Իշխանությունները կրակի հետ են խաղում

ԷՍՍԵ | | May 27, 2010 18:08

Վերջերս մտածում էի, որ անկախությունից հետո երբեք մեր երկրում այսքան տևական հանդարտ վիճակ չի եղել, աչքով տվեցի,- ասաց նախկին գործընկերս, որին երկար տարիներ չէի հանդիպել (շարժման տարիներին նրա հետ, որպես ՙՄաշտոց՚ միավորման անդամ, պայքարում էի ռուսական դպրոցների դեմ):- Մի ամբողջ կյանք պայքարեցի, անկախացումից ու ՙԼեզվի մասին՚ օրենքն ընդունվելուց հետո շունչ քաշեցի ու մտածեցի, որ արդեն հանգիստ կարող եմ իմ գործով զբաղվել, ուր էր թե,- շարունակեց օրենքի մեջ փոփոխություններ մտցնելու նախաձեռնությունից շփոթահար ու հուսահատ ծանոթս,- ով կմտածեր, որ այսքան տարի հետո, այսքան տարի հետոՀիմա ինչ, նորից մի քանի տասնամյակ հետ շպրտվենք, ամեն ինչ նորից սկսենք:

Իրոք, որքան էլ իշխանություններին հլուհնազանդ հեռուստաընկերությունները փորձեն սքողել հասարակության հակազդեցությունը, համացանցից և տպագիր լրատվամիջոցներից ակնհայտ երևում է, որ վերջին շրջանում մեր հասարակությունը նման ցնցում չէր ապրել: Հազիվ թե ՙԼեզվի մասին՚ օրենքի փոփոխությունը նախաձեռնող պաշտոնյաների այս քայլը բացատրվի մեր հասարակության ՙքնած՚ կյանքին աշխուժություն հաղորդելու նկատառումով: Ամենայն հավանականությամբ, մի քանի ՙընտրություններ՚ մարսած և Երևանի պատմական շերտը հետևողականորեն վերացնող մեր պետական այրերը, որոնք, ինչպես երևում է, մշտապես փայփայել են օտարալեզու դպրոցները վերակենդանացնելու փափագը, մտածել են, որ մեր հոգնած ու հուսահատ հասարակությունում կարելի է իրականացնել նույնիսկ այսպիսի հրեշավոր նախաձեռնություն: Բայց ինչպես դիպուկ նկատեցին երեք օր առաջ ՙԱրարատ՚ ռազմավարագիտական կենտրոնում հավաքված մի խումբ մտավորականներ, իշխանությունները լավ չեն ճանաչում մեր ժողովրդին և ուղղակի կրակի հետ են խաղում:

Իրոք, շատ հակասական, նույնիսկ տարօրինակ ժողովուրդ ենք և մեր պատմության ընթացքում մեկ անգամ չէ, որ խառնել ենք անգամ հզոր կայսրությունների խաղաքարտերը, չունենալով պետականություն, նրանց լծի տակ` այնուամենայնիվ ի դերև ենք հանել մեզ ուծացնելու նկրտումները: Նախանցյալ դարում, երբ աշխարհը գրեթե համոզված էր, որ ընդմիշտ հեռացել ենք թատերաբեմից, մեր մեծերը ազատագրվելու և անկախություն ձեռք բերելու ծրագրեր էին մտմտում` իրավացիորեն թիվ մեկ խնդիր համարելով մայրենի լեզվով կրթությունը: Պատահական չէ, որ ցարական կառավարությունը, տեսնելով հայության ինքնության պահպանման ճիգերը, անվստահելի տարր համարելով սեփական լեզուն ու դպրոցը պահպանող այլազգի ռուսահպատակներին, սաստկացրեց ճնշումներն ու գործի դրեց նրանց մտավոր առաջընթացը խոչընդոտող մեքենան, որը հիմնականում ուղղված էր դպրոցի և բարեգործական կազմակերպությունների դեմ:

1884 թ. ցարական կառավարությունը նոր կանոններ հաստատեց հայկական դպրոցների համար, ըստ որոնց` անսահմանափակ միջամտության լիազորություններ տրվեցին վարչական մարմիններին, ավելին` արգելվեց տարրականից բարձր ազգային դպրոցների ինքնուրույն գոյությունը: 1885 թ., ի պատասխան Էջմիածնի սինոդի մերժման, կառավարությունը փակեց մոտ 300 հայկական դպրոց, մի տարի անց թույլ տվեց վերաբացել դրանք, բայց նոր կանոններին ենթարկվելու պայմանով, 1897 թ. , երբ պահանջեց հայկական դպրոցները եկեղեցու տնօրինությունից հանձնել պետական գերատեսչությանը, և դպրոցներն ընվզեցին դրա դեմ, դարձյալ փակեց դրանք` այնուհետև եկեղեցուց բռնագրավելով դրանց ունեցվածքը: Իսկ 1899 թ. բարեգործական ընկերությունները զրկվեցին կրթականլուսավորական աշխատանքի իրավունքից: Բայց այս ամենն էլ ավելի զորացրեց ինքնության պահպանման կամքը:

Խորհրդային տարիներին կանգնած էինք օտարալեզու, ստույգ` ռուսալեզու կրթության մարտահրավերի առջև, ռուսական դպրոցներում սովորողների թիվը վտանգավոր չափերի էր հասել, չնայած դպրոցների ընդհանուր թվում ռուսականները շատ քիչ տոկոս էին կազմում: Բայց նույն տարիներին, երբ Մոսկվան փորձեց բոլոր հանրապետությունների պետական լեզուն դարձնել ռուսերենը, Հայաստանում և Վրաստանում ընդվզման աննախադեպ ալիք բարձրացավ: Կոմունիստական իշխանությունը հետ քաշվեց:

1988-ին, Ղարաբաղյան շարժմանը զուգահեռ, հզոր թափ առավ ՙՄաշտոց՚ միավորման գործունեությունը, ռուսալեզու դպրոցների ղեկավարների ու սովորողների շրջանում լայնածավալ քարոզչականբացատրական աշխատանք էր տարվում: Եվ շարժման այս երկու թևերի փոխազդեցության շնորհիվ էր նաև, որ հնարավոր դարձավ 1991-ին անկախության հռչակումը:

Բայց այսօր այսպիսի ծրագիր են առաջ քաշում ոչ թե մեզ գաղութացնող տերությունները, այլ սեփական իշխանությունները, ավելին` այն պաշտոնյան, որի ձեռքում է մեր երեխաների կրթության գործի կազմակերպումը, մարդ, որը կարծում է, թե աշխարհի հետ ազատորեն հաղորդակցվելու համար պետք է ոչ թե լեզու սովորել, այլ օտարալեզու կրթություն ստանալ, ով կարծում է, թե այդպիսով ոչ թե ուրիշների մշակույթն է հարստացնում, այլ մեր:

Այսպիսի քաղաքական գործիչներին ժամանակին շատ լավ էր ճանաչում Վահան Տերյանը` նրանց անվանելով ՙզոոլոգիական ազգասերներ՚ և դեռ անցյալ դարասկզբին զգուշացնում էր, որ դրանց կենսունակությունը մշտական դամոկլյան սուր է լինելու մեր գլխին:

Բայց, ինչպես ասում են` չկա չարիք առանց բարիքի: Վերջապես, մեր իշխանությունները հրապարակավ, կրթության նախարարի շուրթերով խոստովանեցին, որ փառավորապես ձախողել են կրթության գործը, որ մեր դպրոցների մակարդակը հեռու է բավարար լինելուց: Այսպիսի խոստովանությունից հետո նորմալ երկրներում հրաժարական են տալիս: Բայց քանի որ, կրկնում եմ, մենք շատ հետաքրքիր ու տարօրինակ ժողովուրդ ենք, այստեղ փորձում են կոծկել իրենց ապիկարությունը` հասարակության ուշադրությունը շեղելով այս վայ օրենսդրական նախաձեռնությամբ և անպտուղ բանավեճի մեջ ներքաշելով:

Հասարակությունը քննարկելու խնդիր չունի. եթե որոշել ենք, որ ինքնիշխան պետություն ենք և պետական լեզու ունենք, ապա պետք է ապահովենք պետական լեզվով կրթություն` այդ պետական լեզվով կրթության շրջանակներում նկատի ունենալով նաև օտար լեզուների ուսուցումը:

Բայց հասարակությունը ուրիշ խնդիր ունի պարզելու և որոշակի ու հստակ պատասխան է ակնկալում իշխանություններից: Մեր երկիրը բազմաթիվ համաձայնագրեր է ստորագրել` պարտավորվելով աստիճանաբար հասնել մեր երկրի քաղաքացիների մայրենի լեզվով կրթություն և դաստիարակություն ստանալու իրավունքի լիակատար ապահովմանը: Թվարկենք ամենակարևորները` Սոցիալական, տնտեսական և մշակութային իրավունքների դաշնագիր, Երեխայի իրավունքների մասին կոնվենցիա, Կրթության բնագավառում խտրականության դեմ կոնվենցիա, Եվրոպական մշակութային կոնվենցիա, Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին կոնվենցիա և այլն: Ինչ է զեկուցելու մեր երկիրն այդ պայմանագրերի իրականացումը վերահսկող մարմիններին, որ տապալել է ստանձնած ամենակարևոր պարտավորություններից մեկը: Եվ ինչպես է բացատրելու այդ անգործությունը:

Կամ երկրի կառավարությունը, հիմնվելով ՙԼեզվի մասին՚ օրենքի հիմնարար սկզբունքի վրա, մի շարք ռազմավարական փաստաթղթեր է ընդունել, որոնց բովանդակած դրույթները և տխրահռչակ օրենսդրական նախաձեռնությունը հակասում են իրար: Օրինակ` ՙՀայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը՚ կամ ՙՀայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականության պետական ծրագիրը՚: Առաջինին արդեն մանրամասն անդրադարձել է Արմեն Այվազյանը (ՙՕտարալեզու դպրոցներն օրինականացնելու ՀՀ կառավարության նախաձեռնությունը հակասում է ՙՀՀ ազգային անվտանգության ռազմավարության՚ դրույթներին՚, 26.05.2010, տես նաև Ankakh.am-ում), ուստի անդրադառնանք երկրորդին: Նրա հիմադրույթների շարքում հստակ նշված է. ՙՀայերենի` Հայաստանի Հանրապետության պետական լեզու լինելու իրողությունն արտացոլում է` իր պատմական հայրենիքում պետություն կերտող հայ ազգի ժողովրդագրական գերակշռության իրողությունը. հայոց ազգապահպան գործոնների շարքում մայրենի լեզվի վճռորոշ դերը. արդի գրական հայերենի մշակվածության ու միջմշակութային մրցունակության բարձր աստիճանը. հոգևոր ժառանգությունը պահպանելու և սերունդներին փոխանցելու, համայն հայության ազգային ինքնությունը և համազգային միասնականության գիտակցումը պահպանելու հայերենի պատմականորեն փաստված կարողությունը՚: Իսկ նպատակների շարքում ասվում է. ՙՊետության ինքնիշխանության ամրապնդման համար պետական լեզվի` հայերենի փաստացի գերակայության ապահովումը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում` որպես մեր երկրի ազգային անվտանգության գործոն: ՀՀ բոլոր քաղաքացիների` մայրենի լեզվով կրթություն և դաստիարակություն ստանալու իրավունքի ապահովումը՚: Այս նպատակներին հասնելու համար հստակ գործողություններ են նախատեսված` սկսած գրական հայերենի կանոնակարգումից, համակարգչային համացանցում հայերենի լիածավալ ներկայացման ապահովումից մինչև ուսումնական նոր ծրագրերի և հայալեզու դասագրքերի ստեղծումը: Ընդ որում` իրականացման որոշակի ժամանակացույցով: Այդ ծրագրի նպատակների շարքում, ի դեպ, առկա է նաև ՀՀ քաղաքացիների օտար լեզուների իմացության բարելավումը` հանրակրթական դպրոցներում օտար լեզուների խորացված ուսուցման միջոցով:

Ուրեմն ինչ է ստացվում, այս իշխանությունների մի ձեռքը չգիտի, թե մյուսն ինչ է անում: Եթե այսքան իրար հակասող փաստաթղթեր են ուզում ընդունել, ինչպես պետք է դրանք գոյակցեն: Եվ ով պետք է պատասխան տա մեկը չկատարելու և մյուսը նախաձեռնելու համար:

Ամեն ինչից երևում է, որ թեկրթության նախարարը, թեառհասարակ կառավարությունը գործում են ՙինչ կուզենք` կանենք՚ սկզբունքով (վկա կրթության նախարարի երեկվա ասուլիսը, որ իր ՙբարեփոխված՚ նախագծում նախատեսում է 15 օտարալեզու դպրոցի բացում )` պատասխանատվության դույզնինչ նշաններ չցուցաբերելով: Միթե: Նման կառավարությունները չեն հարատևում: Նույնիսկ մեր երկրում: Պատմությունը ցույց է տվել, որ ազգային դպրոցին ուղղված յուրաքանչյուր ոտնձգություն հղի է անկանխատեսելի հետևանքներով:

Անահիտ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է 2009 անգամ:
Print Friendly

Leave a Reply