Բացօթյա ջրավազաններ. վտանգավո՞ր, թե՞ անվտանգ

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | June 19, 2010 10:00

Երբ առավոտյան  վազում եմ Հաղթանակի (Մոնումենտի) զբոսայգում, հաճախ եմ տեսնում, թե ինչպես են մարդիկ լողում ջրավազանում: Առաջին հայացքից ջուրը բավական կեղտոտ է թվում: Հաճախ եմ տեսնում նաև, թե ինչպես են մարդիկ իրենց շներին լողացնում: Բացի այդ, ջրի երեսին ինչ-որ տարօրինակ իրեր են նկատվում… Բայց, միևնույն է, մարդիկ լողում են:

Մի քանի օր առաջ մոտեցա այգու ջրավազանում լողացող մարդկանցից մեկին` մոտ 45-50 տարեկան մի տղամարդու, որը չցանկացավ հրապարակել իր անունը, և հարցրեցի` վտանգավոր չէ՞ այնտեղ լողալը: «Եթե լավ չեք լողում, ավելի լավ է` չթռչեք, ութ մետր խորություն ունի», – պատասխանեց նա: Հարցրի ջրի մաքրության մասին: Ջուրն այդ օրը, իմիջիայլոց, իրոք շատ կեղտոտ էր: «Իսկ ի՞նչ մաքրություն: 15 տարի է` լողում ենք էստեղ, ոչ մի բան էլ չի եղել: Ոչ հիվանդացել ենք, ոչ էլ»,- պատասխանեց զրուցակիցս:

Առողջապահության նախարարության հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության շրջակա միջավայրի և կոմունալ հիգիենայի բաժնի պետ Աիդա Պետիկյանն ասում է, որ իրականում լողի համար չնախատեսված ջրավազաններում լողալը բավական վտանգավոր է, քանի որ կարելի է վարակվել բազմաթիվ հիվանդություններով, որոնք «պայմանավորված են ջրային գործոնով»:

«Նախ` դրանք մի շարք մաշկային, լորձաթաղանթային, սնկային հիվանդություններ են: Իսկ եթե կեղտոտ ջուրը ներթափանցի լողացողի ստամոքսը, ապա հնարավոր են նաև աղիքային վարակներ», – ասում է Պետիկյանը: Կեղտոտ ջրավազաններում կարելի է վարակվել նաև հեպատիտ Ա-ով, Ֆլեկսների դիզենտերիայով, էնտերովիրուսային ինֆեկցիաներով և այլն:

Սակայն տկն Պետիկյանը շեշտում է, որ սա դեռ չի նշանակում, որ այսպիսի ջրավազաններում լողացող մարդիկ անպայման ձեռք կբերեն այս վարակները, բայց և ոչ ոք չի կարող երաշխավորել, որ նրանք ոչնչով չեն հիվանդանա: Եթե ջրի մեջ կան հիվանդություններ հարուցող մանրէներ, վարակվելու վտանգը բավական մեծ է: «Մենք անընդհատ ջրավազանների ջրի լաբորատոր հետազոտություններ ենք անցկացնում, և եթե ինչ-որ վտանգ ենք հայտնաբերում, ավելի ուժեղ ենք ահազանգում», – ասում է նա:

Երևանի բացօթյա ջրավազանները, ըստ Պետիկյանի, դեկորատիվ նպատակների են ծառայում և քաղաքում որոշակի միկրոկլիմա են ստեղծում: Դրանք, որպես կանոն, նախատեսված չեն լողի համար, քանի որ դրանց ջուրը, ի տարբերություն լողավազանների, պարբերաբար չի փոխվում, և բացակայում են ջուրը մաքրող մեխանիզմները: Այդ ամենը մեծացնում է նման ջրում տարբեր հիվանդություններ հարուցող մանրէների առկայության և արագ բազմացման հավանականությունը: «Լողավազաններում ջուրը մաքրող մեխանիզմներ կան, իսկ բացօթյա ջրավազանների մոտ ցնցուղ էլ չկա, որ մարդը լողանալուց հետո գոնե ցայվի և լվանա իր վրայից կեղտոտ ջուրը և մանրէները», – ասում է Պետիկյանը:

Բացօթյա ջրավազաններում մի վտանգ ևս կա: Մարդիկ սովորություն ունեն ջրի մեջ կեղտոտ իրեր և կոտրված շշեր նետել: «Այսինքն` նաև մեխանիկական վնասվածքներ ստանալու հավանականություն կա», – ասում է Պետիկյանը: Իսկ մեխանիկական վնասվածքները, ինչպես հայտնի է, էլ ավելի կարող են մեծացնել վարակների ներթափանցումը օրգանիզմ:

