Արմեն Հարությունյան. «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքը խախտում է մարդու իրավունքները»

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | June 14, 2010 12:30

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը փետրվարին դիմել է Սահմանադրական դատարան`  վիճարկելով «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի («Դիակային դոնորից օրգաններ և հյուսվածքներ վերցնելու համաձայնության նախապայմանը») համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը: Սահմանադրական դատարանը հարցը կքննարկի հունիսի 8-ին: Այս հարցին էր նվիրված երեկ Հանրային խորհրդի առողջապահության հանձնաժողովի ընդլայնված կոլեգիան,  որին հրավիրված էին ՀՀ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը և ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը:

2002 թ. ընդունված օրենքի համաձայն, քաղաքացին կարող էր իր կենդանության օրոք համաձայնություն տալ` մահվանից հետո օրգանների ու հյուսվածքների դոնոր դառնալու համար: Այսինքն` եթե մարդն իր կենդանության օրոք այդպիսի համաձայնություն չէր տալիս, ոչ ոք նրանից օրգաններ վերցնելու իրավունք չուներ:  2009 թ. ընդունված օրենքում  նախատեսվում է. «Փոխպատվաստման նպատակով դիակից օրգաններ և հյուսվածքներ չեն կարող վերցվել միայն այն դեպքում, երբ տվյալ անձն իր կենդանության օրոք, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, հրաժարվել է մահից հետո հանդես գալ որպես օրգանների և հյուսվածքների դոնոր»: Այսինքն` եթե մարդն իր կենդանության օրոք չի ասել, որ համաձայն չէ դոնոր լինել, ապա նա կհամարվի դոնոր:

«Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների հեղինակ Արա Բաբլոյանը պնդում է, որ  նախկինում Հայաստանում օրենսդրական դաշտ չկար այս ոլորտում, իսկ գործող օրենքն այնքան էլ արդյունավետ չէր: Ըստ Բաբլոյանի` վերջին 20 տարիների ընթացքում բժշկությունը Հայաստանում զարգանում է, բայց մարդիկ շարունակում են մահանալ դոնորների բացակայության պատճառով: Հին օրենքը, ինչպես նշում է Բաբլոյանը, 8 տարի գործում էր, և այդ 8 տարիների ընթացքում ոչ մի մարդ իր կենդանության օրոք դոնոր դառնալու համաձայնություն չի տվել: Բաբլոյանը համոզված է, որ նոր օրենքը հնարավորություն կտա փրկել բազմաթիվ մարդկանց կյանքը, որոնք օրգանների ու հյուսվածքների փոխպատվաստման կարիք ունեն:

Արմեն Հարությունյանը պնդում է, որ այս օրենքը լավ է միայն բժշկության տեսանկյունից, բայց Հայաստանի պայմաններում այն մեծ վտանգ է պարունակում, քանի որ այսպիսի օրենքն էլ ավելի կխթանի կոռուպցիան երկրում, և եթե նախկինում օրգանները վերցվում և վաճառվում էին անօրինական ճանապարհով, ապա հիմա դա կդառնա օրինական:

Վտանգ կա նաև, որ Հայաստանի քաղաքացիները դոնոր կդառնան այլ երկրների համար: Այս ենթադրության օգտին է խոսում նաև այն փաստը, որ, ինչպես նշում են մասնագետները, Հայաստանում միայն երիկամների փոխպատվաստում են անում, նույնիսկ լյարդի վիրահատություն չեն անում, իսկ սրտի փոխպատվաստում չկա և մոտ ապագայում չի էլ լինի: Այսինքն` բացի երիկամներից, այլ օրգաններն ամեն դեպքում  կարտահանվեն արտերկիր:

Վտանգ կա նաև, որ հիվանդանոցներում մահացած մարդկանց բարեկամները կմտածեն, որ իրենց բարեկամին սպանել են օրգանների համար: Բացի այդ, մարդու իրավունքների պաշտպանը պնդում է, որ խախտվում են օրգանների տիրոջ տարրական ազատության և սեփական մարմնին տնօրինելու իրավունքները. «եթե կենդանության օրոք գլխի չես ընկել, որ չես ուզում` քո օրգանները օգտագործվեն, ապա դու պոտենցիալ դոնոր ես»: Սակայն շատերը նույնիսկ իրենց  տարրական իրավունքները չգիտեն, և այն մարդը, ով չի ուզում մահվանից հետո դոնոր լինել, կարող է ուղղակի այս օրենքի մասին չիմանալ, որ կենդանի ժամանակ հրաժարվի դոնոր լինելուց:

Մարդու իրավունքների պաշտպանը նաև կարծում է, որ օրենքի մեջ կա երկակիություն և անորոշություն, որը  նույնպես մի շարք  հնարավոր խախտումների տեղիք կարող է տալ: Օրենքի նոր տարբերակում  նախատեսվում է. «Օրգանների և հյուսվածքների դոնորների և ռեցիպիենտների ռեեստրում նրա` որպես դիակային դոնոր հանդես գալու որոշման բացակայության դեպքում փոխպատվաստման նպատակով դիակից օրգաններ և հյուսվածքներ կարող են վերցվել նրա հարազատների (ազգականների) համաձայնությամբ հետևյալ առաջնահերթությամբ (…)»: Այսինքն` այստեղ կա երկու տարբեր իրավական մոտեցում. մի կողմից` յուրաքանչյուր մարդ, ով իր կենդանության օրոք չի հրաժարվել դոնոր լինելուց, պոտենցիալ դոնոր է, մյուս կողմից, եթե նրա դոնոր լինելու համաձայնությունը չկա, կարելի է հարցնել նրա հարազատներից: Այս երկու մոտեցումները, ըստ Հարությունյանի, իրար հակասում են և խառնաշփոթ են ստեղծում, մինչդեռ յուրաքանչյուր օրենք պիտի լինի հասկանալի և  հստակ:

ՀԽ անդամ, ակադեմիկոս, դեղաբան Էմիլ Գաբրիելյանն էլ կարծիք հայտնեց, որ պետք է գտնել ոսկե միջինը՝ առողջության իրավունքի և մարդ-դոնորի իրավունքի: «Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջին դրույթներից է՝ մարդն իրավունք ունի պահպանելու իր առողջությունը: Եթե մենք մեր երկրում հարցը չլուծենք, փոխպատվաստման համար  հույսներս դնենք դրսի վրա, դա էլ ելք չէ, բոլորը չէ, որ միլիոններ կարող են գտնել: Եթե Բելգիայում կամ մի այլ երկրում մարդը փրկվում է, Հայաստանում մահանում է դոնոր չլինելու պատճառով: Արյան փոխներարկման քարոզչությունն ինչպե՞ս է արվում: Սոցիալ-հոգեբանական, կրոնական ազգային առանձնահատկությունները հաշվի առնելով հանդերձ, պետք է հասկացնել, որ օրգանների դոնորությունը նույնպես հումանիստական մեծ քայլ է: Եթե խեղդած վիճակում պահենք այս ոլորտը, բժշկությունը չի զարգանա»,- ասաց նա:

ՀԽ անդամ, «Ս.Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Արա Մինասյանը վրդովմունք հայտնեց այն կապակցությամբ, որ օրենքի փոփոխության մասին հանրությունը չի իրազեկվել. «Ինչու՞ ենք օրենքի մասին այսքան ուշ իմանում, այն էլ՝ ընդունվելուց հետո: Անձամբ ես պատահաբար հեռուստատեսությամբ եմ լսել Արմեն Հարությունյանի մի խոսքից: Դուք միշտ բաց եք եղել, ինչու՞ այս անգամ այդպես փակ եղավ: Նա  նշեց, որ մինչ օրենքի այս փոփոխությունը գործում էր 2002 թվականինը, բայց բժշկության այդ ոլորտը չէր զարգանում. «Որովհետև դրա համար ահռելի նյութատեխնիկական բազա է պետք, ֆինանսական ռեսուրսներ: Եղածն էլ շատ արագ է հնանում: Այս օրենքը կարող է գործել, եթե ամբողջ բնակչությունը պաշտպանված լինի ապահովագրական ընկերությունների և պետության կողմից: Առողջապահական իրավական դաշտն էլ ստեղծված չէ, ամբողջ պրակտիկ բժշկությունը կընկնի հարվածի տակ: Առանց այդ էլ, երբ հիվանդի վիճակը վատանում է, բժշկին պատին են սեղմում, թե մի բան այն չարեցիր»:

ՀԽ անդամ, իրավաբան Գրիգոր Բադիրյանը մտավախություն հայտնեց, որ օրենքը դուռ կբացի անլեգալ էֆթանազիայի առջև: «Բժիշկները, որոնք միշտ մեծ ճիգերով պայքարում են մահամերձի կյանքը փրկելու համար, գուցե ճիգերը նվազեցնե՞ն՝ մտածելով, որ ուրիշ մեկինը գոնե փրկելն ավելի հավանական կլինի»,- ասաց նա:

«Երեք հետևություն կարող եմ անել,- ասաց ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը,- կամ հին օրենքը չգործեց, կամ մեր ժողովրդի մտածելակերպը դրան դեմ է, կամ էլ՝ ոչ ոք չի փորձել նախորդ ութ տարիներին աշխատեցնել հին օրենքը: Եթե փորձ արվեր աշխատեցնելու, հասարակական կարծիք կձևավորվեր, տեխնոլոգիաներ կմշակվեին, գուցե աշխատեր: Եվ բոլոր օրենքների հանդեպ այդ նույն ծայրահեղությունը կա մեզ մոտ. եթե չի աշխատել` նորացնել»:

«Միաձայնություն կար միայն մեկ խնդրում,- ամփոփեց ՀԽ առողջապահության և սոցիալական հարցերով հանձնաժողովի նախագահ Դերենիկ Դումանյանը,- որևէ մեկը դեմ չարտահայտվեց օրգանների կամ հյուսվածքների փոխպատվաստման գաղափարին, և  կա խնդիր՝ 2002թ. ընդունված օրենքը չի կարողացել համապատասխան համակարգ ձևավորել, 8 տարի անց փոխել ենք դրույթները, որ ձևավորվի, սակայն  շատերը լուրջ վտանգներ են տեսնում՝ կապված ամենատարբեր խնդիրների հետ»:

Դիտվել է 4635 անգամ:
Print Friendly

Leave a Reply