Հոնքերի խնամք. մի՛ ներկեք հոնքերը մազերի ներկով

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | July 4, 2009 13:23

honqerԵվրոպական նորա-ձևության միտումներն այս ամառ առաջարկում են հաստ, ուղիղ և ոչ գծագրված հոնքեր: Իսկ հայ կանանց 99 %-ը, ինչպես նկատել են կոսմետոլոգները, ցանկանում է ունենալ միջին հաստության, անկյունաձև հոնքեր: Հայ կանանց ու աղջիկներին մնում է ընտրություն կատարել եվրոպական ու հայկական չափանիշների միջև:

Իսկ բարակ հոնքերը վաղուց զիջել են իրենց դիրքերը ոչ միայն Եվրոպայում, այլև Հայաստանում:
Հոնքերը, ինչպես կնոջ դեմքի յուրաքանչյուր մաս, ամենօրյա լուրջ խնամք են պահանջում:

«Դեմքը մաքրելիս հարկավոր է ուշադրություն դարձնել նաև հոնքերին, քանի որ դրանք ևս օրվա ընթացքում կեղտ ու փոշի են կուտակում, կորցնում փայլը,-ասում է կոսմետոլոգ Նունե Խաչատրյանը:-Շատ դեպքերում, հատկապես տարիքի հետ կապված, հոնքերը նոսրանում են, անգամ` ամբողջովին վերանում: Դրա համար անհրաժեշտ է հոնքերը սնուցել հատուկ քսուքներով, օրինակ, գերչակի յուղով, որ խթանում է մազերի աճը: Եթե հոնքերը տեղ-տեղ են նոսրացել, ապա հարկավոր է գերչակի յուղով նոսրացած հատվածները մերսել»:

Կոսմետոլոգները հորդորում են, որ կանայք իրենց հոնքերը չներկեն մազերի համար նախատեսված ներկով, քանի որ դա վտանգավոր է ոչ միայն հոնքերի, այլև տեսողության համար:
«Սովորաբար կանայք ուշադրություն չեն դարձնում այդ նախազգուշացմանը,-ասում է Խաչատրյանը,-սակայն մազերի ներկով հոնքերը ներկելը կարող է մինչև անգամ կուրություն առաջացնել։ Մազերի համար նախատեսված ներկի մեջ կան մի շարք քիմիական նյութեր, որոնք վնասակար են տեսողության համար: Մազերի ներկը չի ենթարկվում համապատասխան փորձաքննության, ինչն արվում է աչքերի համար նախատեսված կոսմետիկ միջոցների դեպքում»:

Կարծում ենք` ժամանակն է արմատախիլ անել այն կարծրատիպը, որ հոնքերն ու մազերը պետք է նույն գույնն ունենան։ Նորաձևությունը պայմանավորող արևմտյան չափանիշներով դա վաղուց այդպես չէ:
Սանրե՛ք հոնքերն ինչպես մազերի աճման, այնպես էլ հակառակ ուղղությամբ` օգտագործելով հատուկ հոնքերի համար նախատեսված սանր կամ էլ ատամի խոզանակ: Դա օգտակար է ոչ միայն հոնքերի համար, այլև հանգստացնում է նյարդային համակարգը: Այսպես խորհուրդ են տալիս կոսմետոլոգները:

Հոնքի տատուն կամ, ինչպես ասում են, պերմանենտ դիմահարդարումը շատ տարածված երևույթ է, որ կիրառվում է նաև հոնքերի դեպքում, երբ հոնքերը նոսր են կամ ընդհանրապես բացակայում են, կամ էլ դրանց սխալ ձևն այլ կերպ հնարավոր չէ ուղղել:

«Վերջին շրջանում բավական մեծացել է հոնքերի տատուի նկատմամբ պահանջարկը,-ասում է Խաչատրյանը:-Երբ հոնքերը չափազանց նոսր են, և հնարավոր չէ դեղորայքով կամ բնական քսուքներով մազերը վերականգնել, ապա տատուն դառնում է միակ միջոցը, որ շտկում է թերությունը: Կարծիք կա, որ դա վտանգավոր է, սակայն եթե սալոնում պահպանվում են հիգիենայի կանոնները, և տատուն անում է պրոֆեսիոնալը, ապա դա ոչ մի վտանգ իրենից չի ներկայացնում: Բացի այդ, որպեսզի կինն իրեն լիարժեք ու վստահ զգա, պետք է տատուի ձևը, գույնը վարպետորեն ընտրվի (համապատասխան լինի մաշկի և մազերի գույնին)»:
Հոնքերի ձևավորումը գեղեցկության սրահների ամենատարածված ծառայություններից մեկն է: Կոսմետոլոգներն ասում են, որ վերջին շրջանում հոնքերի ձևավորման համար ավելի շատ դիմում են
դեռահասները:

«14-15 տարեկան աղջիկները ցանկանում են հեռացնել հոնքերի ավելորդ մազերը և դրանց գեղեցիկ ձև տալ,-ասում է կոսմետոլոգ Լիլիթը,- իմ հաճախորդների զգալի մասն այսօր դեռահասներ են»:
Ըստ կոսմետոլոգների` հոնքերի ձևավորման համար իրենց դիմում են 15-40 տարեկան կանայք ու աղջիկներ, ավելի մեծահասակները՝ հազվադեպ:

Նախկինում հաճախ կարելի էր հանդիպել կանանց, որոնք հոնքերն անհաջող էին ձևավորել: Կոսմետոլոգը նկատում է, որ այժմ կանայք կամ վարպետացել են և հոնքերն ավելի ճաշակով են ձևավորում, կամ գոնե մեկ անգամ օգտվում են կոսմետոլոգի ծառայությունից:

«Հաճախ կանայք հոնքերի մազերը սխալ հեռացնելու պատճառով լուրջ խնդիրներ են ունենում,-ասում է Խաչատրյանը,- մազերը հեռացնում են ոչ թե աճի ուղղությամբ, այլ աճին հակառակ, որի հետևանքով մազը հակառակ ուղղությամբ է աճում և մտնում է մաշկի տակ` առաջացնելով բորբոքումներ»:

Հատկապես առաջին անգամ հոնքերի մազերը հեռացնելու դեպքում կոսմետոլոգը խորհուրդ է տալիս անպայման դիմել մասնագետի:
«Եթե առաջին անգամ կոսմետոլոգը հոնքերին ճիշտ ձև տա, ապա հետագայում հաճախորդի համար հեշտ կլինի ինքնուրույն դա անել,- ասում է Խաչատրյանը:- Շատ դեպքերում կանայք այնքան սխալ են հեռացնում իրենց հոնքերը, որ երկար ժամանակ չի հաջողվում շտկել: Բացի այդ` կոսմետոլոգն ավելի ճիշտ խորհուրդ կտա, թե տվյալ դեմքին հոնքերի որ ձևն է ավելի սազում»:

Դիտվել է 8014 անգամ:
Print Friendly

Leave a Reply