Թեղուտի թնջուկը. հկ-ները դատի կտան պետական կառույցներին

Օրվա լուր | | July 1, 2009 14:16

tegut«Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնը», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը» և «Էկոդար» բնապահպանական հկ-ն հայց են պատրաստել Վարչական դատարան` ընդդեմ ՀՀ կառավարության, Բնապահպանության, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունների ու «Արմենիա Քափր Փրոգրամ» ՓԲԸ -ի(ACP): Հայցադիմումում նշված է, որ «ACP»-ի կողմից Լոռու մարզի Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործմամբ խախտվել են ՀՀ Սահամանադրության և 10 օրենքների ու միջազգային պայմանագրերի բազմաթիվ դրույթներ: Հայցվորները նշում են, որ ընկերության ներկայացրած տնտեսական վնասի չափը մի քանի տասնյակ անգամ քիչ է իրականում սպասվելիք վնասից: Ըստ հայցադիմումի`հողերի գծով տնտեսական վնասն իրականում կազմելու է մոտ 2,5 մլրդ դրամ, ջրային միջավայրինը` մոտ 166 մլն դրամ, իսկ մթնոլորտինը` մոտ 1,2 մլրդ դրամ»: «ACP» ընկերությունը հաշվարկել է միայն ընդերքին հասցվող վնասի չափը` մոտ 4 մլն դրամ, սակայն չի գնահատվել մյուս թանկարժեք հանածոները (որոնք պղնձի ու մոլիբդենի հանքաքարի հետ դուրս կգան, բայց չեն օգտագործվի), որոնց արժեքը կկազմի մոտ 1,5 մլրդ դրամ: Անկախ փորձագետների հաշվարկներով` հատվելու է մոտ 180 000 ծառ, որոնց մեջ կան նաև եզակի համարվող ընկուզենի, խնձորենի, տանձենի: Բացի ծառատեսակներից, անտեսվել են նաև «Կարմիր գրքի» մի շարք հազվագյուտ բույսեր ու կենդանիներ, որոնց կորուստը հնարավոր չէ դրամով չափել: Իսկ ընկերության` շրջակա միջավայրի վրա ազդեցության (ԲՓ-31 և ԲՓ-135) փորձաքննությունների արդյունքում կազմված վնասի չափը հաշվարկվել է 1984 թ. սահմանված գներով: Ըստ «ACP» նախագծի` կենցաղային կեղտաջրերի մաքրման համար կիրառվելու է կենսաբանական մաքրման կայան, սակայն ոչ մի խոսք չկա կայանի իրական հնարավորությունների մասին: Բնապնախարարությունը հանքի աշխատանքների նախագծային փաստաթղթերին դրական եզրակացություն է տվել, մինչդեռ Ջրային տնտեuության պետական կոմիտեում փորձաքննություն չի կատարվել: Հաշվի առնելով «գործունեության անդրսահմանային ազդեցությունը»` փորձաքննական եզրակացությունը պետք է հաստատվեր ՀՀ կառավարության կողմից, մինչդեռ այն հաստատել է բնապնախարարը, ինչի լիազորություն նա չուներ: «Կոնցեսիայի մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելու պահին «ACP» ընկերությունը չի համարվել հանքային իրավունք ունեցող մարմին, մինչդեռ Օրենքը սահմանում է, որ ժամանակավոր լիցենզառու կարող է համարվել այն սուբյեկտը, որը մինչև օրենքի ուժի մեջ մտնելն ունի հանքային իրավունք: Հայցվորները պահաջում են դադարեցնել ապօրինաբար սկսած հանքի շահագործումը, քանի դեռ չի անցկացվել նոր փորձաքննություն: Նրանք պնդում են ջրի, օդի ու հողի մոնիթորինգի արդյունքները հասանելի դարձնել բոլորին:

Դիտվել է 1573 անգամ:
Print Friendly

Leave a Reply