի, եւ ինորոշման պարագայում տարածքային ամբողջականությունը, որպես սկզբունք, արդեն առաջնային չէ:

Երբ ասում էի, որ մի նետիր քարը հարեւանի տան վրա, եթե քո տունը ապակուց է, նկատի ունեի հենց վերը նշվածը: Ինչ վերաբերում է ռազմական ասպեկտին, ապա ագրեսիայի դեպքում Ադրբեջանն անշուշտ, կարժանանա համարժեք պատասխանի, մենք եւ ոչ միայն մենք, նույնիսկ Ադրբեջանի ղեկավարները դրանում ոչ մի կասկած չունեն:

Անդրադառնանք տարատեսակ մեկնաբանությունների արժանացած Հիլարի Քլինթոնի այցին: Այդ այցով Արցախի հարցում ստատուսքվոն ամրապնդվե՞ց, թե՞ խալխլվեց:

– Այս ամբողջ գործընթացների տրամաբանությունը հետեւյալն է: Համանախագահող երկրները, ըստ էության, ասում են` կողմեր, դուք եկեք համաձայնության, իսկ մենք կդառնանք այդ համաձայնության երաշխավորը: Այդպիսին է Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի մոտեցումը ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, այնպես էլ այդ երկրների ղեկավարների մակարդակով:

Ստատուս-քվոյի ամրապնդումը կամ փոփոխումը պետք է պայմանավորել ոչ այնքան օտարերկրյա պետությունների նույնիսկ ամենաբարձրաստիճան ղեկավարների այցերով, որքան`հենց կողմերով:

Այդ տեսանկյունից Ադրբեջանի կեցվածքը հակասում է բանակցային ամբողջ գործընթացի տրամաբանությանը, ու հաճախ նույն Ալիեւը կամ Ադրբեջանի այլ պաշտոնյաներ այնպիսի իրար հակասող բաներ են ասում, որ դուրս է ցանկացած տրամաբանությունից: Օրինակ` Ադրբեջանի արտգործնախարարության կեցվածքը. մեկ հայտարարում է, թե Ադրբեջանը համաձայն է Մադրիդյան սկզբունքներին ու հարց բարձրացնում, թե արդյոք Հայաստանը համաձայն է, իսկ հետո ասում, թե Մադրիդյան սկզբունքները դնենք մի կողմ ու միանգամից անցնենք խաղաղության համաձայնագրի մշակմանը: Այդ վարքագիծը դիտարկելով կարող ենք ասել, որ առաջինը հենց Ադրբեջանը անում է ամեն ինչ, ինչը փաստացի նպաստում է ստատուս-քվոյի պահպանմանը: Դե, իսկ Ադրբեջանի կողմից ինքնորոշման, ուժի չկիրառման եւ տարածքային ամբողջականության մեկնաբանությունները այն աստիճանի յուրովի են, որ չեն տեղավորվում ոչ մի միջազգային չափանիշների, այլ տարրական տրամաբանության մեջ:

Դիտվել է 2018 անգամ:
Print Friendly