Արգանդի վզիկի էրոզիա

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | July 1, 2010 22:15

Վերջերս մի եվրոպացի բժշկի հոդված էի կարդում. նա գրում էր, որ հետխորհրդային երկրներում գոյություն չունեցող հիվանդությունները բուժելու տարօրինակ սովորույթ էր ձևավորվել: Հետաքրքրվեցի, թե որ հիվանդություններն է նա համարում գոյություն չունեցող: Պարզվեց, որ այդ «հիվանդությունների» թվում են դիսբակտերիոզը (որի մասին մենք կխոսենք «Անկախ»-ի առաջիկա համարներից մեկում) և արգանդի վզիկի էրոզիան:

Կարծիք կա, որ այս խնդրի պատճառը խորհրդային բժշկության մեկուսացումն է, որը չէր ընդունում արևմտյան բժշկության հայտնագործությունները: Ճիշտ է, ի տարբերություն դիսբակտերիոզի և մի շարք այլ թվացյալ հիվանդությունների, հիվանդությունների միջազգային դասակարգման մեջ էրոզիա հասկացությունը (որը ժամանակակից բժշկության մեջ կոչվում է էկտոպիա) գոյություն ունի. այն գրանցված է 86 համարի տակ և կոչվում է erosion and ectropion of cervix uteri: Բայց հետաքրքիրն այն է, որ արևմուտքի, ինչպես նաև հետխորհրդային բժիշկներն այս ախտորոշման տակ տարբեր բաներ են հասկանում… Եվ երբեմն մեր էրոզիայի բուժման մեթոդները և ընդհանրապես այս հարցին մոտեցումը արևմտյան մասնագետների մոտ զարմանք են առաջացնում:

Այսպիսով, ի՞նչ է արգանդի վզիկի էրոզիան (էկտոպիան):

Մասնագետներն ասում են, որ էրոզիա հանդիպում է կանանց մեծ մասի (մոտ 80%-ի) մոտ և  մեծ մասամբ ֆիզիոլոգիական նորմ է համարվում: Ամենից հաճախ այն հանդիպում է երիտասարդ, վերարտադրողական տարիքի կանանց մոտ, և գրեթե չի հանդիպում 40-ից հետո: Պարզ լեզվով ասած` էրոզիան արգանդի վզիկի կարմրությունն է, որը գինեկոլոգը կարող է տեսնել հայելիներով հետազոտության ժամանակ:

Գինեկոլոգ Սուրեն Կանայանն  ասում է, որ ֆիզիոլոգիական առանձնահատկությունների պատճառով էրոզիա կա գրեթե բոլոր նորածին աղջիկների մոտ: Այն լինում է նաև սեռական հասունացման տարիքում, հղիության ժամանակ և հորմոնալ կոնտրացեպցիա օգտագործելիս` որպես օրգանիզմի  հակազդեցություն հորմոնալ փոփոխություններին: Այսպիսի էրոզիան նույնպես ֆիզիոլոգիական նորմ է, և կարիք չկա այն բուժել կամ  այրել:

Էրոզիա կարող է առաջանալ նաև արգանդի վզիկի մեխանիկական վնասվածքի, տարբեր տեսակի վարակների կամ քիմիական նյութերի օգտագործման հետևանքով:

Հետխորհրդային երկրներում  էրոզիայի բոլոր դրսևորումները միանգամից աշխատում են բուժել և այրել` առանց դրա պատճառները հայտնաբերելու: Կանայք էլ շատ են վախենում, երբ լսում են «էրոզիա» բառը: Միանգամից  վտանգավոր բան են պատկերացնում և համաձայնվում են ամեն տեսակի բուժումներին: Անձամբ ճանաչում եմ կանանց, ում մոտ վերջին տարիների ընթացքում էրոզիա են հայտնաբերել և նույնիսկ այրել են այն (չնայած արևմուտքի բժիշկները գտնում են, որ այրումը բավականին վնասակար է):

Բայց այս ամենը դեռ չի նշանակում, որ էրոզիան բոլորովին անվտանգ երևույթ է և ընդհանրապես ուշադրություն  պետք չէ դարձնել: Փորձենք հասկանալ, թե ինչու է այն վտանգավոր:

Գինեկոլոգ Կանայանն ասում է, որ էրոզիան, որպես կանոն, ինքնիրեն չի հայտնվում, և շատ կարևոր է պարզել էրոզիայի իրական պատճառը: Եթե էրոզիայի պատճառն օրգանիզմում հորմոնալ փոփոխություններն են, ապա անհանգստանալու կարիք չկա: Սեռական հասունացման, հորմոնալ կոնտրացեպցիայի ընդունման ժամանակ և ծննդաբերությունից հետո նույնպես էրոզիան «բուժել» պետք չէ:

Եթե էրոզիայի պատճառը վարակներն են, ապա պետք է բուժել վարակները, ոչ թե էրոզիան: Կանայանն ասում է, որ էրոզիայի հայտնաբերման դեպքում արևմուտքում միանգամից օնկոցիտոլոգիական (պապանիկոլաու) անալիզ են վերցնում, որը կարող է ցույց տալ, թե չի՞ զարգանում արդյոք կնոջ մոտ արգանդի վզիկի խոց: Հենց արգանդի վզիկի խոցն է ամենամեծ վտանգն այս հարցում: Այսինքն` էրոզիան` որպես այդպիսին, ինչպես և այլ հյուսվածքների դեֆեկտները, ըստ արևմուտքի մասնագետների, ինքնին վտանգավոր չեն, բայց  կարող են չարորակ նորագոյացությունների զարգացման պատճառ դառնալ կամ էլ կարող են   նորագոյացությունների հետևանք լինել:

Այդ իսկ պատճառով ամեն տեսակի էրոզիայի հայտնաբերման դեպքում հարկավոր է առաջին հերթին օնկոցիտոլոգիական  հետազոտություն անցկացնել` համոզվելու համար, որ արգանդի վզիկի բջիջներն առողջ են: Բժիշկները խորհուրդ են տալիս նաև ծննդաբերությունից մոտ 6-8 շաբաթ անց անպայման օնկոցիտոլոգիական հետազոտություն անցնել:

Այս առնչությամբ հիշեցի, որ մի քանի ամիս առաջ մի ծանոթ աղջիկ (28 տարեկան, անունը չի ցանկանում հրապարակել), որ հիմա Անգլիայում է ապրում, պատմեց ինձ հետևյալը. «Դեռ Անգլիա չհասած`ինձ  գինեկոլոգի մոտ հրավիրեցին (բոլորին են այնտեղ ստուգում) և՛ տեղացիներին, և՛ եկվորներին): Դե, գնացի, ինչ-որ բան բժիշկներին դուր չեկավ, միանգամից  ինչ-որ անալիզ վերցրին: Մի շաբաթից պատասխանը եկավ, ամեն ինչ նորմալ էր: Ու վերջ, էն էրոզիան, որով մեզ մոտ բոլորին վախեցնում էին, այնտեղ, եթե խոց չկա, ոչ ոքի չի հետաքրքրում»: Նույն ընկերուհիս պատմեց, որ Անգլիայում դպրոցական տարիքի բոլոր աղջիկներին պարտադիր պապիլոմավիրուսի դեմ են պատվաստում   (որը համարվում է արգանդի վզիկի խոցի հարուցիչը):

Այսպիսով, հարգելի կանայք, եթե  բժիշկներն ասում են, որ ձեզ մոտ էրոզիա կա, որը պետք է շտապ բուժել կամ  այրել-խարել, պահանջեք հանձնել օնկոցիտոլոգիական և ինֆեկցիաների թեստ: Եթե հետազոտության արդյունքները նորմալ են, ապա մոռացեք ամեն տեսակի «այրման» և «բուժումների» մասին:

Եվս մի կարևոր հանգամանք: Գինեկոլոգ Կանայանը խորհուրդ է տալիս բոլոր կանանց տարեկան գոնե մեկ անգամ պրոֆիլակտիկ հետազոտություններ անցնել` հնարավոր խանգարումները հայտնաբերելու համար: Տարիքի հետ  պետք է հետազոտվել կես տարին մեկ հաճախությամբ:

Ըստ Կանայանի` արևմուտքում սա տարածված պրակտիկա է, որը հնարավորություն է տալիս վաղ շրջանում հայտնաբերել ամեն տեսակի խնդիրները, իսկ ինչպես հայտնի է, որքան վաղ է հայտնաբերվում հիվանդությունը, այնքան մեծ է այն արդյունավետ բուժելու հավանականությունը:

Հայաստանում, ցավոք, պրոֆիլակտիկ հետազոտությունների մշակույթը դեռ արմատացած չէ:

Պրոֆիլակտիկայի համար խորհուրդ է տրվում նաև օնկոցիտոլոգիական հետազոտություն անցկացնել: Սա ներկայումս արգանդի վզիկի խոցի հայտնաբերման ամենաարդյունավետ մեթոդներից է: Այս  հետազոտության կանոնավոր անցկացումը  հնարավորություն է տալիս բավականին վաղ հայտնաբերել արգանդի վզիկի բջիջների անոմալ փոփոխությունները, իսկ ժամանակին արված բուժումը կօգնի կանխել չարորակ նորագոյացությունների առաջացումը:

Դիտվել է 8925 անգամ:
Print Friendly

Leave a Reply