Սերժ Սարգսյան. «Մենք հպարտ ենք մեր հաղթանակներով»

Պաշտոնական, Օրվա լուր | | May 8, 2010 16:08

Նախագահի  ուղերձը հաղթանակի օրվա կապակցությամբ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հարգելի՛ վետերաններ,

Շնորհավորում  եմ ձեզ Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ։

Հայրենական  մեծ պատերազմի հաղթական ավարտը մեր  ժողովրդի և երկրի համար պատմական իրադարձություն էր, որ դարձավ նոր մեկնարկ, խաղաղ ու ստեղծագործ աշխատանքով մեր տնտեսությունն ու մշակույթը նոր մակարդակի բարձրացնելու հզոր ազդակ։ Այդ հաղթանակի համար մեր ժողովուրդը ոչինչ չխնայեց։ Տվեցինք մեծաթիվ զոհեր, որոնց հիշատակը վառ են պահելու նաև մեր զավակները: Ունեցանք հերոսներ ու զորավարներ, որոնց սխրանքը, որպես հայրենասիրության ու ռազմարվեստի օրինակ, ոգեշնչելու է ներկա ու գալիք սերունդներին։

Ճակատագրի բերումով 1992 թվականի նույն այս  օրը հայոց պատմությունն արձանագրեց նոր հաղթանակ։ Շուշիի ազատագրումը փառք ու պատիվ բերեց հայոց անվեհեր ռազմիկներին։ Դա մեր պատասխանն էր նրանց, ովքեր մեր ժողովրդի դեմ սանձազերծեցին էթնիկ զտումներ, կոտորածներ ու պատերազմ: Հայ ժողովուրդն այլևս վճռական է ազատ ապրելու և չհանդուրժելու իր դեմ կիրառվող որևէ բռնություն։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մենք խոնարհվում ենք մայիսյան հաղթանակները կռող անմահների հիշատակի առջև։ Նրանք  արյամբ նվաճեցին մեր ժողովրդի ապրելու  և զարգանալու իրավունքը, պատմական հնարավորությունն ու հեռանկարը։ Մենք երախտապարտ ենք նրանց։

Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս մեծ  տոնի առթիվ։ Մենք հպարտ ենք մեր  հաղթանակներովև դրանք ամրապնդելու  ենք ստեղծագործ աշխատանքով։

Դիտվել է 1210 անգամ:
Print Friendly

Leave a Reply