Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 20, 2010 13:52

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Արգենտինյան Հանրապետության նորանշանակ դեսպան Միգել Անխել Կունեոն:

Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպան Կունեոյին պաշտոնն ստանձնելու առթիվ եւ ասել, որ Հայաստանը կարեւորում է Արգենտինայի հետ հարաբերությունները եւ հետաքրքրված է դրանց հետագա զարգացմամբ: Նշելով, որ Հայաստանը Հարավային Ամերիկայում առաջին դեսպանությունը հիմնել է Արգենտինայում` Սերժ Սարգսյանը գոհունակությամբ ընդգծել է, որ երկկողմ հարաբերությունները զարգանում են վստահության մթնոլորտում: Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանը զգալի ներդրում կունենա փոխգործակցությունն առավել ամրապնդելու գործում եւ վստահեցրել է, որ առաքելության ընթացքում նա ամենայն աջակցություն կստանա Հայաստանի պետական մարմինների կողմից:

Դեսպան Միգել Անխել Կունեոն ասել է, որ իր երկիրը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ համակողմանի հարաբերությունների խորացմանը, ինչի վկայությունն է տարածաշրջանում առաջին դեսպանության հիմնումը Երեւանում, որի պաշտոնական բացումը տեղի կունենա մայիսի 21-ին` Արգենտինայի արտգործնախարար Խորխե Տայանայի մասնակցությամբ: Դեսպանը նաեւ տեղեկացրել է, որ եղել է հայ-արգենտինյան հարաբերությունների ակունքներում եւ 1992թվականին իր մասնակցությունն է ունեցել Արգենտինայի ու Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրության մշակմանը, որի իրականացնողն է այսօր:

Նախագահ Սարգսյանն ու դեսպան Կունեոն հայ-արգենտինյան համագործակցության ընդլայնման առաջնային խնդիր են համարել տնտեսական ակտիվության խթանումը: Կողմերը նշել են, որ երկկողմ իրավապայմանագրային դաշտը բավականին ընդգրկուն է, ինչը տնտեսական համագործակցությունն առաջ մղելու լավ հիմք է:

Զրուցակիցներն ընդգծել են արգենտինահայ համայնքի ներդրումը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում` ասելով, որ համայնքը յուրօրինակ կամրջի դեր է կատարում Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ: Նշվել է նաեւ, որ տեղի հայերն ակտիվորեն ներգրավված են հասարակական կյանքի տարբեր ոլորտներում, եւ նրանցից շատերը մեծ հաջողությունների են հասել:

Անդրադառնալով բազմակողմ ձեւաչափերում համագործակցությանը` Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Արգենտինայի հավասարակշիռ մոտեցումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում:-0-

Դիտվել է 1622 անգամ:
Print Friendly

Leave a Reply