ԱԺ մշտական հանձնաժողովները շարունակեցին բյուջետային հաշվետվությունների քննարկումները

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 25, 2010 21:16

Մայիսի 25-ին տեղի ունեցավ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ, որը վարում էին Արտակ Դավթյանը եւ Գագիկ Մինասյանը:

Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, սպորտի ոլորտներին 2009 բյուջետային տարում հատկացված ֆինանսական միջոցները եւ դրանց ծախսման ուղղությունները պատգամավորների քննարկմանը ներկայացրին ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը եւ ոլորտների պատասխանատուները:

Ինչպես իր խոսքում ասաց Ատոմ Ջանջուղազյանը, նշված ոլորտներում եւս հաշվետու տարում կատարվել են որոշակի ֆինանսական կասեցումներ, ինչը պայմանավորված է եղել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով:

Ներկայացնելով ճշտված տվյալները, Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրեց, որ կրթության ոլորտին հատկացվել է ընդհանուր առմամբ 107, 5 մլրդ դրամ, որից 20,7 մլրդ դրամը հատկացվել է ԿԳ նախարարության պահպանությանը: ՀՀ Կառավարության պահուստային ֆոնդից կրթության ոլորտին հատկացվել է եւս 203 մլն դրամ, որն ամբողջությամբ օգտագործվել է: Կրթության ոլորտում իրականացվել են 64 ծրագրեր: Կատարողականը կազմել է 92, 19 տոկոս: Գիտության ոլորտին հատկացվել է 7,5 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 94,78 տոկոս: Մշակույթի նախարարությանը հատկացվել է 9,3 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 86,78 տոկոս, այս ոլորտում իրականացվել են 64 ծրագրեր: Կառավարության պահուստային ֆոնդից մշակույթի ոլորտին լրացուցիչ հատկացվել է 55 մլն դրամ: Արվեստի բնագավառում օգտագործվել է 4 մլրդ 474 մլն դրամ, կատարողականը կազմել է 88 տոկոս: Սփյուռքի նախարարությանը հատկացվել է 412 մլն դրամ, կատարողականը կազմել է 89, 47 տոկոս: Սփյուռքի նախարարությունն իրականացրել է 13 ծրագիր:

Այնուհետեւ կատարված, ինչպես նաեւ կասեցված ծրագրերը ներկայացրին ոլորտների պատասխանատուները:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն անդրադարձավ նորաստեղծ նախարարության գործունեությանը` նշելով, որ հաշվետու տարում իրականացվել են բոլոր ծրագրերը: Ի թիվս դրանց, նախարարությունն արտերկրներում բնակվող հայերի համար տպագրել է ձեռնարկ, որում հանրամատչելի ձեւով ներկայացվել են ՀՀ օրենքների դրույթները: Կազմակերպվել են գիտաժողովներ, կոնֆերանսներ, կազմվել եւ հրատարակվել են հայագիտական նշանակության բազմաթիվ գրքեր: Իրականացվել է «Արի տուն» ծրագիրը, որի շնորհիվ 300 պատանի հյուրընկալվել է հայրենիքում: Իրականացվել են ծրագրեր, որոնց նպատակը հայրենադարձության խրախուսումն է: Տիկին Հակոբյանը տեղեկացրեց, որ վերջին երեք տարիներին ավելացել է հայրենադարձների թիվը` անցնելով 300-ից:

ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Արա Ավետիսյանն իր ելույթում տեղեկացրեց, որ այս ոլորտներում նախատեսված բոլոր ծրագրերն իրականացվել են, օգտագործվել են հատկացված 107,5 մլրդ դրամը, ինչպես նաեւ` կառավարության պահուստային ֆոնդից հատկացված 203 մլն դրամը: Կատարողականը կազմել է 85,5 տոկոս:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը տեղեկացրեց, որ մշակույթի ոլորտում եւս եղել են որոշ ծրագրերի կասեցումներ, ինչը, սակայն, նախատեսված ծրագրերի իրականացման վրա չի ազդել: Այդ ցանկում է եղել նաեւ համերգասրահների վերազինման հարցը, որը լուծվել է շնորհիվ հովանավորների նվիրաբերած 150 մլն դրամով:

Մանրամասն ներկայացնելով իրականացված ծրագրերը, տիկին Պողոսյանը նշեց, որ 12 տոկոսով ավելացել է թանգարանների այցելուների թիվը, ավելացել են հանրապետության նաեւ թանգարանների ցուցանմուշները, վերապատրաստվել են թանգարանների 30 աշխատակիցներ: Երեւանի պետական պատկերասրահը ձեռք է բերել սարքավորումներ, որոնք օգտագործվելու են մշակութային արժեքների վերականգնման նպատակով:

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը ներկաներին տեղեկացրեց, որ հաշվետու տարում հայ մարզիկներն աչքի են ընկել մեծ հաջողություններով. տարբեր մարզաձեւերի միջազգային մրցելույթներից վերադարձել են 132 մեդալով, որից 32-ը` ոսկե: Նախարարը տեղեկացրեց, որ կառավարությունը նախարարության պահպանման ծախսերի համար հատկացրել էր 181 մլն դրամ:

ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանի խոսքով, իր ղեկավարած կառույցի համար նախատեսված է եղել 95 մլն դրամ ֆինանսավորում, ինչից կասեցվել է 7 մլն-ը:

Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը տեղեկացրեց, որ հանրային հեռուստառադիոընկերության ծախսերը հաշվետու տարում կրճատվել են 463 մլն դրամով, կորուստներ են արձանագրվել կոմերցիոն մուտքերում: 2 մլն դրամից ավել խնայվել է գործուղումների կրճատման արդյունքում:

Նույն օրը շարունակելով բյուջետային քննարկումները` խորհրդարանականները Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում տեղեկացան այս ոլորտներում կատարված ծախսերի մասին:

Ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանն ընդհանուր եւ ոլորտների պատասխանատուներն ըստ իրականացված ծրագրերի ներկայացրին կատարողականի հաշվետվությունը:

Այսպիսով` 2009 թ.-ին գյուղատնտեսության ոլորտի ծախսերը հոգալու համար պետբյուջեից հատկացվել է 13,7 մլրդ դրամ ` ծրագրվածի 83,3 տոկոսը: Այս հատկացումների հաշվին իրականացվել է 38 ծրագիր, այդ թվում եւ վարկային ու դրամաշնորհային 12 ծրագիր: Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանի ներկայացմամբ` վարկային միջոցներով է իրականացվել «Շուկայական հնարավորություն ֆերմերներին» ծրագիրը` 4 մլրդ դրամի շրջանակներում: Համաշխարհային բանկի աջակցությամբ իրագործվել է գյուղական ձեռնարկությունների եւ փոքրածավալ առեւտրային գյուղատնտեսական զարգացման վարկային ծրագիրը` 862 մլն դրամ արժողությամբ: Գյուղատնտեսական հողօգտագործողներին պետական աջակցության նպատակով հաշվետու տարում ուղղվել է 1,6 մլրդ դրամ` նախատեսվածը գրեթե ամբողջությամբ: 1,5 մլրդ էլ կազմել են կենդանիների պատվաստման ծախսերը: Անտառապահպանման ծախսերը թե 2008 թ-ին եւ թե 2009 թ.-ին մնացել են անփոփոխ եւ կազմել 735 մլն դրամ: Հաշվետու տարում ոռոգման ծառայություններ կատարող ընկերություններին տրամադրվել է 5,3 մլրդ. դրամ աջակցություն:

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի ներկայացրած թվային տվյալներով` վարկային եւ դրամաշնորհային ծախսերը ներառյալ ոլորտի ծախսերը գերակատարվել են` ապահովելով 107 տոկոս կատարողական: Մասնավորապես կենսաբազմազանության եւ բնության պաշտպանության ծրագրերին է ուղղվել 1,7 մլրդ դրամ: Նախորդ տարի ձկան պաշարների համալրման նպատակով պետական պատվերի ծախսերը կատարվել են գրեթե 90 տոկոսով: Սեւանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքների համար առանձնացվել է 257 մլն դրամ: Նախարարը նշեց, որ սահմանված նիշերին հասնելու համար դեռ պետք է մաքրվի 3000 հա տարածք: Ի դեպ. Սեւանի մակարդակը անցյալ տարվա համեմատությամբ ավելացել է 67 սմ-ով: Շրջակա միջավայրի պաշտպանության խմբի ծախսերը հաշվետու տարում կազմել են ավելի քան 2 մլրդ. դրամ:

Ջրամատակարարման ոլորտում ծրագրերի ֆինանսավորմանն է ուղղվել 14,6 մլրդ դրամ` տարեկան ծրագրի 93 տոկոսը: Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրիասյանը իրականացված ծրագրերի վերաբերյալ պատգամավորներին մանրամասներ ներկայացրեց: Մասնավորապես առանձնացրեց Ասիական զարգացման բանկի աջակցությամբ կատարվող ջրամատակարարման եւ ջրահեռացման վարկային ծրագիրը, որի համար ծախսվել է 5,1 մլրդ դրամ` 46 տոկոսով գերազանցելով ծրագրային ցուցանիշը: Գերմանիայի զարգացման բանկի աջակցությամբ Լոռու եւ Շիրակի մարզերում ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի վերանորոգման նպատակով ծախսվել է համապատասխանաբար 1,3 եւ 2 մլրդ դրամ` կրկին ապահովելով գերակատարում: Երեւանի ջրամատակարարման եւ ջրահեռացման նպատակով Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում ծախսվել է 1,6 մլրդ դրամ` արձանագրելով 60 տոկոս կատարողական: Նույն նպատակով բանկը համայքներին տրամադրել է 1,9 մլրդ դրա

Դիտվել է 1345 անգամ:
Print Friendly

Leave a Reply