Սիրտանոթային համակարգի հիվանդություններ

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | May 21, 2010 9:22

Սիրտանոթային համակարգի հիվանդությունները աշխարհում մահացության թիվ մեկ պատճառն են: 2004 թ. դրանցից մահացել է 17.1 մլն մարդ, ինչը կազմել է բոլոր մահերի 29%-ը: Ըստ մասնագետների` սիրտանոթային համակարգի հիվանդություններն ամենից շատ տարածված են այն երկրներում, որտեղ բնակիչների եկամուտը միջին կամ միջինից ցածր է: Եթե ԱՄՆ-ում սիրտանոթային համակարգի հիվանդությունների պատճառով մահերը կազմում են բոլոր մահերի մոտ 34%-ը, ապա Հայաստանում, ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, դրանք կազմում են բոլոր մահերի մոտ 50%-ը:

Սիրտանոթային համակարգի հիվանդությունները սրտի և արյունատար համակարգի հիվանդությունների մի խումբ են, որոնց մեջ են մտնում սրտի իշեմիկ հիվանդությունը, ռևմոկարդիտը (սրտամկանի և սրտի փականների վնասվածքը` ռևմատիզմի հետևանքով), գլխուղեղի անոթների հիվանդությունները, սրտի բնածին արատները, թրոմբոզները և այլն:

Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում առավել տարածված են սրտի իշեմիկ հիվանդությունը (Հայաստանում` սիրտանոթային համակարգի բոլոր հիվանդությունների 31%-ը) և հիպերտոնիան` արյան բարձր ճնշումը (43%):

Ռիսկային գործոնները

Բոլորին քաջ հայտնի է, որ սիրտանոթային համակարգի հիվանդություն ձեռք բերելու գլխավոր ռիսկային գործոններն են սխալ սնունդը, ֆիզիկական ակտիվության պակասը և ծխախոտը (ըստ միջազգային վիճակագրության` նման ապրելակերպ վարող մարդկանց 80%-ն ունենում է սրտի իշեմիկ կամ գլխուղեղի անոթների հիվանդություն):

Կարևոր գործոններ են նաև երկրում տիրող սոցիալ-տնտեսական մթնոլորտը, ծանր աշխատանքը, նյարդերը, հանգստի պակասը… Գուցե  այս պատճառով են սիրտանոթային համակարգի հիվանդությունները տարածված հենց համեմատաբար «անապահով» երկրներում: Այդպիսի երկրներում նման հիվանդությունների կանխարգելում էլ, որպես կանոն, չկա, ինչն էլ ավելի է մեծացնում ռիսկը:

Բուժումը

Սիրտանոթային համակարգի հիվանդություններն ամենից շատ վնաս են հասցնում համեմատաբար աղքատ ընտանիքներին. սրտային հիվանդի բուժման, խնամքի և դեղորայքի վրա այդպիսի ընտանիքները ծախսում են իրենց բյուջեի մոտ 30%-ը և ավելին, եթե ունեն բուժվելու կամ վիրահատվելու հնարավորություն: Չէ՞ որ շատ երկրներում նույնիսկ այդ հնարավորությունը չկա:

Հայաստանի բախտն այդ առումով, կարելի է ասել, բերել է, քանի որ հենց Հայաստանում է գտնվում Կովկասի ամենամեծ սրտաբանական կլինիկաներից մեկը, որտեղ բուժում են ստանում և վիրահատվում ոչ միայն հայերը, այլև հարևան երկրների բնակիչները: Խոսքը «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի մասին, որտեղ գրեթե բոլոր սրտային հիվանդությունների դեմ պայքարելու և, պետք եղած դեպքում, վիրահատվելու բոլոր հարմարությունները կան: Եվ եթե վերջին տարիներին Հայաստանում սիրտանոթային համակարգի հիվանդությունների քանակը չի քչացել, ապա մահացությունն այդ հիվանդություւներից նկատելի նվազել է, քանի որ հնարավոր է դարձել ժամանակին բուժել մի շարք հիվանդություններ, որոնք նախկինում անբուժելի էին համարվում:

