Սպանված բիզնեսմեն Նազարեթ Բերբերյան. «Ինձ քոնթրոլ մ՛ի արա»

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | May 22, 2009 12:28

berberyan158-ամյա գործարար Նազարեթ-Հագոփ Բերբերյանի դին մայիսի 15-ին գտան Երևանից Սևան մայրուղու 25կմ-ի վրա, ճամփեզրի ձորակում` թաղված: Դիակի վրա եղել են բռնության հետքեր: Նա ապրիլի 28-ին տնից դուրս էր եկել ու այլևս չէր վերադարձել: Մեքենան գտել են օդանավակայանում: Սպանության մեջ մեկ կասկածյալ ձերբակալված է: «Անկախին» հայտնի դարձավ, որ ձերբակալվածը Պետրոս անունով մի քաղաքացի է, որ միասեռական է, եղել է «Շանզելիզ» գիշերային ակումբի տնօրեն: Կասկածներ կան, որ սպանությունը եղել է խոշոր փողերի հետ կապված: Ոստիկանությունը հաստատեց, որ ձերբակալվածը այդ անունն ունի: Նաև «Անկախին» հայտնի դարձավ որ ևս երկու հոգու նկատմամբ հետախուզում է հայտարարված:

Բերբերյանին սպանել են, թաղել, իսկ հետո հետքերը կորցնելու համար նրա մեքենան տարել-կանգնեցրել օդանավակայանում, որ կարծեն, թե նա մեկնել է Հայաստանից: Հանցագործը հայտնաբերվել է իր ձեռքի հեռախոսի համարով, որով խոսել է Բերբերյանի հետ:

Ընտանիքին` կնոջն ու 4 երեխաներին թողնելով ԱՄՆ-ում` Բերբերյանը իր գործը շարունակում էր Հայաստանում մինչև 2009թ. ապրիլի 28-ը, երբ տանից դուրս եկավ և հետ չվերադարձավ:

Իսկ 38 տարի առաջ տասը դոլարը գրպանում, հորեղբոր վերաբերմունքից վիրավորված` Բեյրութից ներգաղթած 20-ամյա Նազարեթ-Հագոփ Բերբերյանն իր մոր ու քրոջ հետ մեկնեց Ամերիկա: Հայրը մահացել էր, երբ ինքը դեռ 5 տարեկան էր: Մասնագիտական կրթություն չուներ, փոխարենը մանկուց լավ էր տիրապետում բնագիտական առարկաներին, հատկապես` մաթեմատիկային:

Բանիմաց, լավատեղյակ, ժամանակակից տեխնիկական միջոցներին տիրապետող, արվեստասեր Նազարեթը սկսեց Ամերիկայում զբաղվել մանր առևտրով` գորգավաճառությամբ: Որոշել էր` պետք է հարստանա: Փոքրիկ խանութը մեծացավ, դարձավ խանութների ցանց: Գրեթե 40-ին հասնող փոքր խանութներ ուներ: 1992-93թթ. պատերազմի տարիներին հայրենիք վերադառնալու և համերկրացիներին օգնելու ցանկությունը մեծացել էր: Հենց այդ տարիներից էլ սկսվեց բարեգործությունների շղթան:

«Եթե մի ձեռքդ բարեգործություն կամ ողորմություն է անում, մյուսը չպետք է իմանա այդ մասին». այս սկզբունքով էր ողջ կյանքում առաջնորդվում: Նրա համադասարանցի ու գործընկեր, տեխնիկական գիտությունների դոկտոր, կրթության նախկին նախարար Արեգ Գրիգորյանը հիշում է, որ Նազարեթ Բերբերյանը միշտ կտրուկ դեմ էր, որ իր բարեգործությունները լրատվամիջոցներով հաղորդվեն. «Միայն մեկ անգամ է իր բարեգործության մասին խոսվել, երբ 1993թ. բազմազավակ բոլոր հայ ընտանիքները ստացան մթերքի օգնություն: Այդ տարիներին այն ձևական լոբի կամ ձեթ չէր ու էնքան շատ էր, որ մարդիկ դժվարությամբ էին տուն տանում: Սոցապ նախարարությունն բազմաթիվ շնորհակալական նամակներ է հղել Բերբերյանին, որոնք պահպանվում են ինձ մոտ»:

Զեմֆիրա Արշակյանը, որ այրի է ու դիսպանսեր հիվանդ (հեռացված է մեկ երիկամը), հիշեց, որ 1993թ. Սուրբ Սարգիս եկեղեցում գնացվել է կարիքավորների ցուցակում, մեկ տարի հետո ստացել 4000 ռուբլի` երկու երեխաների խնամքի համար, սակայն իրեն չեն ասել բարեգործի անունը. «Գրեթե մեկ տարի գնում, գալիս էի եկեղեցի, որ գոնե իմանամ` ով է այդ բարերարը, վերջում նոր ասացին, որ Բերբերյանն է»:

Մերգելյան ինստիտուտի նախկին աշխատակից Էմմա Արևյանսն էլ հիշեց, որ 1993թ. շնորհակալական նամակ է գրել Բերբերյանին` ֆինանսական աջակցություն ստանալու համար: Նա միայնակ խնամում էր որդեգրած տղայի, որն արդեն 25 տարեկան է:

Նազարեթ Բերբերյանի բարեգործ ձեռքը հասավ նաև պատերազմից անդամահատված Քաշաթաղ ու Քարվաճառ:

1998թ. Հայաստանում հիմնադրեց «Բեռնար» գորգերի արտադրական ընկերությունը: Սովորական գորգերից բացի` գործվում էին նաև մետաքսյա գորգեր. նման բան Հայաստանում երբևէ չէր եղել:

«Նազարեթը շատ բարձրաճաշակ էր, օրերով տանջվում էր գույների ընտրության համար,- ասում է Գրիգորյանը, որ եղել է Բերբերյանի «Բեռնար» ընկերության տնօրենը,- Պատահում էր` մենք տուն էինք գնում աշխատանքից, իսկ ինքը կարող էր երկար մնալ, թելը երկար-բարակ դնել` մինչև որոշեր գորգի` իր ուզած գույնը։ Նա սիրում էր ամեն լուծում ինքնուրույն գտնել և երբ նրան փորձում էի խորհուրդ տալ, կամ որևէ դիտողություն անել ասում էր՝ ինձ քոնթրոլ մի արա»:

Բերբերյանը բացեց երկրորդ`«Լիլ նար» ընկերությունը, որը զբաղվում էր շինարարական նախագծերով: Վերջին նախագիծը Աբովյան-Պուշկին խաչմերուկում կառուցվող հյուրանոցն է: Երևանի քաղաքապետարանի հետ կնքված պայմանագրի համաձայն` հողատարածքի 50 տոկոսն է միայն կազմակերպությանը:

Դիտվել է 4734 անգամ:
Print Friendly

Leave a Reply