Միջոցառումներ Արգենտինայում՝ նվիրված երկու հաղթանակներին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 11, 2010 11:11

Մայիսի 9-ին Արգենտինայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ Բուենոս Այրեսում կայացել են միջոցառումներ` նվիրված Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակին եւ Շուշիի ազատագրման 18-ամյակին:

Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Արգենտինայի թեմի առաջնորդ Գիսակ Արք. Մուրադյանը մատուցել է Սուրբ պատարագ եւ կատարել հոգեհանգստի արարողություն:  Այնուհետեւ տաճարի բակում գտնվող Արցախի հերոսներին նվիրված հուշարձանի մոտ կայացել է հանդիսություն, որի ընթացքում հավաքվածներին է դիմել Արգենտինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը:

Իր  խոսքում դեսպանը որոշակի զուգահեռներ է անցկացրել Մեծ Հայրենականի եւ Շուշիի հաղթանակների միջեւ` նշելով, որ Հայրենական Մեծ պատերազմի հազարավոր հայորդիների հերոսական սխրանքը օրինակ է ծառայել Լեռնային Ղարաբաղի անկախության համար մղված պայքարում: Վլադիմիր Կարմիրշալյանը կոչ է արել արգենտինահայությանն էլ ավելի համախմբվել Մայր Հայրենիքի շուրջ` հանուն Հայաստանի ու Արցախի բարգավաճմանն ու ապահովությանը:

Բուենոս Այրեսում Հայաստանի դեսպանության եւ համայնքային կառույցների անունից ծաղկեպսակներ ու ծաղիկներ են  դրվել Արցախի հերոսների հուշարձանի մոտ:

Դիտվել է 998 անգամ:
Print Friendly

Leave a Reply