Միակ խնդիրը… դրամն է: Շատ երկրների բնակիչների համար Հայաստանում կատարվող վիրահատությունների գինը բավական հարմար է, իսկ որակը ոչնչով չի զիջում զարգացած երկրներում կատարվող վիրահատությունների որակին: Սակայն ՀՀ ոչ բոլոր քաղաքացիները կարող են վճարել, ասենք, 2 մլն. 800 հազար դրամ` մեկ փականի վիրահատության համար (ինչպես «Անկախին» ասացին «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում):

Պետպատվեր

Մյուս կողմից` Հայաստանում կան խմբեր, ում համար բոլոր սրտային վիրահատություններն անվճար են կամ զեղչված: ՀՀ առողջապահության նախարարության բուժվարչության պետ Վահան Պողոսյանն ասում է, որ այսօր Հայաստանում մի խումբ մարդկանց համար սրտային վիրահատությունները կատարվում են պետպատվերի շրջանակներում: Մասնավորապես.

1. Կառավարության 2004 թ. թիվ 318 որոշման («Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին») համաձայն` սոցիալապես անապահով (36,0 և ավելի անապահովության միավոր ունեցող) անձանց համար բոլոր վիրահատությունները, որոնց թվում են նաև սրտային վիրահատությունները, կատարվում են պետպատվերի շրջանակներում: Պետությունը տարեկան ֆինանսավորում է 110 հիվանդի վիրահատություն` ընդհանուր հաշվով հատկացնելով 170 մլն դրամ:

2. Նույն որոշման համաձայն` պետությունը 360.000 դրամի չափով նպաստում է նաև առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց վիրահատություններին` տարեկան հատկացնելով 80 մլն. դրամ:

Առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված են I, II ու III խմբի հաշմանդամները, Հայրենական պատերազմի մասնակիցները, միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ երեխաները (մինչև 18 տարեկան), բազմազավակ ընտանիքների (4 և ավելի 18 տարեկանից փոքր երեխաներ ունեցող) երեխաները, ինչպես նաև հաշմանդամ ունեցող ընտանիքների երեխաները, ծերանոցում խնամվողները, Չեռնոբիլի վթարի վերացման աշխատանքների մասնակիցները, բռնադատվածներն ու ձերբակալվածները, ՀՀ պաշտպանության ժամանակ և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքի անդամները, զինծառայողները և նրանց ընտանիքի անդամները և այլն:

3. Անվճար են նաև 0-7 տարեկան երեխաների, 7-18 տարեկան դիսպանսեր հսկողության  տակ գտնվող երեխաների և 7-18 տարեկան հաշմանդամների սրտի բոլոր վիրահատությունները:

Բացի այդ, ինչպես նշեց Պողոսյանը, սոցիալապես անապահով և հատուկ խմբերի համար անվճար է նաև զոնդավորումը (կորոնորոգրաֆիա), որն արժի 150.000 դրամ:

Բուժվարչության պետը նաև նշեց, որ մոտ 4-5 տարի առաջ այս ոլորտում պետության հովանավորություն գրեթե չկար, և անվճար էին վիրահատվում միայն 0-7 տարեկան երեխաները և 7-18 տարեկան հաշմանդամները:

Դեռևս առկախ է մնացել միայն այսպես կոչված միջին խավի հարցը, որը թեև անապահով չի համարվում, բայց հիմնականում հնարավորություն չի ունենում վճարելու թանկարժեք վիրահատությունների համար…

http://www.gov.am/am/gov-decrees/item/335/ – այստեղ կարելի է ծանոթանալ կառավարության թիվ 318 որոշմանը:

http://www.moh.am/?section=static_pages/index&id=241&subID=655,95 – այստեղ կարելի է  գտնել հատուկ խմբի մեջ ընդգրկված մարդկանց ցանկը:

Դիտվել է 8540 անգամ:
Print Friendly

Մեկ մեկնաբանություն

  1. anahit ասում է՝

    hetaqrqir texekutyunner en

Leave a Reply