Փաստաբանները պատերազմ հայտարարեցին դատավորներին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 21, 2009 17:37

Ավելի քան 200 փաստաբաններ այսուհետ նիստի ընթացքում լքելու են դատարանների դահլիճները` այսպես արտահայտելով իրենց բողոքը դատարանի և դատախազության նկատմամբ. այս մասին այսօր Փաստաբանների պալատում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց պալատի անդամ Արա Զոհրաբյանը:

Պաճառներից մեկն այն է, որ փաստաբաններն անընդունելի են համարում քրեական օրենսգրքի 343 հոդվածը, որով դատարանը կարող է յուրաքանչյուրին հեռացնել դատարանի դահլիճից կամ դատական վարույթ սկսել նրա դեմ` իր նկատմաբ անհարգալից վերաբերմունք ցույց տալու համար: «Օրենքը ոչ միայն անորոշ է ձևակերպված, այլև հավասարության նշանը փաստաբան-մեղադրողի փոխարեն դրված է դատարան-մեղադրողի միջև, որը մեզ համար անընդունելի է»,-ասում է Արա Զոհրաբյանը:

Եթե մեղադրող կողմը կատարում է արարք, որը համարվում է դատարանի նկատմամբ անհարգալից դրսևորում, ապա մեղադրողի նկատմամբ չի իրականացվում հետապնդում: Փոխարենը` նրա վարքը քննարկում է դատախազությունը: Սակայն եթե մեղադրողի փոխարեն փաստաբանն է կատարում նույն արարքը, ապա նրա նկատմամաբ սահմանվում է քրեական պատասխանատվություն:

Փաստաբանների պալատի անդամ Հայկ Ալումյանն ասում է, որ որքան փաստաբանն ակտիվ է անում իր գործը, այնքան դատարանն ու դատախազությունն ակտիվ են խոչընդոտում նրա գործունեությունը.«Մենք բողոքի ձայնը չենք բարձրացնում միայն մեզ համար: Ցանկացած մարդ, ով քրեական դատավարությունում հայտնվում է ամբաստանյալի աթոռին, անպաշտպան է դատարանի ու դատախազության տանդեմի դեմ»:

Մեկ տարվա ընթացքում ավելի քան 10 փաստաբանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ և երկու փաստաբանի նկատմամբ հարուցվել քրեական գործ:
Փաստաբանները պատրաստվում են այս հարցով դիմել նաև Մարդու իրավունքների պաշտպանին:

Դիտվել է 1597 անգամ:
Print Friendly

Leave a Reply