Վարունգ և լոլիկ. գարնանային բժիշկները

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | June 1, 2010 9:30

Գարնանը մեր սեղանների վրա վերջապես հայտնվում է թարմ բանջարեղեն, մասնավորապես` վարունգ և լոլիկ: Ձմեռվանից հետո մեր օրգանիզմն, ասես, այս բանջարեղենի կարիքն  է զգում, քանի որ դրանք պարունակում են մի շարք վիտամիններ, որոնք ձմեռվա ընթացքում օրգանիզմը չէր կարող ստանալ:

Վարունգ

Շատերը կարծում են, որ վարունգը «ջուր է», և նրա մեջ ջրից բացի այլ բան չկա: Սակայն, այդ կարծիքը սխալ է: Վարունգի 95%-ն իրոք ջուր է, բայց մնացած 5%-ը հարուստ է մի շարք վիտամիններով (C, B1, B2, PP), ածխաջրերով և օգտակար հանքանյութերով (կալիում, ֆոսֆոր, կալցիում, մագնեզիում և այլն):

• Վարունգի հյութը մաքրում է օրգանիզմը` հեռացնելով նրանից թունավոր նյութերը և խարամը: Կալիումը, որով վարունգը հարուստ է, օգնում է հեռացնելու օրգանիզմից կերակրի աղի և ջրի ավելցուկները: Այն նաև երիկամներից հեռացնում է ավազը և դրական ազդեցություն ունի լյարդի աշխատանքի վրա:

• Վարունգը նաև դրական ազդեցություն ունի սիրտանոթային համակարգի վրա:

• Վարունգում առկա աղերը մեծ մասամբ  հիմնային են, ուստի ցածրացնում են ստամոքսահյութի թթվայնությունը: Վարունգում առկա միկրոտարրերը նպաստում են լավ մարսողությանը և լավացնում աղիների աշխատանքը: Վարունգի  կանոնավոր օգտագործումը հեշտացնում է սպիտակուցների յուրացումը օրգանիզմի կողմից և դանդաղեցում է ճարպերի առաջացման ընթացքը: Այսպիսով, նիհարել ցանկացողներին խորհուրդ է տրվում ավելի հաճախ վարունգ ուտել: Մասնագետները նաև խորհուրդ են տալիս օրգանիզմը մաքրելու համար շաբաթվա մեջ գոնե մեկ օրվա ընթացքում ուտել միայն վարունգ (1.5-2 կգ):

• Շաքարախտով հիվանդներին նույնպես խորհուրդ է տրվում հաճախ վարունգ ուտել, քանի որ այն լավացնում է ենթաստամոքսային գեղձի աշխատանքը:

• Վարունգը նաև բնական դեղամիջոց է գլխացավի դեմ: Ուժեղ գլխացավի ժամանակ վարունգով կարելի է տրորել ճակատը, վարունգից կարելի է ուղղակի հոտ քաշել կամ ուտել:

• Վարունգը բարձրացնում է տրամադրությունը և նպաստում  դեպրեսիաների ու անքնության դեմ պայքարին:

• Վարունգը օգտակար է մրսածության և գրիպի ժամանակ: Բարձր ջերմության  դեպքում խորհուրդ է տրվում վարունգի հյութ խմել: Օրգանիզմում առկա բորբոքումների (մանավանդ ստամոքսային բորբոքումների)  դեպքում նույնպես այն շատ օգտակար է:

• Վարունգը լավ է նաև մաշկի, մազերի, ատամների և լնդերի համար: Առանձին ուշադրության է արժանի վարունգի ազդեցությունը մաշկի վրա. վարունգով կամ վարունգի  կեղևով կարելի է մաքրել երեսը և պարանոցը  (ինչպես անում էին մեր տատիկները),  այն կսնուցի, կփափկացնի և կսպիտակեցնի ձեր մաշկը: Մասնագետները նաև պնդում են, որ թարմ վարունգի հաճախակի օգտագործումը նպաստում է մազերի արագ աճին:

Լոլիկ

Լոլիկը, ինչպես և վարունգը, նույնպես հարուստ է մի շարք օգտակար նյութերով:

•  Նախ`  սրա մեջ մեծ քանակությամբ A, C վիտամին և լիկոպեն  կա (որով և պայմանավորված է լոլիկի կարմիր գույնը). այդ նյութերն ուժեղ հակաօքսիդանտներ են համարվում: Այսպիսով, լոլիկի հաճախակի օգտագործումը ուժեղացնում է իմունային համակարգը և կարող է կանխել նորագոյացությունների առաջացումը (մանավանդ ստամոքսի, ուղիղ աղիքի, շագանակագեղձի, արգանդի վզիկի, կրծքագեղձերի և բերանի խոռոչի), ինչպես նաև չթողնել, որ խոցային բջիջները բազմանան, և ԴՆԹ-ն մուտացիաների ենթարկվի:

• Լոլիկը և լոլիկի հյութը (առանց աղի, բնականաբար) դրական ազդեցություն ունեն սիրտանոթային համակարգի վրա: Դրանց հաճախակի օգտագործումը ցածրացնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը, ճնշումը, լավացնում է արյան շրջանառությունը և նվազեցնում է սիրտանոթային հիվանդությունների առաջացման վտանգը: Լոլիկը լավ է նաև թոքերի աշխատանքի համար:

• Լոլիկը հարուստ է B, B2, B6, E, K, PP վիտամիններով ու բետա-կարոտինով  և մաքրում է արյունը, լավացնում մազերի որակը և տեսողությունը:

• Լոլիկի մեջ պարունակվող կալիումը, երկաթը և պղինձը օրգանիզմից  հեռացնում են ավելորդ հեղուկը:

• Լոլիկը հարուստ է խնձորի և կիտրոնի թթուներով, որոնք անհրաժեշտ են մարսողության համար, լավացնում են ենթաստամոքսային գեղձի և ստամոքսի գործունեությունը և օգնում են ազատվելու ավելորդ ճարպերից: Լոլիկը նաև լավացնում է աղիների միկրոֆլորան:

• Վիտամին B-ն, կալցիումը և ֆոսֆորը պնդացնում են ոսկորները:

Եվս մի  ուշագրավ փաստ լոլիկի մասին: Ջերմամշակման ժամանակ լոլիկի օգտակար հատկությունները ոչ միայն չեն կորչում, այլև ուժեղանում են:  Հետևաբար, հաճախ կերեք լոլիկի սոուսներ, կետչուպներ և պարզապես եփած լոլիկներ:

Բացի այդ, վերջերս հայտնաբերվել է, որ ձեթը ուժեղացնում է թարմ լոլիկի դրական հատկությունները, այդ իսկ պատճառով, թարմ լոլիկի աղցանը ցանկալի է պատրաստել բուսական յուղով:

Դիտվել է 6237 անգամ:
Print Friendly

Leave a Reply