Նախագահն ընդունել է Հայաստանում Բելգիայի դեսպանին
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | May 11, 2010 15:45Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բելգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեֆան Դե Լոկերը:
Սարգսյանը շնորհավորել է պարոն Դե Լոկերին դեսպանի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ նա զգալի ներդրում կկատարի Հայաստան-Բելգիա հարաբերությունների զարգացման գործում:
Նախագահը նշել է, որ Հայաստանը խորապես շահագրգիռ է` սերտացնելու հայ-բելգիական համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով: Կողմերը հատկապես կարեւորել են Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակում փոխգործակցությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային խնդիրների շուրջ: Դեսպան Դե Լոկերն ասել է, որ Բելգիայի կառավարությունը ողջունում է ՀՀ Նախագահի` Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը եւ աջակցություն է հայտնում այդ բարդ ու դժվարին գործընթացում:
Հանրապետության նախագահը դիվանագետի խնդրանքով ներկայացրել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի վերաբերյալ մեր երկրի մոտեցումները:
Սերժ Սարգսյանն ու Ստեֆան Դե Լոկերն անդրադարձել են նաեւ ՀՀ Նախագահի` Բրյուսել կատարելիք առաջիկա այցին` վստահություն հայտնելով, որ այն հայ-բելգիական հարաբերությունների հետագա զարգացման համար լրացուցիչ խթան կդառնա: