Հիլարի Քլինթոնի այցը Հայաստան

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | July 7, 2010 11:33

Հուլիսի 4-5-ը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Հայաստանում էր՝ Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի պետություններ 5-օրյա այցելության շրջանակներում: Նա եղավ Ուկրաինայում, Լեհաստանում, Ադրբեջանում, Հայաստանում և Վրաստանում:

Քաղաքագետ Իգոր Մուրադյանը կանխատեսել էր, որ այս այցը տարածաշրջանային կոնֆլիկտի առումով ոչինչ չի փոխելու և խորհրդանշական, ավելի որոշակի՝ ոչ պաշտոնական այց է. «Նպատակ է հետապնդում ընդգծելու ամերիկյան վարչակազմի ուշադրությունը այս երկրների հանդեպ»:

Քաղաքագետն ասում է, որ Նահանգները մտահոգված է այն ընկալմամբ, թե իրենք հանձնել են Արևելյան Եվրոպան կամ Կովկասը: «Թեպետ սա այնքան էլ ակնհայտ չի երևում, բայց այս այցի նպատակներից մեկն էլ հենց դա է,- ասում է նա,- որ դա այդպես չէ, որ մենք դեռ այստեղ ենք: Ահա, այդ ռևերանսները նա անում է թե՛ Ադրբեջանին, թե՛ Վրաստանին և թե՛ Ուկրաինային»:

Քլինթոնը հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ` քննարկելով երկկողմ հետաքրքրության, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը վերաբերող հարցեր:

«Այսօր հայ ժողովրդի առջև ծառացած ամենակարևոր խնդիրը ԼՂ հիմնահարցի` միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան լուծումն է,- ասել է նախագահ Սարգսյանը հանդիպման ժամանակ: – Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի իր պատմական տարածքում ազատ տնօրինելու իր ճակատագիրը և զարգանալու: Այս իրավունքն անքակտելի է, և այս իրավունքի իրացման շնորհիվ է, որ այսօր աշխարհում շատ ժողովուրդներ իրենց երջանիկ են զգում»:

Քլինթոնը շնորհակալություն հայտնելով նախագահ Սերժ Սարգսյանին ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորանքների համար` ասել է, որ հաճույքով կնշի Հայաստանի Սահմանադրության օրը:

«Մենք համամիտ ենք, որ անհրաժեշտ է բոլոր ջանքերը ներդնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման հասնելու համար` հիմնվելով միջազգային իրավունքի սկզբունքների վրա, մասնավորապես, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ժողովուրդների իրավահավասարություն, ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն: Համակարծիք ենք, որ անհրաժեշտ է տարածաշրջանում հանդուրժողականության մթնոլորտ հաստատել»,- ասել է Քլինթոնը:

Արտգործնախարար Նալբանդյանը պետքարտուղարի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ անկախության հենց առաջին օրերից ամերիկացիները եղել են հայերի կողքին: «Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները գնալով խորացել են: Հատկապես վերջին տարիներին մեր երկու երկրների միջև բարձր մակարդակով շփումները աչքի են ընկնում թե՛ հաճախականությամբ և թե՛ խորը բովանդակությամբ»,- ասել է նա:

Քլինթոնի այցելությանը հետևող հայ հանրությունը սպասում էր, թե կգնա՞  նա արդյոք Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որովհետև ծրագրով այդ այցը նախատեսված չէր:

ԱՄՆ պետքարտուղարը հուշահամալիր այցելեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի և Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ: Պետական որևէ պաշտոնյա նրա հետ չի եղել, և այցը չի լուսաբանվել:

Ծիծեռնակաբերդ այցելությունից հետո Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հրապարակեց պաշտոնական հաղորդագրություն, որում շեշտված էր, որ նրա այցը պաշտոնական չէր. «Պետքարտուղարը նաև մասնավոր այցով եղավ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում` իր հարգանքի տուրքը մատուցելու 1,5 միլիոն հայերին, որ իրենց կյանքը կորցրեցին 1915 թ.»:

Քլինթոնի հանդիպումը Գաֆեսճյան արվեստի կենտրոնում հայաստանյան ՀԿ-ների 25 ներկայացուցիչների հետ ևս անցկացվեց փակ ձևաչափով: Այն նույնպես փակ է եղել լուսաբանելու համար, իսկ ՀԿ-ների ներկայացուցիչները հրաժարվել են որևէ տեղեկատվություն տրամադրել՝ պատճառաբանելով, որ ԱՄՆ դեսպանատան հետ այդ մասին պայմանավորվածություն կա:

Պետքարտուղարի ելույթի տեքստը տարածել էր ԱՄՆ դեսպանատունը, որտեղ որևէ անդրադարձ չի եղել քաղբանտարկյալների, մարտի 1-ի տասը զոհերի կամ ընտրակեղծիքների վերաբերյալ:

«Երեկ նախագահ Սերժ Սարգսյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ ես ընդգծեցի իմ աջակցությունը Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը և իմ մտահոգությունն արտահայտեցի Հայաստանում ԶԼՄ-ների ազատության վերաբերյալ,- ասել է Քլինթոնը: – Ես բարձրացրեցի այս խնդիրները և պատասխան ստացա, որ կառավարությունը պատրաստ է այս աշնանը մեկ անգամ ևս վերանայել նախագիծը, և մեր երկիրը պատրաստ է այս հարցում համագործակցել Հայաստանի հետ և աջակցել Հայաստանում լրագրողների պաշտպանության հարցում»:

Երբ Քլինթոնը սենատոր էր, Հայոց ցեղասպանության ճանաչման ջատագովներից էր ու խոստացել էր, որ քաղաքական գործունեությամբ կնպաստի բանաձևի ընդունմանը: Սակայն պետքարտուղարի պաշտոնում նա դեմ է արտահայտվել Ներկայացուցիչների պալատում գտնվող բանաձևին` ասելով, որ այն կվնասի ԱՄՆ-ի շահերը տարածաշրջանում, մասնավորապես, Թուրքիայում:

Նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում սա ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի այս մակարդակի երկրորդ այցելություն էր: Մեկ այլ ԱՄՆ պետքարտուղար` Ջեյմս Բեյքերը, Հայաստանում եղել է 1992 թ.:

Դիտվել է 1715 անգամ:
Print Friendly

Leave a Reply