Բացօթյա ջրավազաններում հաճախ կարելի է տեսնել ոչ միայն լողացող մեծահասակների, այլև երեխաների, որոնց համար կեղտոտ ջուրը կարող է շատ ավելի վտանգավոր լինել, քանի որ նրանց իմունային համակարգը, որպես կանոն, ավելի թույլ է: Ըստ Պետիկյանի, ջրավազաններում լողացող երեխաների թիվը վերջերս քչացել է, և անցած տարի, օրինակ, Երևանի բացօթյա ջրավազաններում լողացողները նախորդ տարիների համեմատ նկատելիորեն ավելի քիչ էին: Հակահամաճարակային տեսչությունը, ինչպես նշեց Պետիկյանը, միշտ կոչ է անում ոստիկանությանը` խստացնել հսկողությունը և թույլ չտալ մարդկանց լողանալ լողի համար չնախատեսված վայրերում: Մյուս կողմից` Պետիկյանը կոչ է անում ծնողներին հետևել իրենց երեխաներին և զգուշացնել կեղտոտ ջրավազաններում լողանալու վտանգների մասին:

Լուրջ խնդիր է, որ ոչ բոլոր ծնողներն են նման լողավազաններում լողալը համարում վտանգավոր իրենց երեխաների համար: Օրինակ` Ռուբենն ինքն է լողալու բերում իր երկու որդիներին (10 և 12 տարեկան) Հաղթանակի զբոսայգու ջրավազան: Նա , իր իսկ խոսքերով, մտահոգված չէ, որ ջրավազանը կարող է կեղտոտ լինել և տարբեր հիվանդություններ առաջացնել: Ռուբենի կարծիքով, կյանքում շատ ավելի վտանգավոր բաներ կան, իսկ հիվանդություններ կարելի է ձեռք բերել ամենուրեք, ոչ միայն ջրավազաններից: Մյուս կողմից` Ռուբենը համոզված է, որ ջրավազանը, եթե նույնիսկ կեղտոտ է, կարող է պնդացնել երեխաների իմունային համակարգը և հիվանդացնելու փոխարեն ավելի առողջ դարձնել նրանց: Ռուբենը նշեց նաև, որ մինչև այսօր ո’չ ինքը, ո’չ իր որդիները դեռ ոչնչով չեն վարակվել ջրավազանից: «Կամ էդ ջրում ոչ մի վտանգ էլ չկա, կամ էլ մեր իմունիտետն է ուժեղ», – ասաց նա` շարունակելով վազել ջրավազանի շուրջը:

Փորձեցի ջրավազանի շրջակայքում  գտնել մի մարդու, ով իրոք ինչ-որ վարակ է այնտեղից ձեռք բերել, բայց բոլոր լողացողները պնդում էին, որ առողջ են: Հետո հասկացա, որ վարակ ձեռք բերողը երկրորդ անգամ այլևս այս ջրավազան չէր գա…

Իմ հարցին, թե ինչու Ռուբենը չի տանում իր երեխաներին լողավազան, նա պատասխանեց, որ լողավազանները բավականին թանկ են` «հետո էլ, ո՞վ ասաց, որ ավելի մաքուր են, էնտեղ էլ ով ասես չի լողում»:

Իհարկե, ամառվա շոգին երեխաների և մեծահասակների լողալու ցանկությունը հասկանալի է և տրամաբանական: Բայց բացօթյա ջրավազանները լողալու համար այնքան էլ լավ տարբերակ չեն, քանի որ վարակներ ձեռք բերելու հնարավորություն կա: Իսկ ի՞նչ անել: Այս խնդրի լուծումը Պետիկյանը տեսնում է բացօթյա լողավազաններ կառուցելու մեջ: Այդպիսի լողավազանները մատչելի կլինեին երեխաների և պատանիների համար և միաժամանակ ավելի մաքուր և համեմատաբար ավելի անվտանգ կլինեին:

Սակայն ո՞վ պիտի բացօթյա լողավազաններ կառուցի: Պետիկյանի կարծիքով, այս հարցով պիտի զբաղվի «որևէ տնտեսվարող սուբյեկտ կամ` համայնքները»: Առայժմ, սակայն, այս հարցով ոչ ոք չի զբաղվում:

Դիտվել է 2978 անգամ:
Print Friendly

Leave a Reply